Թուրքիան՝ որպես հարևան․ Թուրքիայի երկակի խաղն Իրաքյան պատերազմում (Մաս 1)

Ռազմինֆոն ներկայացնում է «Թուրքիան՝ որպես հարևան. ռիսկերի վերլուծություն» հոդվածաշարի երկրորդ մասը. թուրք-իրաքյան հարաբերությունները 2003-2018թթ.։ Ուսումնասիրվող ժամանակահատվածն սկսում է Թուրքիայում այժմ էլ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով։


2003թ. Իրաք ներխուժելուց առաջ ԱՄՆ-ն դիմեց Թուրքիային՝ նրա տարածքում զինտեխնիկա ու զորք տեղակայելու, այդտեղից Իրաքի հյուսիսային սահմանը հատելու և հյուսիսից Սադամ Հուսեյնի դեմ ռազմաճակատ բացելու համար։ Մինչ Անկարան կկայացներ իր որոշումն, ամերիկյան զինտեխնիկայով ռազմանավերն արդեն Թուրքիայի ճանապարհին էին։

Այնուհանդերձ, Թուրքիայի Ազգային ժողովը 2003թ. մարտի 1-ին մերժեց ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում պատերազմին մասնակցելու, ինչպես նաև ամերիկյան 60 հզ-ոց զորքին Թուրքիայի ռազմաբազաներն ու օդային տարածքը տրամադրելու առաջարկը։

Ռազմական օգնության դիմաց ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել էր 6 մլրդ դոլարի օգնություն և 24 մլրդ դոլարի վարկի երաշխիք։ Բացի այդ՝ նախատեսվում էր, որ Թուրքիան հնարավորություն կստանա Իրաքի հյուսիսում ձևավորված Քրդստանի սահմանին զորք տեղակայելու՝ Բաղդադի անկումից հետո դրա հնարավոր անկախացումը կանխելու համար (Անկարան վախենում էր, որ Քրդստանի անկախացումը կարող է ակտիվացնել Թուրքիայի քրդերի անջատողական նկրտումները)։

Թուրքիայի տարածքում ԱՄՆ զորքերի տեղակայման առաջարկի մերժումը դարձավ ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների վատթարացման պատճառ․ Վաշինգտոնը հայտարարեց, որ չի տրամադրի օգնությունն՝ անկախ հետագա զարգացումներից։ Ավելին՝ ամերիկյան կողմը սկսեց ճնշել Թուրքիային, որ վերջինս թույլ տա ամերիկացի ռազմական ինժեներներին և տեխնիկներին տեղակայվել թուրքական մի քանի ավիաբազաներում և նավահանգիստներում՝ պատերազմին պատրաստվելու համար։ Բացի այդ՝ ԱՄՆ-ն զգուշացրեց Թուրքիային զորք չմոտեցնել Իրաքյան Քրդստանի սահմանին, քանի որ դա կդառնա «թուրքերի և քրդերի միջև նոր ճգնաժամի պատճառ»։

Ի վերջո՝ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի դիմումի հիման վրա, մարտի 20-ին Թուրքիայի խորհրդարանը թույլատրեց ԱՄՆ-ին օգտվել իր օդային տարածքից, սակայն մերժելով կոալիցիոն ուժերին տրամադրել իր ռազմաբազաները։ Օդային տարածքների օգտագործման դիմաց ԱՄՆ-ն Թուրքիային տալու էր 1 մլրդ դոլարի օգնություն և 8,5 մլրդ դոլարի վարկի երաշխիք։ Նույն օրը Թուրքիան նաև լրացուցիչ զորք տեղակայեց Իրաքի սահմանի Քրդստանի հատվածում։ Իսկ ներխուժումից ու Բաղդադը գրավելուց հետո՝ ապրիլին, Թուրքիան թույլատրեց ԱՄՆ-ին իր տարածքով վառելիք ու սննդամթերք մտցնել Իրաք։

Ինչո՞ւ Թուրքիայի խոհրդարանը մերժեց ԱՄՆ սկզբնական առաջարկը․ Նախ՝ Անկարան անհանգստանում էր հիշելով 1991թ. Ծոցի պատերազմի արդյունքները․ Այդ պատերազմում Թուրքիան, Իրաքի վրա հարձակվելու համար, ԱՄՆ-ին թույլ էր տվել օգտագործել Ադանայում տեղակայված իր «Ինջիրլիք» ավիաբազան։ Պատերազմի ավարտից շատ չանցած Իրաքի ամբողջ տարածքում ապստամբություններ էին սկսվել Սադդամ Հուսեյնի իշխանության դեմ։ Հյուսիսում ապստամբել էին քրդերը, իսկ Թուրքիան կարծում էր, որ դա կարող է վատ օրինակ ծառայել իր տարածքում ապրող քրդերի համար։

Բացի այդ՝ Ծոցի պատերազմից տուժել էր [1] նաև Թուրքիայի տնտեսությունը, ինչը ևս մի պատճառ էր ամերիկացիների առաջարկը չընդունելու։

Ավելին՝ Իրաքի դեմ պատերազմին մասնակցությանը դեմ էր նաև Թուրքիայի բնակչության մոտ 80%-ը, երկրում պարբերաբար բողոքի ցույցեր էին լինում։

Սակայն, մեր կարծիքով առաջարկի մերժումը հիմնականում պայմանավորված էր մի քանի ամիս առաջ՝ 2002թ. նոյեմբերին, իշխանության եկած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության ներսում առաջացած լարվածությամբ և անվստահությամբ։

Հարկ է նշել, որ կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ էրդողանը սկզբում չէր կարող ընտրվել երկրի վարչապետ, քանի որ իր վրա նախկինում դատապարտված լինելու համար իրավական արգելք կար։ Այդ պատճառով Թուրքիայի վարչապետ էր նշանակվել ԱԶԿ փոխնախագահ Աբդուլլահ Գյուլը։

Խորհրդարանում մեծամասնություն կազմող ԱԶԿ–ի ընդունած իրավական փոփոխությամբ, սակայն, Էրդողանը կարողացավ 2003թ. մարտի 14-ին (Բաղդադի վրա կոալիցիայի հարձակումից ընդամենը 6 օր առաջ) դառնալ Թուրքիայի ղեկավար։ Գյուլը ստանձնեց միաժամանակ փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։

Մինչ վարչապետի ընտրության հարցը կկարգավորվեր, Գյուլն ու Էրդողանը ծավալում էին իրարից անկախ գործունեություն։ Ինչպես «12 տարի Աբդուլլահ Գյուլի հետ ․․․ » գրքում գրում է Գյուլի խորհրդական Ահմեթ Սևերը, ԱՄՆ առաջարկի վերաբերյալ ԱԶԿ ներսում Էրդողանի և Գյուլի միջև տարաձայնություններ կային. էրդողանը կողմ էր առաջարկն ընդունելուն ու պնդում էր, որ այն անպայման պետք է քվեարկության դրվի խորհրդարանում։ Ըստ հեղինակի՝ Էրդողանը մտածում էր, թե Թուրքիան հետ կմնա տարածաշրջանային կարևոր իրադարձություններից և կկորցնի իր դիրքերը։ Իսկ Գյուլը դեմ էր, որ Թուրքիան որևէ դերակատարում ունենա այդ պատերազմում՝ չցանկանալով վատթարացնել հարաբերությունները հարևան արաբական մյուս երկրների հետ։

Սա էր պատճառը, որ մինչ կոալիցիայի ներխուժումն Իրաք՝ 2003թ. հունվարից, Գյուլի նախաձեռնությամբ, նախ կոալիցիոն ուժերի հարձակումը կանխելու, իսկ հետո՝ պատերազմը հնարավորինս քիչ կորուստներով ավարտելու նպատակով, հանդիպումներ էին սկսել Իրաքի հարևան երկրների արտգործնախարարների միջև։ Մասնակից երկրներն, այդ թվում՝ Թուրքիան, բացի իրենց սեփական շահերից, վտանգավոր էին համարում տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության աճն, ինչպես նաև պատերազմի ընթացքում Իրաքյան Քրդստանի հնարավոր անկախացումը։

Իրաքի հարևան երկրների ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում Բաղդադին առաջարկեցին իրենց «օգնությունը ահաբեկիչների դեմ պայքարում», ինչն էլ բխում էր Թուրքիայի շահերից։ Ահաբեկիչների դեմ «պայքարը» մանրամասնելու համար երկու անգամ հանդիպեցին նաև այս երկրների ներքին գործերի նախարարները։ Ահաբեկիչների դեմ գործողությունների աջակցելու պատրվակով Թուրքիան հետագայում մի քանի անգամ ներխուժեց Իրաքի տարածք։

Այս հանդիպումները, որոնք շարունակվեցին գրեթե մինչև պատերազմի ավարտը (ամեն անգամ տարբեր կազմով), իրենց հիմնական նպատակին ծառայեցին միայն սկզբում։ 2004թ–ից հետո դրանք վերածվեցին Թուրքիայի և հարևան արաբական երկրների միջև հարաբերությունների հաստատման կարևոր հարթակի։

Բաղդադի դեմ կոալիցիոն ուժերի գործողություններում Թուրքիայի սահմանափակ մասնակցությունից հետո Անկարա-Բաղդադ հարաբերություններն անկայուն էին, քանի որ, Իրաքն, ըստ էության, զբաղված էր երկրում ընթացող պատերազմով, իսկ Թուրքիայի նոր իշխանությունը փորձում էր վերակառուցել իր արտաքին քաղաքականությունը։

Պատերազմի սկզբում ԱԶԿ տարբեր ներկայացուցիչներ, նրանց թվում նաև երկրի ղեկավար Էրդողանը և այն ժամանակ Գյուլի խորհրդական, հետագայում՝ երկրի արտգործնախարար, Ահմեթ Դավութօղլուն հայտարարում էին արտաքին քաղաքականության իրենց նոր մոտեցումների մասին։

2004թ. իր հոդվածում Դավութօղլուն գրում էր, որ Թուրքիան պետք է դառնա տարածաշրջանում կենտրոնական երկիր («Թուրքիան նոր շրջանում պետք է ճանաչվի ոչ թե որպես «կամուրջ» հանդիսացող երկիր, այլ՝ «կենտրոն»»)։ Բացի այդ՝ նա առանձնացնում էր արտաքին քաղաքականության հինգ սկզբունք, որից երկրորդը ենթադրում էր «զրո խնդիր հարևանների հետ»։ Ըստ դրա՝ Թուրքիան պետք է դադարեր իր հարևաններին որպես թշնամի դիտարկել և բարելավեր իր հարաբերությունները նրանց հետ։

Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիան պետք է լիներ տարածաշրջանային խնդիրներին լուծում առաջարկող երկիր։ Առաջնորդվելով այս սկզբունքով, Թուրքիան հետագայում խառնվեց նաև իր մի շարք հարևանների, այդ թվում՝ Իրաքի, ներքին գործերին։

Թուրքիայի քաղաքականության վերակառուցմանը նպաստում էր նաև Եվրոմիությունը. քանի որ ԱԶԿ–ն ի սկզբանե իր առաջնային խնդիրներից էր համարում ԵՄ–ին անդամակցելը, ապա փորձում էր կատարել նաև այդ կառույցի բոլոր պահանջները, դրանց թվում՝ թե՛ երկրում զինվորականների դիրքերի նվազեցումը, թե՛ հարևանների հետ բաց սահմանների հաստատումը։

Իրաքի հետ հարաբերությունների առանձնահատկությունն այն էր, որ ժամանակի ընթացքում այդ երկրում ձևավորվել էին տարբեր ուժեր, որոնցից ամենախոշորն են Բաղդադում կենտրոնական իշխանությունը և Իրաքի հյուսիսում ձևավորված քրդերի ինքնավար շրջանը։ Ըստ այդմ՝ Թուրքիան ևս ստիպված էր առանձին հարաբերվել յուրաքանչյուրի հետ։

Իրաքի ներքաղաքական ասպարեզում քրդերի տեսակարար կշռի աճը 2005թ-ից ստիպեց Թուրքիային ուղիղ հարաբերություններ հաստատելու փորձեր անել նաև նրանց հետ՝ այդպիսով շրջանցելով Բաղդադին ու հետագայում ավելի վատթարացնելով վերջինիս հետ կապերը։

Թուրք-քրդական հարաբերությունների զարգացմանը նպաստեց նաև ԱՄՆ-ն. քանի որ պատերազմի ամբողջ ընթացքում կոալիցիոն զորքն իր սննդամթերքն ու վառելիքն ստանում էր Թուրքիայի ու Իրաքյան Քրդստանի տարածքներով, ամերիկյան կողմը փորձում էր հնարավորինս կարգավորել այս երկուսի հարաբերությունները։

Թեպետ արտաքին քաղաքականության նոր դիրքորոշումների շնորհիվ Իրաքի հետ, երկար ընդմիջումից հետո, բարձր կարգի պաշտոնական այցեր, հանդիպումներ ու նոր համագործակցություններ եղան, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Էրդողանի և իր կողմնակիցների որդեգրած այս սկզբունքը չաշխատեց, քանի որ ԱԶԿ հետագա գործունեությունը նշանավորվեց թուրքերի՝ ռազմական գործողություններով հարևան երկրների տարածքներում զորքերի տեղակայումով, ինչը Թուրքիան շարունակում է մինչ օրս։


Թուրք–իրաքյան, մասնավորապես՝ Անկարա–Բաղդադ (Իրաքի կենտրոնական իշխանություն) և Անկարա–Էրբիլ (Իրաքյան Քրդստանի կենտրոնը) հարաբերություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հոդվածի մյուս մասերում, որոնք կհրապարակվեն հաջորդթիվ։

Մինչ այդ կարող եք կարդալ «Թուրքիան՝ որպես հարևան» հոդվածաշարի առաջին հոդվածը՝ «Նախիջևանին մոտ թուրքական զորամասերը և հնարավոր ռիսկերը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *