Ադրբեջանում այսօր մեկնարկում է 2 առանձին զորավարժություն

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ համատեղ «ԹուրԱզ Գարթալը – 2019» (ԹուրԱզ բազե), ինչպես նաև Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ Eternity-2019 զորավարժությունները:

«ԹուրԱզ Գարթալը – 2019» զորավարժությանը մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ, P-235 բեռնատար ինքնաթիռ, UH-70 և CH-47 բազամաֆունկցիոնալ, բեռնատար, ինչպես նաև AH-1W «Աթաք» հարվածային ուղղաթիռներ: Ադրբեջանական կողմից ներգրավվելու են ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ: Զորավարժությունը տևելու է մինչև սեպտեմբերի 16-ը:

Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ օդաչուները Ադրբեջանում
Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ օդաչուները Ադրբեջանում

Երկու երկրները համատեղ ՌՕՈւ զորավարժություններ անում են պարբերաբար: «ԹուրԱզ» զորավարժությունները անցկացվում են 2014-ից՝ ամեն տարի: 2018-ին այն անցկացվել էր Թուրքիայում:

Այս զորավարժություններին, ըստ էության, բացի ավիացիոն միջոցներից ներգրավվում է նաև ՀՕՊ-ը: Դրա մասին է վկայում Ադրբեջանի ՊՆ նախարարի հարցազրույցը, որտեղ Հասանովը պատմում էր, որ վարժանքներին Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները հարձակում են իրականացրել Ադրբեջանի ՀՕՊ համակարգի դեմ՝ պարզելու համար, թե կկարողանա արդյոք իրենց ՀՕՊ-ը դիմագրավել հարձակմանը: Ըստ Հասանովի՝ արդյունքը դրական էր եղել, իրենք կարողացել են դիմագրավել:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը ամեն տարի Թուրքիայում մասնակցում է մի քանի զորավարժությունների, այդ թվում՝ «Անատոլիա արծիվ», «Անատոլիայի փյունիկ», «ԹուրԱզ բազե», «Էֆես», «Կովկասյան արծիվ», ինչպես նաև ցամաքային այլ զորավարժություններ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքում։

Նույն օրը զուգահեռ մեկնարկում է նաև Eternity-2019 զորավարժությունը՝ կրկին Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստաի ԶՈւ ներգրավմամբ: Սա ևս ամենամյա զորավարժություն է և անցկացվում է երեք երկրներում ռոտացիոն սկզբունքով: Վարժանքները միտված են երեք երկրների էներգետիկ համատեղ ծրագրերի պաշտպանությանը: Վարժանքները տևելու են մինչև սեպտեմբերի 6-ը: Նախորդ տարի անցկացվել են Թուրքիայում:

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները զորավարժությունից առաջ
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները զորավարժությունից առաջ

Հիշեցնենք, որ երեք երկների ռազմական գերատեսչությունների ղեկավարները այս տարվա հունիսին ունեցել էին համատեղ հանդիպում Գաբալայում: Հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ «այս տարի Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնելու են համատեղ 13 զորավարժություն՝ ի համեմատ 2018թ. 7 զորավարժության»։ Ըստ նրա՝ հանդիպմանը կողմերը զորավարժությանը մասնակցելու են հրավիրել Վրաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *