Ս–400-ներն արդեն Թուրքիայում են. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի համար նախատեսված Ս–400 ՀՕՊ համակարգերի առաջին մարտկոցի պահեստամասերն արդեն Թուրքիայում են և այսօր՝ հուլիսի 12-ին, ուղարկվելու են մայրաքաղաք Անկարայից ~30-35 կմ հյուսիս–արևմուտք տեղակայված «Մյուրթեդ» (նախկին անունը՝ «Աքընջը») ավիաբազա։

Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, հայտարարությունը փոխանցում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության յութուբյան ալիքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է ինչպես են ավիաբազայում բեռնաթափում Ս-400-ների պահեստամասերը։

Նշենք, որ «Աքընջը» ավիաբազան պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։ Այստեղ ժամանակին տեղակայված էր 4-րդ հիմնական ինքնաթիռային բազայի հրամանատարությունը, սակայն Թուրքիայի կառավարությունը 2016թ. հուլիսի 15-16–ի ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում ընդունեց ավիաբազան փակելու մասին, քանի, որ զինվորականների մեկնարկային կետը եղել էր հենց այս ավիաբազան։ Հեղաշրջման փորձի ժամանակ այստեղից էին դուրս եկել F-16 ինքնաթիռներն ու այլ ուղղաթիռներ, ինչպես նաև զինվորականները, որպես գերի, այստեղ էին տարել Թուրքիայի ԶՈւ այն ժամանակվա ԳՇ պետ Հուլուսի Աքարին։ Այժմ ավիաբազան վերաբացվել է փոփոխված անունով։

Հատկանշական է, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականը դեռ գործարքի սկզբից մի քանի անգամ պնդում էր, որ Ս–400-ները տեղակայվելու են «Աքընջը» ավիաբազայում, սակայն թուրքական մեդիայում սրան հակասող մի շարք կարծիքներ կային։

Ս–400-ներն արդեն Թուրքիայում են։ Ծաղրանկարի հեղինակ՝ Վիտալի Պոդվիցկի
Ս–400-ներն արդեն Թուրքիայում են։ Ծաղրանկարի հեղինակ՝ Վիտալի Պոդվիցկի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *