F-35 կործանիչները ֆինանսապես ավելի մատչելի կդառնան

Պենտագոնը հայտարարել է, որ F-35 կործանիչների գնի շուրջ արտադրող Lockheed Martin ընկերության հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որով կործանիչի մեկ միավորի համար ներկայումս սահմանված 89,2 մլն ԱՄՆ դոլար գինը կնվազի 8,8%–ով՝ մինչև 81,35 մլն դոլար։

Այս մասին, հայտնում է cnbc հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլլեն Լորդին։ Նախատեսվում է նաև, որ 1 միավորի համար 81,35 միլիոն դոլար արժեքը նույնպես կնվազի և կկազմի ավելի քիչ քան 80 միլիոն դոլարը։ Լորդի հաղորդմամբ՝ արժեքի փոփոխությունը վերաբերվում է F-35-ի բոլոր տարբերակներին*:

* Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։

Նշված է, որ 3 տարի հետո միավորի գինը կարող է հասնել մինչև
71,1 միլիոն դոլարի: Ներկայումս գործող գնի շուրջ պենտագոնն ու Lockheed Martin–ը համաձայնության են եկել 2018 թվականի օգոստոսին։ Ըստ այդմ F-35A կործանիչի գինը 94,3 միլիոն դոլարից նվազեց մինչև 89,2 միլիոն դոլար, F-35B–ի գինը՝ 122,4 միլիոն դոլարից՝ 115,5, իսկ F-35C–ի համար գին սահմանվեց 107,7 միլիոն դոլարը նախկին 121,2–ի փոխարեն։

Կործանիչների գնի նվազեցմանն ուղղված աշխատանքները պենտագոնը սկսել է դեռևս 2014 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարի օգնականը հայտարարել էր, որ 112 միլիոն դոլար գնահատվող F-35A կործանիչի գինը 2018-2019 թվականներին նախատեսվում է նվազեցնել՝ հասցնելով 80 միլիոն դոլարի։

Ավելի ուշ՝ 2017 թվականին, նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև F-35 կործանիչների ծրագիրը ղեկավար Քրիս Բոգդանը՝ հայտնելով, որ ինքնաթիռի գինը 95 մլն դոլարից կնվազի մինչև 80 միլիոն դոլար։

F-35 կործանիչ. Իսրայելի ԶՈւ
F-35 կործանիչ. Իսրայելի ԶՈւ

F-35 կործանիչների արտասահմանյան գնորդները նույնպես ինքնաթիռները ձեռք են բերել տարբեր արժեքներով։ Այսպես, օրինակ 2014-ին Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթը հայտնել էր, որ 58 միավոր կործանիչի համար պատրաստվում են վճարել 11,5 միլիարդ դոլար (1 միավորի համար՝ 198,2 միլիոն դոլար), չնայած, որ 2012–ին Lockheed Martin–ը Ավստրալիային խոստացել էր միջինը 70 միլիոն դոլարով վաճառել 1 միավոր F-35A–ն։ Չենք բացառում նաև, որ ընդհանուր գնի մեջ ներառված լինի նաև սպառազինության և սպասարկման այլ ծախսեր:

2014 թվականի մարտին Հարավային Կորեան պաշտոնապես հայտարարել էր, որ 60 միավոր F-35A–ի համար վճարելու է 7,5 միլիարդ դոլար (1 միավորի համար՝ 125 միլիոն դոլար), իսկ Իսրայելը 2017 թվականին պատվիրել էր 50 միավոր F-35А՝ յուրաքանչյուրը 100 միլիոն դոլար արժողությամբ։

Այժմ բանակցություններ են ընթանում Lockheed Martin ընկերության և Լեհաստանի միջև։ Լեհաստանը 32 միավոր կործանիչներ գնելու համար պաշտոնական հարցում է ուղղել ընկերությանը։ Թե ինչքան կվճարի Լեհաստանը կործանիչների համար, դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, սակայն ռուսական bmpd բլոգը նշում է, որ գործարքը կկազմի ամենաքիչը 5,27 միլիարդ դոլար (1 միավորի համար՝ 164,6 միլիոն դոլար)։

Համեմատության համար նշենք, որ վերջերս հայտնի դարձավ Ռուսաստանի 76 միավոր Սու–57 գնելու մասին։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարքի համար Ռուսաստանը հնարավոր է վճարի 170 միլիարդ ռուբլի (2,64 միլիարդ դոլար)։ Կարելի է ենթադրել, որ 1 միավոր Սու–57–ի համար Ռուսաստանը հնարավոր է վճարի 34,73 միլիոն դոլար։ «Իզվեստիա» թերթի տվյալներով, սակայն, կործանիչի գինը կարող է հասնել մինչև 36,45 միլիոն դոլարի։ Հարկ է հավելել, որ Ռուսաստանը կործանիչները գնում է 20%-ով ավելի էժան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *