Թուրքիան՝ որպես հարևան. ռիսկերի վերլուծություն

2018թ. դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց «շուտով» Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։ Այն դեռևս չի սկսվել, սակայն դրա մասին շարունակ խոսում են երկրի նախագահը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։ Եթե այն սկսվեց, ապա կդառնա Թուրքիայի երրորդ ցամաքային ներխուժումը Սիրիա։

Կան խոսակցություններ, որ Թուրքիան եղել է Սիրիայում քաղաքացիական պատերազմ ակտիվ հրահրողներից մեկը։ Ցանկացած դեպքում հայտնի է, որ թուրքական կողմը միջամտել է պատերազմին գրեթե ամենասկզբից՝ ապստամբ տարբեր խմբավորումներին տրամադրելով ռազմական և քաղաքական աջակցություն։ Ուշագրավ է, որ այդ իրադարձություններից ընդամենը երեք տարի առաջ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքները համատեղ արձակուրդ անցկացրին թուրքական Բոդրում հանգստավայրում։

Էրդողանն ու իր կինը Բոդրումում դիմավորում են Ասադի ընտանիքին, 2008թ.
Էրդողանն ու իր կինը Բոդրումում դիմավորում են Ասադի ընտանիքին, 2008թ.

Պատերազմի սկզբից մոտ 5 տարի անց՝ 2016թ. ամռանը, Թուրքիան լայնածավալ ցամաքային գործողություն սկսեց՝ ներխուժելով Սիրիա և ամրպանդվելով սիրիական Ջերաբլուսում, իսկ 2018թ․՝ Աֆրինում։ Մեծ հավանականություն կա, որ Թուրքիայի զավթողական գործողությունները կշարունակվեն։

Էրդողանը թուրքական TRT հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ ներկայացնում է սիրիական այն տարածքները, որոնք «պետք է մաքրել ահաբեկչական տարրերից»
Էրդողանը թուրքական TRT հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ ներկայացնում է սիրիական այն տարածքները, որոնք «պետք է մաքրել ահաբեկչական տարրերից»

Սիրիան միակ երկիրը չէ, որը Էրդողանի իշխանության գալուց հետո (2003թ․) տուժել է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունից:

Հակիրճ ներկայացնենք Թուրքիայի հարաբերությունները իր հարևանների հետ։

  • Վերջին 16 տարում թուրքական զինուժը մտել է և ամրապնդվել Իրաքի (2015 թվականից) ու Սիրիայի (2016 թվականից) առանձին շրջաններում։ Այդ գործողություններն իրականացվել են «այդ տարածքներից ահաբեկչական տարրերը [այսինքն՝ քրդական զինյալների ճամբարները] մաքրելու և Թուրքիայի անվտանգությունն ապահովելու» պատրվակով։
  • Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունները Էրդողանի իշխանության շրջանում անկայուն են։ Չնայած մի քանի պաշտոնական այցերին ու հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններին, միևնույն  է պատմական վեճերը Էգեյան ծովի կղզիների ու Կիպրոսի համար շարունակվում են մինչ օրս։  Հունաստան–Թուրքիա սահմանին պարբերաբար լինում են օդային ու ծովային պատահարներ (Օր.՝ 2018թ. ապրիլին հունական Միրաժ 2000-5 կործանիչը, որը փորձում էր որսալ Հունաստանի օդային տարածք ներխուժած թուրքական կործանիչը, վթարվեց, իսկ օդաչուն մահացավ)։ Այս երկրների հարաբերություններում վերջին շրջանի խնդիրներից է 2016թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մի քանի զինվորականի փախուստը Հունաստան։ Հիմա Թուրքիան պահանջում է նրանց արտահանձնումը, իսկ Հունաստանը մերժում է։ 
  • Թուրքիան 1974թ. հույների դեմ պատերազմում գրավել էր Կիպրոսի հյուսիսային մասը և 1983թ. հռչակել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», որը ճանաչել է միայն ինքը։ Կիպրոսի հույները, Հունաստանն ու Եգիպտոսն ունեն Միջերկրական ծովի՝ Կիպրոսի ափամերձ հատվածների բնական գազի ու նավթի պաշարների հետախուզման համաձայնություն, ինչին Թուրքիան դեմ է՝ պնդելով, որ այս երկրները «խախտում են Թուրքիայի ու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» սահմանները»։ Այժմ Թուրքիան այս երեք երկրների դեմ պայքարում է այդ պաշարների համար։ Իսկ արդեն 2018թ. վերջին, առանց Կիպրոսի պաշտոնական թույլտվության, Թուրքիան ինքն է այստեղ սկսել հորատման աշխատանքներ՝ բնական պաշարների հետախուզման համար։
  • Եգիպտոսում 2013թ. ռազմական հեղաշրջումից հետո իշխանության եկած Աբդուլ ալ–Սիսիի հետ Էրդողանը համաձայնության չեկավ՝ պաշտպանելով նախկին նախագահ Մորսիին։ Ավելին՝ օգոստոսի 14–ին Եգիպտոսում իրականացվող ցույցերը քննադատելով, Էրդողանը
    ՄԱԿ–ից պահանջեց Սիսիի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Արդեն 2017թ. Եգիպտոսում ձերբակալեցին 29 անձի՝ Թուրքիայի համար լրտեսություն անելու մեղադրանքով։
  • Թուրքիան ի սկզբանե դատապարտում էր Իսրայելի գործողությունները Գազայում, ինչից էլ Թուրքիա–Իսրայել հարաբերությունները սկսեցին վատթարանալ։ 2009թ. Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Գազայի շուրջ Էրդողան–Շիմոն Պերես (Իսրայելի այն ժամանակվա նախագահ) բանավեճի կեսից Էրդողանը բարկացած դուրս եկավ դահլիճից։ Դեռ 2008թ–ից դեպի Իսրայելի սահման էին սկսել շարժվել Գազայի բլոկադայի դեմ բողոքող ցուցարարների միջազգային նավատորմներ։ Արդեն 2010թ. Իսրայել գնացող 9–րդ նավատորմի կազմում էր նաև թուրքական «Մավի Մարմարա» նավը։ Նավի անդամները խախտել էին Իսրայելի ռազմականացված գոտու սահմանը՝ փորձելով ճեղքել բլոկադան։ Նավի առաջընթացը կանխելու ու հետ ուղարկելու համար Իսրայելի զինված ուժերը հարձակվում են դրա անդամների վրա, ինչի հետևանքով 9 մարդ մահանում է, 30–ը՝ վիրավորվում։ Դրանից հետո Իսրայելն ու Թուրքիան հետ կանչեցին իրենց դեսպաններին։ Սակայն վերջին մի քանի տարիներին երկու կողմերը հայտարարում են հարաբերությունները վերականգնելու նպատակների մասին։
  • Ռուսաստանի հետ Թուրքիան հակասություններ ունի նախ Սիրիայում, որտեղ Ռուսաստանը աջակցում է իշխանական ուժերին։ 2015թ. թուրքական ինքնաթիռը կործանեց թուրք–սիրիական սահմանի մոտ թռնող ռուսական Սու–24 ռմբակոծիչը։ Հետո՝ հակասություններ կան Սև ծովի հարցում՝ Թուրքիան այստեղ փորձում է ընդլայնել իր ռազմական առանց այն էլ մեծ ներկայությունը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ ներկայումս բնականոն հարաբերություններ են, երկու երկրների միջև այժմ կա համագործակցություն ռազմական (Ռուսաստանից Ս–400 ՀՕՊ համակարգի գնումը), գազի («Թուրքական հոսք» գազատար) ու ատոմային էներգիայի ոլորտներում (Թուրքիայում ատոմային էներգիայի կայանի կառուցում, ինչպես նաև դրա համար Ռուսաստանում թուրք մասնագետների պատրաստում)։
  • Իրանն ու Թուրքիան այսօր տնտեսական խոշոր գործընկերներ են։ Թուրքիան Իրանից գազ է գնում և չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ չի դադարեցնում գործարքները։ Մյուս կողմից՝ Իրանը ևս Սիրիայում ասադական ուժերի կողմնակիցն է։ Իրաքի հարցում այս երկրները ունեն հակասական դիրքորոշումներ. երկուսն էլ դեմ են Քրդստանի անկախացմանը, սակայն Իրանին նաև անհանգստացնում է
    այս տարածքում Թուրքիայի առաջխաղացումը։
  • Թուրքիան այսօր համեմատաբար լավ հարաբերություններ ունի Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի հետ (վերջին երեքը Թուրքիային մոտիկ «ծովային» հարևաններից են)։
  • Նախիջևանի մասով հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը ունեն «եղբայրական» հարաբերություններ։ Ռազմական համագործակցության շրջանակներում Թուրքիան Ադրբեջանին վաճառում է զինտեխնիկա, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում անցկացվում են համատեղ զորավարժություններ։
  • Հայաստանն ու Թուրքիան այսօր չունեն դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների սահմանը փակ է։ Պետք է նշել, որ 2009թ. կնքված արձանագրությունները, որոնք պետք է ուղղվեին դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանն ու դրանց զարգացմանը, չեղյալ հայտարարվեցին 2018թ. մարտի 1–ին։ Հաշվի առնելով այս վատ հարաբերությունները, Արցախյան հակամարտության ֆոնին Ադրբեջան–Թուրքիա դաշնակցային հարաբերությունները, կարող ենք նշել, որ Թուրքիան այժմ վտանգ է նաև Հայաստանի համար։

Ուշագրավ է, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր գործունեության ընթացքում ներկայացրել էր արտաքին քաղաքականության վեց սկզբունք, որոնցից մեկն էր «զրո խնդիր հարևանների հետ»-ը։ Սա ենթադրում էր բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ դադարելով դրանց որպես վտանգ դիտարկելը։ Չնայած մինչև 2010–ական թթ. Թուրքիայի և հարևան մի շարք երկրների միջև իսկապես հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ, այնուամենայնիվ պնդել, որ այս սկզբունքը կենսական նշանակություն ունեցավ, չենք կարող, քանի որ այսօր Թուրքիան տարածաշրջանում և մասնավորապես՝ իր անմիջական հարևանների համար շարունակում է մնալ ռիսկի վտանգավոր գործոն։

Razm.info մասնագիտացված կայքը սկսում է հոդվածաշար, որով փորձելու ենք քննել, թե.

  • Ինչպե՞ս են փոխվել Թուրքիայի հարաբերությունները ցամաքով և ծովով սահմանակից պետությունների հետ;
  • Ի՞նչ շահեր է հետապնդել Թուրքիան հարևանների հետ կոնֆլիկտներում, ինչպե՞ս են զարգացել այդ կոնֆլիկտները;
  • Ի՞նչ են տվել այդ կոնֆլիկտները Թուրքիային;
  • Ի՞նչ ռիսկեր կան Թուրքիայի այլ հարևանների, օրինակ՝ Հայաստանի համար։

Այդ շարքի առաջին հոդվածն է՝ «Նախիջևանին մոտ թուրքական զորամասերը և հնարավոր ռիսկերը»։

Կարող եք կարդալ նաև՝

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *