Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մտադիր է ավելացնել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների պատվերը։ Ներկայումս Միացյալ Նահանգները Ավստրալիայից ստացել է 14 միավոր F-35 A կործանիչի պատվեր, իսկ այժմ նախատեսվում է դրանց թվին ավելացնել ևս 58-ը։ Ինչպես հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը, այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթը։
Վարչապետը մանրամասներ է հայտնել նաև Ավստրալիայի ռազմաօդային ուժերի՝ հինգերորդ սերնդի նորագույն կործանիչներով համալրման ժամանակացույցի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ F-35A կործանիչների առաջին խմբաքանակը երկրի ՌՕՈւ-ն կստանա արդեն 2018-ին, իսկ 2020-ին ծրագրվում է ստեղծել այս կործանիչների առաջին էսկադրիլիան։
Հավելյալ 58 միավոր F-35A կործանիչների պատվերն Ավստրալիայի համար կարժենա շուրջ 11.5 միլիարդ ամերիկյան դոլար։ Դրանց համալրումով հինգերորդ սերնդի այս կործանիչների ընդհանուր թիվն ավստրալական օդուժում կհասնի 72-ի։ Նման քանակը կլինի բավարար, որպեսզի փոխարինվեն ու շահագործումից հանվեն F-18 Hornet կործանիչները, որոնք ներկայումս Ավստրալիայի ՌՕՈւ հիմնական բաղադրիչն են։
Նշենք, որ ավելի վաղ Ավստրալիայի ռազմական ղեկավարությունը, խոսելով զինված ուժերի պահանջների մասին, նշել էր՝ ռազմաօդային ուժերի մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է հինգերորդ սերնդի շուրջ 100 կործանիչ։
Հիշեցնենք՝ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։ Կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվերներ ներկայացրել են մի շարք երկրներ՝ այդ թվում Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու Ավստրալիան։ Իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի շաք ավիաբազաներ արդեն իսկ սկսել են համալրվել F-35A կործանիչներով։
Pingback: Թշնամուն միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է. քաղաքագետ: Օրվա ամփոփում | Ռազմ.info