ՌԴ նախագահը հնարավոր է մեկնի Թուրքիա՝ Իդլիբի հարցը քննարկելու

Մարտի 5-ին նախատեսվում է Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որն ամենայն հավանականությամբ կանցկացվի Ստամբուլում։ Դեռ հստակ չէ այն երկկողմ, թե քառակողմ է լինելու։

Այս մասին Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էրդողանը, նշելով, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Պուտինն ասել է, որ հարցը կարելի է լուծել նաև երկուսով։

«Ասացի՝ դա էլ կարող է լինել, քառակողմ էլ կարող է լինել։ Այս պահին Իդլիբում երկուսիս որոշումը մեծ կարևորություն ունի»,֊ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ֊ին իր տարածքում Patriot ՀՕՊ համակարգեր տեղակայելու համար, սակայն նշել է, որ այս պահին ԱՄՆ֊ն չի կարող տրամադրել դրանք․

«Մենք մեր առաջարկն արել ենք․ «եթե մեզ Patriot ուղարկեք, մենք ձեզնից էլ Patriot կգնենք»։ Իմ տվյալներով նրանք այս պահին չունեն Patriot, որ տրամադրեն մեզ։ ․․․ Այժմ մեզ մոտ միայն Իսպանիայի Patriot֊ներն են, բացի դրանից այլ բան չի քննարկվում։ Մեր ամեն հանդիպմանն էլ Patriot֊ը քննարկվող հարցերից է»,֊ նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Իդլիբում իրավիճակը սրվել է հունվարի վերջից։ Էրդողանը մեղադրում էր ռուսական կողմին 2018թ․ սեպտեմբերի 17-ի Սոչիի համաձայնագրին չհետևելու համար ու սպառնում էր Իդլիբում նոր գործողություն սկսել։

Փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ Իդլիբի Նայրաբ բնակավայրում նոր ռազմագործողություն սկսեցին Սիրիայի բանակի դեմ ու փետրվարի 24-ին գրավեցին այն։ Այս բնակավայրը Սիրիայի բանակն ազատագրել էր զինյալներից փետրվարի սկզբին։

Փետրվարի 20-ին նաև տեղեկություններ տարածվեցին, թե Թուրքիան դիմել է ԱՄՆ֊ին, որ վերջինս Patriot ՀՕՊ համակարգերի երկու մարտկոց տեղակայի իր հարավային սահմանին՝ Սիրիայի բանակի ու ռուսական ուժերի ավիացիոն հարվածներից պաշտպանվելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *