ԱՄՆ–ը վերականգնում է Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ կիրառելու է ավելի խիստ պատժամիջոցներ։ Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է WashingtonPost պարբերականը։

Այսօր՝ օգոստոսի 6-ին վերջանում էր այն ժամկետը, որից հետո ԱՄՆ–ը պետք է վերականգեր Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների առաջին մասը։ Պատժամիջոցների 2-րդ մասը նախատեսվում է նոյեմբերի 4-ին՝ ԱՄՆ միջուկային ծրագրից դուրս գալու 180-րդ օրը։

Դրանք ներառում են Իրանի կառավարության կողմից դոլարի գնման, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտուր անելու, այլումին, պողպատ, ածուխ գնելու կամ վաճառելու, Իրանի մեքենաշինական արդյունաբերությանը առնչվող և այլ պատժամիջոցներ։ Արգելվելու է նաև իրանական գորգերի և սննդամթերքի ներկրումը ԱՄՆ։

Պատժամիջոցների երկրորդ մասը վերաբերում է Իրանի նավթային, էներգետիկ և բանկային ոլորտներին։ Իրանին արգելվելու է նավթի արդյունահանումը, ինչը վնաս է ոչ միայն Իրանի, այլև գնորդ հանդիսացող եվրոպական երկների համար։

Իսկ Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ները այսօր համատեղ հայատարարել են, որ արգելափակում են ԱՄՆ պատժամիջոցները Եվրամիության տարածքում։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Մենք խորապես ափսոսում ենք ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման համար, որը կապված է միջուկային համաձայնագրից վերջինիս դուրս գալու հետ։ Համատեղ գործողությունների  ծրագիրը (ՀԳԾ) աշխատում է ապահովելԻրանի ծրագրի միանգամայն խաղաղ դրսևորումը, ինչը ապացուցում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության 11 զեկույցները։ Սա աշխարհում միջուկային զենքի չտարածման գլոբալ գործունեության առանցքային տարրն է, որը Եվրոպայի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության վրա ունի որոշիչ բնույթ։ Մենք հույս ունենք, որ Իրանը կշարունակի ամբողջովին կատարել ՀԳԾ–ով սահմանված իր հանձնառությունները ․․․ ԵՄ արգելափակման հռչակագիրը ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ից, որպեսզի պաշտպանի ԵՄ ընկերությունների և Իրանի օրինական համագործակցությունը ԱՄՆ պատժամիջոցներից․․․ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը երրորդ երկրների հետ, որոնք ցանկանում են աջակցել ՀԳԾ–ին և պահպանել Իրանի հետ տնտեսական կապեր»։  

Ինչպես հայտնում է Al Jazeera լրատվակայքը, մինչ պատժամիջոցների վերականգնումը՝ օգոստոսի 4-ին, Իրանը ֆրանս–իտալական ATR ավիաընկերությունից ստացել է 5 ինքնաթիռ, որոնք այժմ Թեհրանի օդանավակայանում են։

Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կնքվել էր 2015թ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Միջուկային համաձայնագրի կնքումով ԱՄՆ–ն հանել էր մինչ այդ սահմանված պատժամիջոցների մի մասը։   

Իսկ 2018թ․ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ը դուրս է գալիս Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել էր նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։

Արդեն մայիսի 10-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ Միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո 90 և 180 օր ժամկետներում կվերականգնեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին 90 օրում նախարարությունը կաշխատի նաև Իրանին քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու համար Boeing և Airbus ավիաընկերությունների արտոնագրերը չեղարկելու ուղղությամբ։

Հեղինակ՝ Նանե Պետրոսյան

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *