Ռուսական «Տոռ–Մ2» ԶՀՀ-ները մարտական փորձարկում են անցել Սիրիայում․ կոնստրուկտոր

«Տոռ–Մ2» զենիթահրթիռային համալիրը հաստատել է իր բնութագիրը ոչ միայն փորձարկումների ու կրակային պարապմունքների ժամանակ, այլ նաև իրական մարտական գործողություններում։ Այս մասին ասում է Ռուսաստանի Իժեվսկ քաղաքի «Կուպոլ» էլեկրամեխանիկական գործարանի տնօրեն Ֆանիլ Զիյատդինովը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գործարանի տնօրենը չի նշել, թե որտեղ է մարտական գործողությունների ժամանակ կիրառվել «Տոռ–Մ2» ԶՀՀ–ն։ Սակայն պետական «Վիմպել» կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Վիկտոր Ելեցկին, որը «Տոռ–Մ2»–ի համար նախատեսված 9Մ338 հրթիռն է ստեղծել, հարցազրույցի ժամանակ նշել է, որ թեև արդյունավետ որոշում չէ թանկարժեք հրթիռով ԱԹՍ խոցել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է, ինչի փորձը կա Սիրիայում։

Նախկինում «Տոռ–Մ1» և «Տոռ–Մ2» ԶՀՀ–ները զինված էին 9Մ331 հրթիռներով, իսկ 9Մ338 հրթիռները փորձարկումներն անցել էին դեռևս 2013 թվականին։

«Տոռ–Մ2»–ը փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության միջոց է։ ԶՀՀ–ի գլխավոր առանձնահատկությունը շարժման ընթացքում թիրախը խոցելու հնարավորությունն է։ Կրակի առավելագույն հեռավորությունը 15 կմ է, բարձրությունը՝ 10 կմ։

Համեմատած նախկին մոդիֆիկացիաների («Տոռ», «Տոռ–Մ1» և այլն) հետ՝ «Տոռ–Մ2»-ը կրում է 2 անգամ ավելի շատ կառավարվող հրթիռ՝ նախկին 8-ի փոխարեն 16-ը։ Ռուսական բանակի սպառազինությունում առկա է 120 միավոր «Տոռ»–ի տարբեր մոդիֆիկացիաներ։

2018-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ Հայաստանը նույնպես գնում է «Տոռ» ԶՀՀ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Շամանովը հայտարարել էր, որ Սիրիայում փորձարկվել է ավելի քան 200 տեսակ զինտեխնիկա։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *