Պենտագոնը կփորձի նվազեցնել F-35 կործանիչների գինը շուրջ 35 տոկոսով

Պենտագոնը շարունակում է գործադրել ջանքեր՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնի նվազեցման ուղղությամբ։ Խնդրի լուծման ուղիները ամերիկյան զինվորականները փնտրում են Lockheed Martin ընկերության հետ համատեղ, որը կործանիչների արտադրության համար անհրաժեշտ բաղկացուցիչների հիմնական մատակարարն է։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը։

Ամերիկյան F-35A կործանիչ

Ամերիկյան F-35A կործանիչ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հրամանատարի օգնական Ուիլյամ ԼաՓլանթը հայտարարել է, որ ներկայումս 112 միլիոն ամերիկյան դոլար գնահատվող F-35A կործանիչի գինը 2018-2019 թվականներին նախատեսվում է նվազեցնել՝ հասցնելով 80 միլիոն դոլարի։ ԼաՓլանթը հավելել է, որ դա իջեցված գնի միայն սկզբնական նշաձողն է և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն նաև հետագայոմ։

Հարկ է նշել՝ մտադրությանը բոլորը չէ, որ վերաբերվում են լավատեսությամբ։ Դրանց թվում է ԱՄՆ կոնգրեսի՝ կառավարության հաշվետվությունների վարչությունը, որը նշել է՝ 5 տարում կործանիչների արժեքի 40 միլիոն դոլարանոց նվազեցումն իրատեսական չէ, առավելևս, որ չեն նշվում այդ ցուցանիշին հասնելու ուղիները։

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչների բարձր գինը միակ խնդիրը չէ, որի լուծման անհրաժեշտության առաջ կանգնած է Պենտագոնը։ Թեպետ ինքնաթիռի առաջին օրինակներն արդեն շահագործման են հանձնվում ԱՄՆ ռազմաօդային ուժեր, այդուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս զանազան թերություններ՝ որոնց թվում ինչպես ծրագրային, այնպես էլ տեխնիկական։

Աղմուկ բարձրացրած թերություններից մեկի մասին էլ հայտնի դարձավ 2014-ի մարտին, երբ պարզվեց, որ F-35B կործանիչների շարժիչի բաղկացուցիչներից մեկում առկա է կառուցվածքային թերություն, որի շտկման համար առաջացավ շարժիչների վերանախագծման անհրաժեշտություն։

Հավելենք, որ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։ F-35 կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվերներ ներկայացրել են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու մի քանի այլ երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *