«Ռազմինֆոն» մեկնաբանում է Զաքիր Հասանովի հարցազրույցը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հարցազրույց էր տվել ադրբեջանական պետական «ԱզԹՎ» հեռուստաընկերությանը, որը հեռարձակվել էր ապրիլի 3-ին:

Ծավալուն հարցազրույցում Հասանովը խոսել է 2016թ. ապրիլյան մարտերից, Ադրբեջանի բանակին վերաբերող տարբեր հարցերից՝ առիթը բաց չթողնելով ամեն ինչի համար Իլհամ Ալիևին գովելու և շնորհակալություն հայտնելու: Ընդհանուր հարցազրույցից կարևոր դրվագները պայմանականորեն բաժանել ենք մասերի, որոնք կետերով ներկայացնում ենք ստորև:

Ապրիլյան պատերազմ

• Հարցազրույցում Զաքիր Հասանովը պնդում է, որ Ադրբեջանի բանակի «20%-ը 4-5 օրում ջախջախել է Հայկական բանակին»: Երկու տարի առաջ էլ Հասանովը  «ՌԻԱ» լրատվական գործակալությանն էր ասել, որ ապրիլյան մարտերին «գործադրվել էր իրենց բանակի շուրջ 15-20%-ը»:

• Խոսելով կորուստներից՝ նշում է, որ իրենք «3 անգամ քիչ կորուստ են ունեցել, քան հայկական կողմը, այն դեպքում, երբ հակահարձակվում էին»: Նույն հարցազրույցում Հասանովը գնահատականներ է տալիս հայկական  կորուստների մասին՝ շեշտելով, թե «հայկական կողմը ունեցել է 300-ից ավելի զոհ, 1000-ի չափ վիրավոր, 500-ն էլ ծանր:»

Զաքիր Հասանովի թվերը և տրամաբանությանը հակասում են իրենց իսկ ՊՆ-ի հայտարարություններին: Ենթադրենք՝ հայկական կողմը ունեցել է 300-ից ավել զոհ ու 1000 վիրավոր, ու միևնույն ժամանակ իրենք 3 անգամ քիչ են ունեցել, ապա ստացվում է որ Ադրբեջանական կողմը պետք է ունեցած լինի առնվազն 100 զոհ և 330 վիրավոր. սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ընդհանուր միայն 31 զինծառայողի մահվան մասին՝ այնուհետև չթարմացնելով նշված տվյալը:

• Հասանովը, անդրադառնալով նաև տեխնիկայի կորուստներին, խոսքի մեջ նշել է, թե հայկական կողմը կորցրել է 33 տանկ: Սա ևս հակասում է Ադրբեջանի ՊՆ նախկիում արած հայտարարություններին, ըստ որոնց՝ հայկական կողմը կորցրել էր ընդհանուր 24 տանկ: 

• Հասանովը խոստովանել է, որ ռազմական գործողությունները համակարգել է հենց անձամբ ինքը. սկզբում՝ հարավում, ապա՝ հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ: Հասանովը մասնավորապես ասել է.


«Անձամբ ես առաջին հարձակումը սկսելու ժամանակ Լելե Թեփեի շրջանում էի։ Իմ հրամանատարական կետը այդ տարածքում էր։ Ես այդ ամենը իմ աչքով եմ տեսել ու այնտեղից էի ղեկավարում։ Հետո տեղս փոխեցի դեպի Թալիշի շրջան»։

Ռազմարդյունաբերություն, ռազմական կրթություն և շինարարություն

• Հասանովը հայտարարել է, որ «Ազերսիլահը*» բանակին ամբողջությամբ ապահովում է զինամթերքով, ինչպես նաև զբաղվում է զինտեխնիկայի վերանորոգմամբ:

*  «Ազերսիլահը» Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության փախարեն ստեղծված բաց բաժնետիրական ընկերություն է, որը կարգավորում է այդ ոլորտը: 

• Ռազմակրթական ոլորտից խոսելիս նշել է, որ իրենց կադրերը ուսանում են 10-ից ավելի երկրների ռազմական դպրոցներում և ակադեմիաներում, պատրաստվում է նաև դասախոսական անձնակազմը, ինչպես նաև փոխառում են Թուրքիայի ռազմական փորձը:

• Հայտնել է, որ բերելավվել են իրենց զորամասերի 90 տոկոսի շենքային պայմանները, իսկ եկող տարի՝ 2020-ին բարեկարգված կլինեն բոլորը:

Զորավարժություններ

• Ըստ Հասանովի՝ անցկացվող զորավարժությունների հիմնական նշանակություններից մեկը զորքերի ղեկավարման կարողությունների ամրապնդումն է: Հայտնում է, որ ինքը հանձնարարել է գալիք զորավարժությանը ավելացնեն անձնակազմի վրա հոգեբանական ազդեցության գործոնը, որ անձնակազմը իրականին ավելի մոտ մարտական պայմաններում զգա: Հատուկ ուշադրություն է դարձրել գիշերային զորավարժություններին՝ շեշտելով որ իրենք 3-4 բրիգադի կազմով կարողանում են գիշերային մարտական զորավարժություններ անել:

•  Հասանովը երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների մասին խոսելիս նշել է, որ, մասնավորապես, Թուրքիայի, ինչպես նաև Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրեր ունեն, Պակիստանն էլ է «ներգրավվելու այդ գործին»: 

• Անդրադառնալով Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին՝ խոսել է երկու երկրների ռազմաօդային ուժերի վարժանքներից: Ըստ դրա՝ վարժանքներին Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները հարձակում են իրականացրել Ադրբեջանի ՀՕՊ համակարգի դեմ՝ պարզելու համար, թե կկարողանա արդյոք իրենց ՀՕՊ-ը դիմագրավել հարձակմանը: Ըստ Հասանովի՝ արդյունքը դրական է եղել, իրենք կարողացել են դիմագրավել: 

• Վրաստանի, Թուրքիայի հետ համատեղ եռակողմ զորավարժությունները Հասանովը պայմանավորել է տնտեսական ծրագրերի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

Արձագանք Դավիթ Տոնոյանի հայտարարությանը

Հարցազրույցի վերջաբանում լրագրողը խնդրում է մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, իսկ Հասանովը հարցը տեղափոխում է անձնական հարթություն: 

Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում ադրբեջանցիների «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը վերաձևակերպել էր «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով, ինչպես նաև նշել, որ հայկական բանակը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։

Հասանովը հարցը տեղափոխեց անձնական հարթություն, շահարկելով թե «Դավիթ Տոնոյանը զինվորական չէ*» ու թե «դրա համար էլ տեղյակ չէ իր ղեկավարած բանակի կարողություններից», ապա հայտարարեց, թե հայերը «հարձակում իրականացնեին, ես նրա հետ Երևանում կհանդիպեի»:

*ՀՀ ՊՆ պաշտոնը քաղաքացիական է

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *