Թուրքիան առաջին F-35 կործանիչը կստանա 2019-ի նոյեմբերին. «Հյուրիեթ»

Ըստ թուրքական որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ հենց այս տարվա հունիսից Թուրքիան կստանա F-35 կործանիչների առաջին խմբաքանակը: Ըստ այդ տվյալների՝ առաջին մատակարարումը նախատեսվում է 2019 թ. նոյեմբերին:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

F-35A կործանիչներ

F-35A կործանիչներ

2018 թ. հունիսի 21-ին ԱՄՆ-ում պաշտոնապես կհայտնեն, որ առաջին կործանիչը հանձնում են Թուրքիային: Թուրքական աղբյուրը նշում է, որ առաջին F-35-ը հունիսի 21-ից հետո որոշ ժամանակ կմնա ԱՄՆ-ում, որպեսզի օդաչուները վերապատրաստում անցնեն կործանիչներն արտադրող Lockheed Martin ընկերությունում: Ուսումնական փուլի ավարտից հետո՝ 2019 թ. նոյեմբերին, կործանիչները կուղարկվեն Թուրքիա:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ Սենատի մի քանի սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Սրան ի պատասխան՝  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների վաճառքի չեղարկումն անընդունելի է և, նման զարգացման դեպքում, Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի:

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառներից է նաև Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 ԶՀՀ-ներ գնելու որոշումը: Որոշ տեղեկություններով՝ Թուրքիան դրա պատճառով նույնիսկ կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:

ՆԱտօյական դաշնակիցները հակասություններ ունեն նաև Սիրիայում: Միացյալ Նահանգներն աջակցում է քրդական ուժերի, որոնց Անկարան համարում է «ահաբեկչական կառույցներ»: Թուրքիան ԱՄՆ-ին պարբերաբար մեղադրում է «ահաբեկիչներին աջակցելու համար»:

Խնդրահարույց է նաև թուրք քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի խնդիրը, ով բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Անկարան Գյուլենին է մեղադրում Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար և պահանջում է արտահանձնել նրան, սակայն ԱՄՆ-ն հրաժարվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *