Մայիսի 15–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի կատարած այցի ժամանակ հանձնարարել է մինչև 2028 թվականը կազմավորել 3 ավիագունդ, որոնց հիմնական սպառազինությունը կլինի 5–րդ դասի ՍՈւ–57 կործանիչները։ Ավիգունդերը կազմավորելու համար նախատեսվում է 76 միավոր ՍՈւ–57 կործանիչի գնում։
Այս մասին հայտնում է ռուսական «ՌԲԿ» գործակալությունը։ ՌԴ նախագահի խոսքերով՝ հաջողվել է պայմանավորվել կործանիչն արտադրող ընկերության հետ, որպեսզի վերջինս ՍՈւ–57–երը վաճառի 20% ցածր գնով։
Պուտինը հաև հանձնարարել է արդիականացնել սպառազինությունում առկա ուղղաթիռներն ու մինչև 2028 թվականը ձեռք բերել ամենաքիչը 100 միավոր նոր Մի–28ՆՄ ուղղաթիռներ: Նշենք, որ Ռուսաստանն ու «Вертолеты России» հոլդինգն արդեն ունեն ՄԻ–28ՆՄ–ի գնման պայմանագիր։
Նախկինում կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն իր առաջին ՍՈւ–57–ը ստանալու է այս տարի։ Եվ՛ ՍՈւ–57 կործանիչը, և՛ Մի–28ՆՄ ուղղաթիռը Սիրիայում արդեն մարտական փորձարկում են անցել [1,2]։
Սու–57 կործանիչի հայտարարվող հիմնական մարտավարատեխնիկական բնութագիր.
- Անձնակազմ – 1 հոգի
- Առավելագույն արագություն – 2600 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն երկարություն – 5500 կմ
- Թռիչքի առավելագույն տևողություն – 5.8 ժամ
- Արագամբարձություն – 330 մետր/վրկ
- Գործնական բարձրահասություն – 20 կմ
- Առավելագույն թռիչքային քաշ – 35480 կգ
- Առավելագույն մարտական բեռնվածք – 10000 կգ

Հիշեցնենք նաև, որ ՍՈւ–57 կործանիչները համատեղ արտադրելու ռուս–հնդկական ծրագիրը սառեցվել էր, քանի որ ըստ հնդկական կողմի՝ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք կործանիչներրը իրենց բնութագրերով չէին համապատասխանում ամերիկյան F-35-ին։ Համատեղ ծրագիրը գնահատվում էր 10 միլիորդ դոլար։