ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային  համաձայնագրից

Մայիսի 8-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները: Միաժամանկ Թրամփը խոստացավ Իրանի նկատմամբ կիրառել ավելի խիստ պատժամիջոցներ:

Թրամփի հայտարարությունից հետո իրանական  հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով Թրամփի քայլը որակել է որպես Իրանի նկատմամբ հոգեբանական պատերազմ:

Ռոհանին հայտարարել է, որ հրահանգել է Իրանի արտգործնախարարին կարճ ժամանակում բանակցություններ սկսել համաձայնագիրը կնքած մյուս երկրների հետ ,և «եթե Իրանի ազգային շահերը ապահովվեն, համաձայանգիրը չի լուծարվի»:Միաժամանկ Ռոհանին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հրահանգել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում առանց սահմանափակումների վերսկսել արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումը:

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես արձագանքել է Թրամփի որոշմանը՝ հայտարարելով, որ քանի դեռ Իրանը կատարում է իր պարտավորությունները, Եվրամիությունը հավատարիմ է մնալու համաձայնագրին:

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել էր, որ անկախ նրանից, թե ԱՄՆ նախագահը ինչ որոշում կկայացնի, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան շարունակելու են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրի կատարմանը:

Իրանը մինչ այս հայտարարում էր, որ ԱՄՆ դուրս գալու պարագայում մշակել է գործողությունների մի քանի տարբերակ, որոնցից մեկն է միջուկային ոլորտում ավելի ինտեսիվորեն ակտիվանալը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *