ՌԴ-ի ու Թուրքիայի միջև լրացուցիչ Ս–400-ների բանակցություններ են ընթանում

Ռուսաստանը Թուրքիային կվաճառի Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ գնդային լրակազմը։ Դրա համար Թուրքիային տրվել է տեխնիկական առաջադրանք, որը նախատեսում է Թուրքիայից նախագծին տեխնիկական աջակցություն, մասնավորապես համակարգի համար նախատեսված առանձին մասերի տեղական արտադրություն։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռոսօբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, նշելով, որ համապատասխան պայմանագիրը նախատեսում են կնքել 2020թ․ առաջին կիսամյակում։

Միխեևը չի նշել, թե Թուրքիայում համակարգի որ մասերի արտադրությունն են նախատեսում։

«Կարելի է ասել, որ այս պահին թուրքական կողմի հետ տեխնիկական հարցերը լուծված են, բանակցություններ են ընթանում ֆինանսական մասի շուրջ։ ․․․ Սակայն ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը չի սահմանփակվում միայն Ս-400-ների մատակարարումներով։ Մենք առաջիկայում մեծ պլաններ ունենք»,– հավելել է Միխեևը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Ռուսաստանը 2017թ․ դեկտեմբերիին կնքեցին Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման 2,5 մլրդ դոլար արժեցող գործարք, որը նախատեսում էր ռուսական համակարգերի 4 դիվիզիոնի վաճառք։

Մատակարարումները Թուրքիա սկսեցին 2019թ․ հուլիսի 12-ին և ըստ Միխեևի՝ արդեն ամբողջությամբ իրականացվել են։ Նախատեսվում է նաև այս տարվա վերջին ավարտել թուրք մասնագետների վերապատրաստումները։

Ռուսական համակարգերը Թուրքիայում փորձարկեցին նոյեմբերի 25-26-ին։ Ս-400-ների ռադարների փորձարկման համար փորձնական թռիչքներ էր իրականացնում նաև ամերիկյան F-16 կործանիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *