Իրանը 60 օրով պաշտոնապես դադարեցնում է միջազգային միջուկային ծրագրով որոշ պարտավորությունների կատարում, մասնավորապես կվերսկսի առանց սահմանափակումների արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացման գործընթացը։
Այս մասին հայտնում է «Իսնա» գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում իր աղբյուրին։
Իրանը մասնավորապես դադարեցրել է ծանր ջրի ու հարստացրած ուրանի պաշարների սահմանափակմանը վերաբերող դրույթների իրականացումը: Ավելցուկի պարագայում արտադրանքը կպահվի Իրանում և չի արտահանվի 60 օրվա ընթացքում, ինչպես սահմանված է համաձայնագրով։ 60 օրը տրվում է ծրագրի անդամ մյուս երկրներին, որպեսզի վերջիններս խնդիրները հարթելու եղանակներ գտնեն։
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015թ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Միջուկային համաձայնագրի կնքումով ԱՄՆ–ն հանել էր մինչ այդ սահմանված պատժամիջոցների մի մասը։
Անցած տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թրամփի քայլը որակեց որպես Իրանի նկատմամբ հոգեբանական պատերազմ:
Ապա հայտարարվեց, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան շարունակելու են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրի կատարմանը՝ անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, քանի որ համաձայնագիրը Իրանին միջուկային զենք ձեռք բերել թույլ չտալու համար ուղի է։
Սակայն ավելի ուշ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ չի վստահում նաև Գերմանիային, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային և Միջուկային գործարքի պահպանման համար երաշխիքներ է ցանկանում այդ երկրներից։ Օրեր անց Եվրոպական հանձնաժողովի որոշեց, որ ԵՄ տարածքում Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն գործելու:
Մայիսի վերջին Իրանի հոգևոր առաջնորդը Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային ներկայացրեց պահանջներ, որոնց կատարման դեպքում Միջուկային համաձայնագիրը կարող է պահպանվել։