Մեր առաջարկը հայերին դեռ ուժի մեջ է. Էրդողան-Թրամփը հանդիպումը

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում էր Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտոնական այցի շրջանակներում եղավ նաև Թրամփ–Էրդողան հանդիպում, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս անցկացրին։

Փակ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին․

  • Իրավիճակը Սիրիայում;
  • F-35 ամերիկյան կործանիչների և Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը;
  • Երկկողմ տնտեսական հարաբերությունները;
  • Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված նախագիծը։

Դոնալդ Թրամփի հայտարարությունները.

Ասուլիսի սկզբում ԱՄՆ նախագահն ընգծեց, որ Թուրքիան ՆԱՏՕ դաշնակից է և ԱՄՆ ռազմավարական գործընկերը։ Բացի այդ՝ ՆԱՏՕ դաշնակիցների մեջ Թուրքիան ԱՄՆ–ից հետո երկրորդ ամենամեծ բանակն ունեցող երկիրն է։ Թրամփը նշեց, որ կողմերը՝ թե՛ անձնական, թե՛ պետական մակարդակով, մտերիմ են։

Անդրադառնալով Սիրիայում իրավիճակին, Թրամփը նշեց հոկտեմբերի 17–ին Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության հետ ձեռք բերված համաձայնությունն, ըստ որի՝ Սիրիայում հաստատվեց 120-ժամանոց դադար, «որի ընթացքում քրդական ուժերը պետք է դուրս գային Թուրքիայի հռչակած անվտանգության գոտու տարածքից»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիան աջակցել է ԱՄՆ–ին նաև ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության գործընթացում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը համատեղ մամուլի ասուլսին

Խոսելով ռուսական Ս-400 համակարգերի մասին, որոնք այս տարի մատակարարվեցին Թուրքիա, Թրամփն ասաց, որ այդ հարցը կողմերը քննարկել են և առաջիկայում էլ քննարկելու են․

«Մենք խնդրել ենք մեր արտգործնախարարներին և ազգային անվտանգության խորհրդականներին, որ աշխատեն Ս-400-ների խնդրի լուծման ուղղությամբ»,– հայտարարեց Թրամփը։

ԱՄՆ նախագահը հավելեց, որ Թուրքիայի հետ աշխատելու են նաև 100 մլրդ դոլարի երկկողմ առևտրային պայմանագրի շուրջ, ինչը 4 անգամ ավելացնելու է ներկայիս համագործակցությունը։ Այս պայմանագրի շուրջ բանակցությունները Թրամփի հրամանով դադարեցվել էին հոկտեմբերի 14–ին, երբ Սիրիայի հյուսիս–արևելքում թուրքական «խաղաղության ակունք» գործողությունը դեռևս ընթացքի մեջ էր։

Ռ. Թ. Էրդողանի հայտարարությունները.

Իր ելույթում Էրդողանն անդրադարձավ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված նախագծին, նշելով, որ «որոշ շրջանակներ փորձում են պատմական հարցերը խեղաթյուրելով» ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում նոր խնդիրներ առաջացնել․

«104 տարի առաջ պատերազմի պայմաններում եղած իրադարձությունների շուրջ որոշում կայացնողները ոչ թե քաղաքագետները պիտի լինեն, այլ պատմաբանները։ ․․․ Բացահայտ ասում եմ՝ Թուրքիան այս հարցում կողմ է երկխոսությանն ու ազատ քննարկմանը։ Պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին մեր առաջարկը հայկական կողմին դեռ ուժի մեջ է։ Մենք մեր բոլոր արխիվները բացել ենք, մեր զինված ուժերի արխիվներում 1 մլն-ից ավելի փաստաթուղթ կա և նրանք ամեն պահի կարող են գալ ու դրանք ուսումնասիրել»,– հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը համատեղ մամուլի ասուլսին

Անդրադառնալով Ս-400-ների խնդրին, Էրդողանը նշեց, որ Թրամփին կրկին հայտնել է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի գնելու թուրքական կողմի պատրաստակամության մասին։


Նշենք, որ Էրդողան–Թրամփ մամուլի ասուլիսին ներկա էին նաև ԱՄՆ Կոնգրեսի 5 սենատոր, որոնց թվում էր նաև կոնգրեսական Լինդսի Գրահամը։ Նա հոկտեմբերի 10–ին Սենատի քննարկմանն էր դրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախագիծը։

Հարկ է նշել, որ սենատոր Գրահամը երեկ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո է սահմանել Սենատի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի քննարկման համար։


Հավելենք, որ Էրդողան–Թրամփ հանդիպումը նախապես որոշված էր մինչ Սիրիայի հյուսիս–արևելքում թուրքական գործողության մեկնարկը։ Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զորքերը դուրս են գալու Սիրիայից ու չեն միջամտելու թուրքական գործողությանը։

Թուրքիան ռազմագործողությունը սկսեց հոկտեմբերի 9-ին, որից մի քանի օր հետո Թրամփը սկսեց սպառնալ, որ սխալ քայլերի դեպքում կարող է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը։ Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նկատմամբ մի քանի պատժամիջոց սահմանվեց, որոնք հրադադարից հետո հանվեցին։

Թուրքական գործողությունը դադարեց հոկտեմբերի 17-ի՝ թուրք ամերիկյան և հոկտեմբերի 22-ի թուրք–ռուսական համաձայնություններից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *