Ադրբեջանում «կալաշնիկովների» գործարանը 4 տարի միայն քարոզչություն է «արտադրել»

2014 թվականի սեպտեմբերին Բաքվում ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի գործադիր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտարարեց, որ շուտով Ադրբեջանում կսկսվի ԱԿ-74Մ ավտոմատների սերիական արտադրությունը, սակայն մինչ այդ պիտի պատրաստեն ադրբեջանցի մասնագետներին, որոնք աշխատելու են գործարանում, ինչպես նաև պիտի լուծեն արտադրության հոսքագծի հետ կապված մի քանի տեխնիկական խնդիրներ։

Յավեր Ջամալով. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար

Յավեր Ջամալով. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար

Թվում է, թե Ադրբեջանն ավտոմատների սեփական արտադրություն հիմնելը կարող է ներկայացնել որպես մեծ ձեռքբերում։ Սակայն պետք է հիշել, որ Ադրբեջանում Կալաշնիկովի ավտոմատների սերիական արտադրություն «շուտով սկսելու» և նույնիսկ զինված ուժերին իբր արդեն արտադրած ինքնաձիգերի մատակարարման մասին Ադրբեջանում հայտարարում են դեռևս 2011 թվականից ու բավականին բարձր մակարդակով, սակայան հետագայում այդ տեղեկությունները չեն հաստատվում։

2011 թվականի փետրվարի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում IDEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել, որով ռուսաստանյան «Իժմաշ» ընկերությունը ադրբեջանական կողմին ԱԿ-74Մ ավտոմատներ արտադրելու արտոնագիր՝ թույլտվություն է տվել։ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանն ավտոմատներ արտադրելու իրավունքը ստացել է 10 տարով ու տարեկան կարող է դրանցից արտադրել մինչև 12 հազար միավոր, սակայն առանց այլ երկրներ արտահանելու իրավունքի։ Արտադրության սկզբում դետալները ներմուծելու էին Ռուսաստանից, իսկ ընթացքում որոշ դետալների արտադրությունը նույնպես տեղայնացվելու էր։

Ավտոմատները երրորդ երկիր արտահանելու իրավունք չունենալը նշանակում է, որ ադրբեջանցիները սեփական զինված ուժերի (ու այլ ուժային կառույցների) համար էին արտադրելու ԱԿ-74Մ ավտոմատները։ (Նշենք սակայն, որ պայմանագրի կետը քարացած չէ, ու չի բացառվում, որ որոշ ժամանակ անց երկու կողմերը կարող են նոր պայմանագիր կնքել, որով օրինակ Ադրբեջանը նաև արտահանելու իրավունք ստանա):

Նախարարի խորհրդականը նշել էր նաև, որ ռուսաստանյան կողմի հետ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերել, ու մինչև «տարվա վերջ» (այսինքն՝ մինչև 2011թ. վերջ ” Ռազմինֆո) պատրաստ կլինեն Ադրբեջանում արտադրված առաջին ինքնաձիգները։ Իսկ պայմանագիրը, ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային վերլուծության կենտրոնի» տվյալների, կնքվել է 2010թ.։

2011թ. կեսերին ադրբեջանական աղբյուրները, այդ թվում նաև հայալեզու Armenia.az քարոզչական հարթակը, արդեն արտադրության չափերի ու առանձնահատկությունների մասին էին հայտնում։ Մասնավորապես ադրբեջանցիներն իրենց մոտ արտադրվելիք ավտոմատն անվանել էին «Խազրի» (ադրբ՝ Xəzri) և հայտարել, որ գիշերային դիտման, լազերային նշանառման, լուսավորման սարքեր ամրացնելու հնարավորություն են ավելացրել: Ենթադրաբար խոսքը ավտոմատների վրա այսպես կոչված Պիկատինիի շերտաձող ավելացնելու մասին է: Ադրբեջանցիները հայտնում էին, որ մինչև 2011 թվականի ավարտը արտադրելու են 5000 միավոր նման ավտոմատներ։

Տարվա ավարտին ավտոմատի կարծես թե առաջին օրինակը ներկայացրին Ադրբեջանում, սակայն սերիական արտադրության ու խոստացված 5000 միավոր ավտոմատների մասին տեղեկություններ չեղան: Ինչպես ասում են, ավտոմատի «անունը կար, իսկ ամանում այն չկար»։

Որպես Ադրբեջանում արտադրված «Խազրի» ներկայացվող ավտոմատի նկարը

Որպես Ադրբեջանում արտադրված «Խազրի» ներկայացվող ավտոմատի նկարը

ԱԿ-74Մ ավտոմատների հոսքային արտադրության մասին արվող հայտարարություններին համընթաց 2012թ. ամռանն ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերում Կալաշնիկովի ավտոմատները փոխարինելու են իսրայելական ինքնաձիգներով։

Բանն այն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Военное обозрение կայքին, հաղորդել էին, որ Ադրբեջանը մտադիր է ոչ միայն փոխարինել Կալաշնիկովի ավտոմատները իսրայելական TAR-21 Tavor ավտոմատներով, այլև կառուցել իսրայելական Tavor ավտոմատների գործարան։ Հետագայում պարզ դարձավ, որ Tavor-ների մասին այս կեղծ լուրն ի սկզբանե ընդամենը կատակ է եղել (Տե´ս հեղինակի խոստովանությունը):

Հարկ է նշել, որ իսրայելական արտադրության TAR-21 Tavor ավտոմատներ Ադրբեջանն իսկապես գնել էր, բայց սահմանափակ քանակությամբ, միայն հատուկ նշանակության ստորաբաժանումների համար։

Հատկանշական է, որ հերքելով իսրայելական ավտոմատների արտադրության լուրը՝ 2012-ի սեպտեմբերին Ադրբեջանում կրկնեցին «Կալաշնիկովի 5000 ավտոմատների» մասին 2011թ. հայտարարությունը: Սակայն այս անգամ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարեց, որ մինչև տարվա վերջ (այսինքն՝ արդեն 2012թ. ” Ռազմինֆո) կարտադրեն 5000 միավոր ԱԿՍ-74Ու (բնագրում՝ АКСУ-74) ավտոմատներ, իսկ հաջորդ տարի արտադրությունը կհասցնեն 12 հազարի:

Բայց ԱԿՍ-74Ու ավտոմատը Կալաշնիկովի ավտոմատների այլ տարատեսակ է՝ կարճեցված փողով ու հետևաբար փոքր չափսի և բավականին տարբերվում է ԱԿ-74Մ-ից, որի արտադրության իրավունքը ստացել էր Ադրբեջանը:

Հաջորդ տարի՝ 2013թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը զեկուցում էր, որ Ադրբեջանում «հաջողությամբ իրականացվում է ԱԿ-74 տիպի ավտոմատների արտադրություն»: Ավելին՝ նույն տարվա ապրիլին Իլհամ Ալիևի նախագահած և 2013թ. առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ կառավարության նիստում Ջամալովը կրկին զեկուցեց նախագահին, որ հաշվետու ժամանակահատվածում արտադրել ու «պատվիրատուին են հանձնել» (պատվիրատուն չի նշվում) մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ ԱԿ-74Մ ավտոմատներ:

Հայկական լրատվամիջոցներն այս ընթացքում հիմնականում կրկնում էին Ադրբեջանից ստացվող տեղեկությունները: Ընդ որում՝ նման հրապարակումներ եղան թե´ Կալաշնիկովի ավտոմատների[1][2][3], թե´ իսրայելական Tavor ավտոմատների[1][2][3] վերաբերյալ: Երբեմն էլ Կալաշնիկովի ավտոմատների արտադրության հիմնելուն անդրադառնում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի զենքի առևտրի համատեքստում:

Ամփոփելով պետք է փաստել, որ չորս տարիների է՝ ադրբեջանական պաշտոնյաները լրատվամիջոցներով հայտարարություններ են տարածում, որ կա´մ արդեն սկսել են, կա´մ շուտով կսկսեն ավտոմատների սերիական արտադրությունը: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը նույնիսկ զեկուցում է նախագահ Իլհամ Ալիևին, որ ավտոմատների մի մասն արդեն «արտադրել ու պատվիրատուին են հանձնել»: Սակայն ավտոմատների սերիական արտադրությունը հաստատող ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում:

Մյուս կողմից Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» պետական կոնցերնի գործադիր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևի խոսքով՝ արտադրության մեկնարկը կատարվելու է «համաձայնեցված գրաֆիկով», ինչից կարելի է ենթադրել, որ իրականում պայմանագրով ի սկզբանե արտադրության ժամկետները հենց այդպես էլ պլանավորած էին, այսինքն՝ ադրբեջանցիները չէին կարող մինչ 2014 թվականը ավտոմատների սերիական արտադրությունը սկսել:

Տոպոևի հայտարարությունն կարող է ապացույց լինել այն փաստի, որ ոչ թե արտադրության մեկնարկն է ինչ-ինչ պատճառներով հետաձգվում, այլ որ ադրբեջանական կողմի հայտարարությունները (ներառյալ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի զեկույցները) սերիական արտադրությունը սկսելու մասին ուղղակի ապատեղեկատվություն են:

Փաստորեն, Կալաշնիկովի ավտոմատների սերիական արտադրությունը սկսելու մասին կեղծ հայտարարություններով Ադրբեջանի իշխանությունը մոլորեցնում էր թե´ ներքին լսարանին, թե´ «թշնամու»՝ այսինքն հայկական լսարանին, ընդ որում հայկական լրատվամիջոցները դարձել են ապատեղեկատվական այդ գործողության մասնակից:

Պարզ է, որ վաղ թե ուշ ադրբեջանական այս ապատեղեկատվությունը միևնույն է բացահայտվելու էր: Ինչը հարց է առաջացնում, թե ինչու է Ադրբեջանի իշխանությունը դիմում նման հնարքի։

Ադրբեջանական քարոզչությունը դիտարկելով՝ կարելի է եզրակացնել, որ այն միտում ունի ներկայացնել Ադրբեջանը որպես օր-օրի հզորացող երկիր, իսկ Հայաստանն ընդհակառակը՝ թուլացող: Եվ այս պայմաններում ԱԿ-74Մ ավտոմատներ արտադրելու մասին 4 տարի շարունակ արվող հայտարարությունները Բաքվի քարոզչության այս թեզն «ապացուցելու» ևս մեկ միջոց էր:

Մյուս կողմից՝ ռուսաստանյան արտոնագրով Ադրբեջանում ավտոմատներ արտադրելու տեղեկությունների վերաբերյալ հայկական մամուլի արձագանքները ցույց են տալիս, որ ադրբեջանցիները նաև նպատակ են ունեցել օգտագործել Ռուսաստանի հետ համագործակցելու փաստը, որպես լրացուցիչ առիթ Հայաստանում իր դաշնակցի հանդեպ դժգոհություն առաջացնելու: Օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանի վերոհիշյալ նյութում արտոնագրի տրամադրումը դիտարկվել էր հենց Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև զենքի առևտրի համատեքստում՝ ներկայացնելով Ռուսաստանը որպես Ադրբեջանի «լավագույն գործընկեր» ռազմատեխնիկական ոլորտում:

Ադրբեջանցիների ապատեղեկատվությունն ու քարոզչությունն, իհարկե, չի նշանակում, որ գործարան կամ արտադրություն չի լինի: Տոպոևի հայտարարությունից հետևում է, որ գործարանն առաջիկայում այնուամենայնիվ աշխատելու է: Սակայն պետք է հասկանալ, որ Ադրբեջանը վերջին 4 տարիներին՝ դեռ չսկսելով արտադրությունը, բավականին արդյունավետ կերպով օգտագործել է դեռ չաշխատող գործարանը քարոզչական արտադրանք «թողարկելու» համար:

One response to “Ադրբեջանում «կալաշնիկովների» գործարանը 4 տարի միայն քարոզչություն է «արտադրել»

  1. Pingback: Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունն Ադրբեջանում կարող է հիմնել սեփական արտադրություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *