Հարավային Կորեայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ից 40 միավոր F-35A կործանիչներ գնելու մասին, մինչդեռ մրցույթի սկզբնական շրջանում դրանք դուրս էին մնացել բարձր գնի պատճառով։
Կորեայի Հանրապետության կառավարությունն ընտրության մասին պաշտոնապես հայտարարել է մարտի 24-ին։ Մինչ այդ Հարավային Կորեայի ԶՈւ շտաբի պետերի միավորված կոմիտեն արդեն հայտարարել էր, որ իրենց ընտրությունը կանգ է առել հինգերորդ սերնդի F-35A կործանիչի վրա։
Կառավարության հայտարարությունում ասվում է, որ կործանիչների տրամադրումը մեկնարկելու է 2018-ից՝ տևելով շուրջ 4 տարի։
Բացի այդ, Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են՝ կախված ռազմական բյուջեից ու արտաքին սպառնալիքների աստիճանից՝ հնարավոր է գնեն ևս 20 միավոր F-35A։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան 60 միավոր նոր կործանիչներ գնելու մրցույթ էր հայտարարել դեռևս 2011-ին։ Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) մտադիր էր 60 կործանիչներ գնելու համար ծախսել 7.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2013-ի հունիսին F-X III կործանիչների մրցույթին մասնակցում էին ամերիկյան Lockheed Martin ու Boeing ընկերությունները, ինչպես նաև Eurofighter կոնսորցիումը։
Այս ձեռնարկությունները համապատասխանաբար առաջարկում էին F-35 Lightning II, F-15 Silent Eagle (F-15SE) և Typhoon կործանիչները։
Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում էին՝ «Ռոսօբորոնէքսպորտը» ևս մասնակցության հայտ էր ներկայացրել՝ առաջարկելով Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչները։
2013-ի օգոստոսին Boeing ավիաշինական գործարանը մնաց որպես մրցույթի միակ մասնակից, սակայն հետագայում այն նույնպես դուրս մնաց պայքարից՝ չհամապատասխանելով կորեական պահանջներին։
Ավելի վաղ՝ 2013 թվականի օգոստոսի 18-ին, մրցույթից դուրս էր մնացել իր Typhoon կործանիչն առաջարկող եվրոպական Eurofighter կոնցերնը: Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը պարզաբանել է, որ Eurofighter-ի ներկայացրած մրցութային փաստաթղթերում սխալներ էին հայտնաբերվել:
Lockheed Martin-ն իր հերթին դուրս էր մնացել մրցույթից, քանի որ առաջարկում էր Հարավային Կորեայի համար ոչ մատչելի շուրջ 153 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ F-35 Lightning II կործանիչը:
Հարավկորեացիները ստիպված են եղել վերանայել մրցույթը, քանի որ երեք թեկնածուներից որևէ մեկն այդպես էլ չէր ընտրվել։
Ի վերջո, հարավկորեացիներն ընտրել է Lockheed Martin-ի F-35A-ն, սակայն բարձր արժեքի պատճառով նախատեսված 60 ինքնաթիռի փոխարեն նրանք գնում են 40-ը։
Հավելենք, որ F-35A կործանիչների գնումն իրականացվում է պետական լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։ Այն ենթադրում է ԶՈւ 150 միավոր հնացած F-4 Phantom II ու F-5 Freedom Fighter/Tiger II կործանիչների փոխարինումը նոր ինքնաթիռներով։
Հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ավիաշինական ընկերությունը։ Հիմնականում արտադրվում է երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C։
Կործանիչն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։
Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ»-«օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։ Մեկ միավորի գինը տատանվում է 155-199 մլն ամերիկյան դոլարի միջև՝ կախված մոդիֆիկացիայից։
Մեր հարևան պետություններից Թուրքիան նույնպես F-35-ի պոտենցիալ գնորդների ցանկում է։