Թուրքիան մինչև մարտ կհանվի F-35-երի մատակարարման շղթայից. Jane’s

Պենտագոնն իր դիրքորոշումը չի փոխել Թուրքիային F-35-երի ծրագրից հեռացնելու հարցում, քանի որ Թուրքիան որևէ քայլ չարեց ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի հարցով։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի փոխքարտուղար Էլլեն Լորդը, փոխանցում է բրիտանական “Jane’s” ռազմական հանդեսը: Նշվում է, որ Թուրքիան կհեռացվի կործանիչների մատակարարման շղթայի մեծ մասից մինչ 2020թ. մարտ ամիսը՝ այն վերջնաժամկետը, որն ԱՄՆ-ն հայտարարել էր Թուրքիային F-35-երի ծրագրից վերջնականապես հեռացնելու համար։

Ըստ աղբյուրի՝ մատակարարման շղթայից Թուրքիային հանելու համար ԱՄՆ ծախսելու է մոտ 500-600 մլն դոլար։ Մինչ այդ՝ կործանիչի մոտ 900 մաս, այդ թվում՝ ինքնաթիռի հիմնական «կմախքը» (ֆյուզելյաժ), արտադրվում էր Թուրքիայում։

Հիշեցնենք, որ 2019թ․ նոյեմբերի 14-ին Վաշինգտոնում Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո նախագահները հայտարարեցին, որ կողմերի արտգործնախարարներն ու անվտանգության խորհրդականները կշարունակեն բանակցել Ս-400-ների խնդրի շուրջ։ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ իր պատրաստակամությունն է հայտնել ամերիկյան կողմին Patriot ՀՕՊ համակարգերը գնելու համար։

Հավելենք, որ 2019թ․ հուլիսի 17-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նախատեսվում է հեռացման գործընթացն ավարտել մինչև 2020թ․ մարտ։

Դրանից հինգ օր առաջ՝ հուլիսի 12-ին, Թուրքիան սկսեց ստանալ ռուսական Ս-400-ների առաջին խմբաքանակը, որոնք այժմ տեղակայված են մայրաքաղաք Անկարայի մոտակայքում՝ «Աքընջը» ավիաբազայում, և նախատեսվում է գործարկել 2020թ․ գարնանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *