Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մենկարկած ռազմարդյունաբերական միջացգային MILEX-2019 ցուցահանդեսին Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ադրբեջանն արդեն 100 հազար միավորից ավելի ԱԿ–74Մ ավտոմատ է արտադրել։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նրանց խոսքով՝ մինչև 2021 թվականը գործող պայմանագիրը նախատեսում է ընդհանուր 120 հազար ԱԿ–74Մ–ի արտադրում։
Այս թիվը, սակայն, մեզ իրատեսական չի թվում քանի որ Ադրբեջանում այս ավտոմատների արտադրությունը հակասական նախապատմություն ունի։
Նախ՝ պայմանագիրը կնքելու ժամանակ՝ 2011 թվականին, «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» (ЦАМТО) հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը արտադրելու է տարեկան 12 հազար միավոր ԱԿ–74Մ։
Արտադրելով տարեկան 12 հազար միավոր ԱԿ–74Մ՝ Ադրբեջանը, բնականաբար, մինչև 2021 թվականը կհասցներ արտադրել 120 հազար միավոր ավտոմատ՝ ինչպես այսօր հայտարարել են Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները։
Այնուհետև՝ 2013թ. ապրիլին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը երկրի նախագահին զեկուցել էր, որ ԱԿ–74Մ–երի արտադրությունը հաջողությամբ իրականացվում է։
Ավելի ուշ՝ 2014 թվականին Բաքվում «Ռոսօբորոնէքսպորտի» գործադիր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտարարել էր, որ շուտով կսկսվի ԱԿ–74Մ–ի սերիական արտադրությունը, իսկ մինչև այդ պիտի լուծեն ադրբեջանցի զինագործ մասնագետներ պատրաստելու և հոսքագծերի հետ կապված մի քանի տեխնիկական խնդիրների հարցերը։ Տոպոևը հայտարարության մեջ նաև շեշտել էր, որ արտադրությունը «համաձայնեցված գրաֆիկով» է սկսվելու։
Այսինքն՝ մինչև այդ էլ պլանավորած էր, որ Ադրբեջանը մինչև 2014 թվականը սերիական արտադրության չի դնելու ԱԿ–74Մ–ը՝ չնայած մինչ այդ տարածվող տեղեկություններին։
Այսպիսով կասկածելի է, որ Ադրբեջանը ներկայումս արտադրել է 100 հազար ԱԿ–74Մ, սակայն արտադրանքի ծավալների մասին ստույգ գնահատական տալը դժվար է։ Չնայած վերոնշյալի, կասկածելու հիմքեր, որ Ադրբեջանը չի արտադրի նախատեսած 120 հազար ավտոմատն ու կտապալի գործարքը, չկան։