[Թարմացված] Թուրքիան ԱՄՆ-ից Patriot է խնդրել Սիրիայում պաշտպանվելու համար․ Bloomberg

Թուրքիան դիմել է ԱՄՆ֊ին, որ վերջինս Patriot ՀՕՊ համակարգերի երկու մարտկոց տեղակայի իր հարավային սահմանին՝ Սիրիայի բանակի ու ռուսական ուժերի ավիացիոն հարվածներից պաշտպանվելու համար։

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը հղում անելով թուրք պաշտոնյային, որի անունը չի նշվում։

[Թարմացում] Ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը գրում է, որ թուրքական պաշտոնական աղբյուրը հերքել է այս տեղեկությունը։ [Թարմացում]

Ըստ աղբյուրի Թուրքիան այժմ սպասում է ԱՄՆ պատասխանին։ Դիմումն անցած շաբաթ ուղարկվել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջեյմս Ջոֆրիին։

«Անկարան կարող էր Իդլիբում Ասադի հավատարիմ ուժերին հարվածելու համար օգտագործել F-16 կործանիչները, եթե Patriot֊ները տեղակայված լինեին հարավային Հաթայ նահանգում»,֊ ասել է թուրք պաշտոնյան։

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին
Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Հիշեցնենք, որ Թուրքիան 2019թ․ հուլիսին Ռուսաստանից ստացավ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը, որոնք նախատեսում է գործարկել այս գարնանը։ Ռուսական համակարգերի գնման համար ԱՄՆ֊ն որոշեց Թուրքիային հեռացնել F-35 կործանիչների ծրագրից։

Թուրքիան ի պատասխան նշում էր, որ ժամանակին ԱՄՆ֊ից Patriot է ուզել, սակայն իրեն ամերիկյան կողմը մերժել է։

Հավելենք, որ այժմ Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված են ՆԱՏՕ անդամ Իսպանիայի Patriot ՀՕՊ համակարգերը, իսկ Քահրամանմարաշում են (Մարաշ) իտալացիների SAMP/T ՀՕՊ համակարգերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *