ԱՄՆ-ն կչեղարկի Իրանին քաղաքացիական ինքնաթիռ վաճառելու Boeing-ի և Airbus-ի լիցենզիաները

Մայիսի 8-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո 90 և 180 օր ժամկետներում կվերականգնեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Առաջին 90 օրում նախարարությունը կաշխատի նաև Իրանին քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու համար Boeing և Airbus ավիաընկերությունների արտոնագրերը չեղարկելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

90 օր անց՝ օգոստոսի 6-ից,  վերականգնվելու են Իրանի կառավարության կողմից դոլարի գնման, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտուր անելու, այլումին, պողպատ, ածուխ գնելու կամ վաճառելու, Իրանի մեքենաշինական արդյունաբերությանը առնչվող և այլ պատժամիջոցները։ Արգելվելու է նաև իրանական գորգերի և սննդամթերքի ներկրումը ԱՄՆ։

180 օր հետո՝ նոյեմբերի 4-ին, վերականգնվելու են նավթային, էներգետիկ և բանկային ոլորտներին վերաբերող պատժամիջոցները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել է նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։

Թրամփի որոշմանն ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հրահանգել է Իրանի արտգործնախարարին կարճ ժամանակում բանակցություններ սկսել համաձայնագիրը կնքած մյուս երկրների հետ ,և «եթե Իրանի ազգային շահերն ապահովվեն, համաձայնագիրը չի լուծարվի»: Միաժամանակ Ռոհանին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հրահանգել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում վերսկսել առանց սահմանափակումների արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումը:

Համաձայնագիրը կնքած մյուս երկրները հանդես են եկել գործարքին հավատարիմ մնալու հայտարարություններով։

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերին ԱՄՆ կառավարությունը թույլատրեց Boeing և Airbus ընկերություններին մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո  Իրանը 50 միավոր Boeing 737 և 30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ գնելու մասին  համաձայնագիր ստորագրեց  Boeing ավիաընկերության հետ:

Այնուհետև Iran Air ավիաընկերությունը  Airbus-ի հետ  համաձայնության եկավ Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ։ 2017 թվականի հունվարից Airbus-ը սկսել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռների մատակարարումը։ Թեև Airbus-ը եվրոպական ընկերություն է, սակայն ինքնաթիռների արտադրության համար նաև ամերիկյան մասեր է օգտագործում, ինչի պատճառով վաճառքի համար պետք է ստանա նաև ԱՄՆ համաձայնությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *