Դեկտեմբերի 11-ին Թեհրանում ամերիկյան Boeing և իրանական Iran Air ավիաընկերություները ստորագրել են Իրանին 50 միավոր Boeing 737 և 30 միավոր Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ինքնաթիռներն Իրանին են մատակարարվելու 10 տարվա ընթացքում: Գործարքի արժեքը շուրջ 17 մլրդ դոլար է:
Ըստ Reuters գործակալության` շուտով Իրանը նմանատիպ համաձայնագիր կկնքի նաև եվրոպական Airbus ավիաընկերության հետ:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի վերջին՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ֆրանսիական Airbus ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 118 միավոր մարդատար ինքաթիռ գնելու շուրջ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:
Հունիսին հայտնի դարձավ, որ Իրանը մտադիր է ամերիկյան Boeing ընկերությունից գնել 80 ինքնաթիռ և ևս 29-ը վարձակալել լիզինգով: Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:
Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:
Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:
Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին:
Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել նոր ինքնաթիռներով:
Pingback: Airbus-ը Իրանին կմատակարարի պատվիրած 100 ինքնաթիռներից առաջինը | Ռազմ.info