Թուրքիան վերջին 15 տարում փորձում է էլ ավելի թուլացնել պատերազմից տուժած Իրաքին. վերլուծական

Շարունակելով «Թուրքիան որպես հարևան» հոդվածաշարի Թուրքիա–Իրաք հարաբերությունների մասին ուսումնասիրությունը, ներկայացնում ենք հոդվածի երկրորդ մասը. Անկարան և Իրաքի կենտրոնական իշխանությունը՝ Բաղդադը։


Թեպետ Անկարան հայտարարել էր հարևանների հետ «բարիդրացիական» հարաբերություններ հաստատելու ցանկության մասին, Թուրքիայի խորհրդարանը 2007թ. հոկտեմբերի 17-ից թույլատրում է զինված ուժերին
«երկրի անվտանգությունը պաշտպանելու» պատրվակով Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ։ 2007թ. դեկտեմբերից, Թուրքիան սկսեց ավիահարվածներ հասցնել Իրաքում PKK դիրքերին։

Ընդհանրապես, Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հայտարարված նպատակն է «պայքարը ահաբեկչական PKK-ի անդամների դեմ»:

Բացի այդ՝ թուրքական պաշտոնական քարոզչությունը անհրաժեշտության դեպքում օգտագործում է նաև 1920թ. Թուրքիայի խորհրդարանում ընդունված «Ազգային ուխտ»-ը, ըստ որի՝ Թուրքիայի «իրական» սահմանների մեջ էր մտնում նաև Իրաքի հյուսիսային քրդաբնակ հատվածը, ընդհուպ մինչև Քիրքուքի շրջան (այս շրջանում այժմ բնակվում են նաև թուրքոման/թուրքմեն ժողովուրդները, որոնք Իրաքի վրա ներազդելու Թուրքիայի լծակներից մեկն են)։

2008թ. փետրվարի 22-ին Թուրքիան PKK-ի դեմ սկսեց «Արև» ռազմական գործողությունը (“Güneş Harekâtı”)՝ ներխուժելով Իրաքի տարածք։ Ուսումնասիրվող ժամանակաշրջանում սա Թուրքիայի առաջին լայնամասշտաբ ցամաքային ներխուժումն էր Իրաք։

Իրաքի կենտրոնական իշխանությունը՝ Բաղդադը, հայտարարեց, որ թեպետ Թուրքիան իր գործողությունները «երկրի սահմանները պաշտպանելու լեգիտիմ իրավունք» է անվանում, սակայն Իրաքի տարածք ներխուժելն անընդունելի է և «ոտնահարում է իր ինքնիշխանության իրավունքը»։

Մեկ շաբաթ անց՝ փետրվարի 29-ին, ԱՄՆ մի քանի զգուշացումից հետո Թուրքիան հայտարարեց իր զորքը Իրաքից դուրս բերելու մասին։

Իրաքի տարածքից դուրս գալուց հետո, իբրև հարևանների հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականության շարունակություն, 2008թ. ամռանը, 18 տարում առաջին անգամ, Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Իրաք։

Այցի ընթացքում՝ հուլիսի 10-ին կողմերը կնքեցին համաձայնագիր «Երկու երկրների միջակառավարական բարձր մակարդակի հարաբերությունների խորհրդի» ստեղծման մասին։ Սա նախատեսում էր համագործակցության տարբեր ոլորտներում, ինչպես նաև Թուրքիան պետք է աջակցեր Բաղդադին «ահաբեկիչների դեմ պայքարում»։

Բացի այդ՝ երկու երկրների վարչապետերը տարին առնվազն մեկ, իսկ տարբեր ոլորտների նախարարները` տարին երեք անգամ, պետք է հանդիպեին և քննարկեին աշխատանքային հարցեր։ Երկու երկրների մայրաքաղաքներում երեք ամիսը մեկ պետք է կազմակերպվեր բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովներ։ Սակայն, պետք է նշել, որ այս համաժողովները մինչ այսօր հրավիրվել են ընդամենը երեք անգամ (2009, 2014 և 2017թթ.)։

Ինչպես և նախատեսված էր՝ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց՝ 2009թ. հոկտեմբերին, Էրդողանը կրկին այցելեց Բաղդադ։ Այս անգամ նրան ուղեկցում էր 9 նախարար։ Այցի ընթացքում միջկառավարական խորհրդի նիստից հետո Իրաքն ու Թուրքիան կնքեցին տարբեր ոլորտներում համագործակցության 48 պայմանագիր, համաձայնություն ձեռք բերվեց առևտրի ծավալը եղած 5 մլրդից մինչև 20 մլրդի բարձրացնելու։

Նույն տարվա մարտին՝ 33 տարում առաջին անգամ, Իրաք էր այցելել նաև Թուրքիայի նախագահը՝ Աբդուլլահ Գյուլը։ Ավելին՝ այդ տարի Թուրքիան հյուպատոսություններ բացեց Բասրայում և Մոսուլում։ 

Չնայած 2008թ. երկու երկրների միջև վերսկսվեցին բարձր պաշտոնական այցերն ու շփումները, Թուրքիան զերծ չմնաց նաև Բաղդադի ներքին գործերին խառնվելուց. դեռ 2010թ. The New York Times թերթը գրում էր, որ Թուրքիան գաղտնի ֆինանսավորում է Իրաքում ազգայնական և հակաքրդական սուննի կուսակցություններին։ Ավելին՝ 2010թ. Իրաքում անցկացվելիք խորհրդարանական հետպատերազմյան առաջին ընտրություններին Թուրքիան աջակցում էր իրեն աշխարհիկ հայտարարած «Ալ-Իրաքիյա» կոալիցիային, որն ուներ և՛ սուննի, և՛ շիա ղեկավարներ (այդ թվում նաև գործող վարչապետ Նուրի ալ-Մալիկիի հիմնական հակառակորդ, շիա Այադ Ալավին)։

Ալավիի գլխավորած կոալիցիան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն Ալ-Մալիկին արդյունքները բողոքարկեց, ինչը մի քանի ամիս անց ավարտվեց իր հաղթանակով և վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելով։ Ալավին դարձավ անվտանգության խորհրդի քարտուղար։

Մալիկիի նոր կառավարության հետ Թուրքիայի հարաբերություններն այդքան էլ սահուն չընթացան։ 

2012թ. Իրաքում զանգվածային սպանություններ կատարած զինյալների խմբի ղեկավարման մեղադրանքով մահվան դատապարտեցին «Ալ-Իրաքիյայի» սուննի ղեկավար, երկրի նախկին փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմիին, ով նախ փախավ Իրաքյան Քրդստան, ապա ապաստանեց Թուրքիայում ու ստացավ երկրի իշխանությունների աջակցությունը։ Չնայած Բաղդադի համառ պահանջներին, Թուրքիան հրաժարվեց արտահանձնել Հաշիմիին։

Բացի այդ՝ 2011թ. Սիրիայում սկսած պատերազմի վերաբերյալ ևս Մալիկին ու Էրդողանը տարբեր դիրքորոշումներ ունեին, քանի որ Իրաքը Սիրիայի կառավարության կողմնակիցն էր, իսկ Թուրքիան սատարում էր հակակառավարական ուժերին։ Այս խնդրի շուրջ երկու կողմերից փոխադարձ մեղադրական հայտարարություններ հնչեցին։

Մալիկիի հետ լարվածությունը որոշ դեպքերում ուներ նաև կրոնական երանգներ. ինչպես տեսանք՝ սուննի Թուրքիան փորձում էր գերակշիռ շիա ղեկավարություն ունեցող Իրաքում քաղաքական ասպարեզ մտցնել սուննիներին, միաժամանակ մեղադրելով Մալիկիին Իրաքում շիաների, սուննիների ու քրդերի միջև խտրականություն դնելու համար:

Բաղդադի հետ հարաբերությունները միաժամանակ սրվում էին նաև Իրաքի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի՝ Էրբիլի հետ Թուրքիայի զուգահեռ շփումների ֆոնին. 2008թ-ից Էրբիլ-Անկարա հարաբերություններում դրական դինամիկա էր սկսվել, իսկ 2009-ին էլ, պաշտոնական այցով, Էրբիլ էին մեկնել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայան։

Սա էր պատճառը, որ 2012թ. դեկտեմբերին, երբ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը պետք է մեկներ Իրաք՝ Էրբիլում «Նավթ-գազ» կոնֆերանսին մասնակցելու համար, Բաղդադն արգելեց թուրքական ինքնաթիռի մուտքն իր տարածք։

Թուրքիան, այնուամենայնիվ, հաշվի չառնելով Բաղդադի դժգոհությունները, 2013թ. քրդերի հետ տնտեսական համագործակցության պայմանագիր կնքեց (պայմանագրի կնքման հստակ օրը մինչ այժմ հայտնի չէ), ըստ որի՝ Էրբիլը, Բաղդադից անկախ, պետք է նավթ արտահաներ Թուրքիա։ Իրաքի վարչապետ ալ-Մալիկին հայտարարեց, որ Քրդստանը չունի իրավական ուժ և չի կարող տնօրինել Իրաքի բնական պաշարները, սակայն հաշվի չառնելով Բաղդադի հայտարարությունները, թուրքերն ու քրդերը շարունակեցին համագործակցությունն ու 2014թ–ից սկսեցին նավթի արտահանումը։

2014թ., Թուրքիա-Իրաք հարաբերություններում կարևոր շրջադարձ էր ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) ներխուժումը Սիրիայից Իրաք։ Ամռանն, օգտվելով Իրաքում ընթացող քաղաքացիական պատերազմից, որը սկսել էր 2011թ. ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, ԻՊ-ն հարձակվեց Իրաքի վրա և շուտով իր վերահսկողության տակ վերցրեց Իրաքի արևմտյան շրջանների զգալի մասը։ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարելու համար 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ գլխավորությամբ ստեղծվեց կոալիցիա, որին անդամակցեց նաև Թուրքիան։

2014թ. հունիսին ԻՊ-ն գրավեց Իրաքի խոշոր քաղաքներից ու նավթային կենտրոններից մեկը՝ Մոսուլը։ Գրավված քաղաքում ԻՊ անդամները պատանդ վերցրին Թուրքիայի հյուպատոսության բոլոր աշխատակիցներին, որոնք այդ կարգավիճակում մնացին մինչև սեպտեմբեր։ Թուրքիան էվակուացրեց նաև Բասրայում իր մյուս հյուպատոսության աշխատակիցներին։ Արդյունքում երկու հյուպատոսությունն էլ փակվեցին և մինչ օրս էլ չեն բացվել։

ԻՊ հարձակումներին հաջորդեց Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկիի հրաժարականը։ Նա, տեղի տալով ԱՄՆ–ից, Իրանից ու եվրոպական երկրներից իր հեռանալու պահանջներին, օգոստոսի 14-ին հրաժարական տվեց և հայտարարեց, որ աջակցում է այն ժամանակ երկրի ԱԺ փոխխոսնակ Հայդար ալ-Աբադիի թեկնածությանը՝ որպես երկրի վարչապետ։ Իրաքի քաղաքական ուժերն ալ–Մալիկիին մեղադրում էին շիաների, սուննիների ու քրդերի միջև խտրական քաղաքականություն վարելու համար, ինչը թույլ չէր տալիս երկիրը համախմբել ԻՊ խմբավորումների դեմ պայքարում։

Հայդար ալ-Աբադիի կառավարության հետ Թուրքիան սկզբնական շրջանում հաստատեց ջերմ հարաբերություններ։ 2014–15թթ. երկկողմ պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Թուրքիան սկսեց Իրաքին ռազմական օգնություն տրամադրել «ԻՊ-ի դեմ պայքարի համար»։ Օրինակ՝ 2015թ. մարտի 3-ին երկու մարդատար ինքնաթիռով Իրաք մեկնեց 500 թուրք զինվորական՝ իրենց հետ տանելով նաև զինամթերք։

Անկարան, սակայն, կրկին չկարողացավ կայուն պահել Բաղդադի հետ հարաբերությունները։ 2015թ. դեկտեմբերի 4-ին Թուրքիան, հայտարարելով, որ «ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար պետք է մարզի Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորքերին», 150–հոգանոց հատուկջոկատայինների մի ստորաբաժանում և զրահատեխնիկա մտցրեց Իրաքի հյուսիսում Մոսուլի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմաճամբար, այսպիսով 2003թ–ից ի վեր երկրորդ անգամ ներխուժելով Իրաքի տարածք։

Սա կրկին առաջացրեց Բաղդադի դժգոհությունը, որը Թուրքիային 48 ժամ տվեց իր տարածքից դուրս գալու համար։ Բացի այդ՝ իրաքյան կողմը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հայտարարելով, որ թուրքական զորքերի Իրաք ներխուժումն ապօրինի է և որևէ պայմանավորվածություն չկա Իրաքի իշխանություննների հետ։ ՄԱԿ ԱԽ-ից դեկտեմբերի 18-ին կոչ արեցին երկու կողմերին խնդիրը լուծել միմյանց միջև բանակցելով ։

Չնայած դեկտեմբերի 20-ին, տեղի տալով միջազգային ճնշումներին, Թուրքիան հայտարարեց, որ ամբողջությամբ դուրս է բերելու Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայված ստորաբաժանումը, սակայն այն շարունակեց մնալ «Բեշիքա»-ում՝ ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով։

Այս հարցը երկար ժամանակ Բաղդադ-Անկարա հարաբերությունների օրակարգում էր։ Այս ընթացքում երկու կողմերից հնչեցին մի շարք կոշտ հայտարարություններ։ Աբադիի Իրաքից դուրս գալու հերթական պահանջին էլ Էրդողանը պատասխանեց.  

« … Մենք անելու ենք այն, ինչ ճիշտ ենք գտնում։ … Նախ չափդ ճանաչի՛ր։ … Հիմա նրանք մեզ ասում են Բեշիքայից դուրս եկեք։ Թուրքական բանակը ձեզ չի ենթարկվում»,- ասել էր Էրդողանը։

«Բեշիքայից» թուրքական զորքի դուրս բերման համաձայնություն ձեռք բերվեց միայն 2017թ. հունվարին՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Իրաք այցի ընթացքում։ Այս անգամ հատուկ ընդգծվեց, որ «Բեշիքան» իրաքյան ռազմաբազա է և որ Իրաքը պահանջում է սկսել զորքերի դուրսբերման գործընթացը։ Չնայած համաձայնությանը՝ 2017թ. փետրվարի դրությամբ Թուրքիան շարունակում էր թարմացնել Իրաքում այդ ստորաբաժանման սպառազինությունը։

Այնուհանդերձ՝ Անկարա-Բաղդադ հարաբերությունները հերթական անգամ «ջերմացան» 2017թ. սեպտեմբերին, երբ Իրաքյան Քրդստանը հայտարարեց անկախության հանրաքվե անցկացնելու մասին։ Քրդերի անկախացումը մերժող Բաղդադը, Թուրքիան ու Իրանը կենտրոնացրին իրենց ուժերը անկախ քրդական պետության ստեղծումը կանխելու համար։ Թուրքիան այս անգամ սկսեց մարզել Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումներին, երկուստեք անցկացվեցին զորավարժություններ՝ որպես ուժի ցուցադրություն Իրաքյան Քրդստանին։

Սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեին, պաշտոնական տվյալներով,  մոտ 93 տոկոսը կողմ էր քվեարկել Էրբիլի անկախացմանը։ 

Շուտով Բաղդադի ուժերը քրդական Փեշմերգա զորքերի դեմ տարբեր շրջաններում ռազմական գործողություններ սկսեցին ու հոկտեմբերի 16-ին գրավեցին նավթագազային խոշոր կենտրոն Քիրքուքը։ Սա Էրբիլի համար ոչ միայն տարածքային, այլև տնտեսական լուրջ կորուստ էր. Բաղդադը փակեց Քիրքուք-Ջեյհան նավթամղով դեպի Թուրքիա նավթի արտահանումներն, ինչից կողմերը մեկ տարում մոտ 8 մլրդ դոլար եկամտի կորուստ ունեցան։

Հոկտեմբերի 24-ին, չնայած հանրաքվեի արդյունքներին, Էրբիլը որոշեց դադարեցնել անկախության գործընթացը, իսկ նոյեմբերի 14-ին Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարեցին, որ ընդունում են Իրաքի գերագույն դաշնային դատարանի՝ երկրի սահմանադրության 1-ին հոդվածի վերաբերյալ բացատրությունը, որով սահմանվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և որի համաձայն՝ Իրաքից ոչ մի տարածք չի կարող առանձնանալ։ Նոյեմբերի 20-ին Իրաքի Գերագույն դաշնային դատարանը Իրաքյան Քուրդստանում անցկացված հանրաքվեն ճանաչեց «հակասահմանադրական» և չեղյալ հայտարարեց արդյունքները։

Այսպիսով՝ 2017թ. սեպտեմբերին, երբ Էրբիլի հետ շփումները դադարեցին ու իրավիճակը կտրուկ լարվեց, թուրքական կողմը վերականգնեց Բաղդադի հետ հարաբերությունները։

Քրդական հարցում շահերի համընկնումը, սակայն, չխանգարեց Թուրքիային ևս մեկ միջադեպ ստեղծել երկու կողմերի միջև: 2018թ. ամռանը, Թուրքիան նախատեսվածից մեկ ամիս շուտ գործարկեց Տիգրիս գետի վրա կառուցված Իլիսու ջրամբարը, ինչը Իրաքում հանգեցրեց ջրի ճգնաժամի։

Իլիսու ջրամբարը Տիգրիսի վրա։ Քարտեզը՝ National Geographic–ի
Իլիսու ջրամբարը Տիգրիսի վրա։ Քարտեզը՝ National Geographic–ի

Չնայած մի քանի օր անց Թուրքիան հայտարարեց, որ դադարեցնում է ջրամբարի աշխատանքը՝ «Իրաքցի եղբայրներին օգնելու համար», այնուամենայնիվ Իրաքը դեռ երկար ժամանակ կրում էր դրա վնասները։ Իրաքի վարչապետը հայտարարեց, որ Անկարան ջրամբարն անակնկալ գործարկեց ամսվա վերջին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ֆերմերների ձայները հավաքելու համար։

2018թ. օգոստոսին Իրաքի վարչապետ ալ–Աբադին այցելեց Թուրքիա՝ Էրդողանի հետ ջրի ճգնաժամը և այլ հարցեր քննարկելու համար։ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական կողմը փորձելու է ավելացնել դեպի Իրաք գնացող ջրի հոսքը։

Երկկողմ հարաբերություններում 2018թ. թերևս վերջին ձեռքբերումը կարելի է համարել Քիրքուք-Ջեյհան նավթամղի վերագործարկումը նոյեմբերի 16-ին, Քրդստանի հանրաքվեից մոտ մեկ տարի հետո, երբ Բաղդադի և քրդերի միջև, երկար բանակցություններից հետո, ձեռք բերվեց համաձայնություն նավթի արտահանումները կրկին սկսելու համար։

Այսպիսով՝ իր նոր քաղաքականության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարող Թուրքիան Բաղդադի հետ հարաբերություններում վերջին մոտ 15 տարիների ընթացքում շարժվել է ելնելով միայն իրեն հարմար իրավիճակներից, օգտագործելով նաև պատերազմից թուլացած Իրաքի անկարողությունը։
Բացի այդ՝ Անկարան նաև նպաստել է Իրաքի ներսում Բաղդադ–Էրբիլ հակամարտության ավելի լարմանը՝ քրդերի հետ ուղիղ շփումներ սկսելով։

Ավելի պարզ՝ Թուրքիան, որպես հարևան, սպառնալիք է Իրաքի համար, այն պարագայում, երբ վերջինս իրենից որևէ վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար։


Հոդվածի հաջորդթիվ հրապարակվող՝ երրորդ մասում, կներկայացնենք Թուրքիա–Քրդական ինքնավար շրջան՝ Էրբիլ, հարաբերությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *