Թուրքիան և Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի իրականացումը։ 2014-ից քննարկվող նախագիծը ընդամենը մեկ տարի առաջ Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր։ Ներկայում ևս Սիրիայի հարցով հիմնական հակասությունները դեռ պահպանվում են, սակայն որոշակի ոլորտներում առկա է երկխոսություն, ընթանում է կարգավորման գործընթաց։
Գազատարի շինարարության հարցում Թուրքիան և Ռուսաստանը, չնայած հակասություններին, ունեն նաև ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ սեփական շահեր։ Այդ շահերը ստիպում են, որպեսզի երկու երկրներն էլ հակված լինեն գազատարի կառուցմանը։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ թե´ Ռուսաստանի, թե´ Թուրքիայի պարագայում, տնտեսական գործընթացները անքակտելիորեն շաղկապված են քաղաքական խնդիրների ու շահերի հետ։ Սակայն դրանք միայն Սիրիայով չեն սահմանափակվում։
Այստեղ պետք է հաշվի առնել նաև ռուս-ուկրաինական լարված հարաբերությունները և դրանց համատեքստում Եվրոպայի ու Ռուսաստանի հարաբերությունների լարումը։
Թուրքական կողմը ևս խնդրիներ ունի Եվրոպայի հետ՝ կապված Եվրամիության անդամակցության գործընթացում ԵՄ բացասական դիրքորոշման հետ։ Թուրքիայի համար կարևոր է նաև այն, որ մեծանում է երկրի տարանցիկ նշանակությունը։ Մյուս կողմից՝ ավելանում է Թուրքիայի կախվածությունը ռուսաստանյան գազից։ Սակայն Ռուսաստանը մեծացնում է Թուրքիային մատակարարվող գազի ծավալները՝ մասնակիորեն կոմպենսացնելով Ուկրաինային չմատակարարվող գազի ծավալները։
Ռազմինֆոն «Թուրքական հոսքի» հնարավոր իրականացման, այդ հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերի, ինչպես նաև առկա հակասությունների մասին զրուցել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի և քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ։
Ռուս-թուրքական գազային համագործակցություն․ սիրիական ճգնաժամի ազդեցությունը «Թուրքական հոսքի» վրա
Ռուսաստանի գազ արտահանող «Գազպրոմ» ընկերության տվյալներով՝ Թուրքիան ռուսական գազն օգտագործող երկրորդ երկիրն է՝ Գերմանիայից հետո (մինչև 2013-14 թթ․ Ռուսաստանից ներկրվող գազի ծավալով Թուրքիան զիջում էր նաև Ուկրաինային): Ներկայում ռուսաստանյան գազը Թուրքիային մատակարարվում է «Երկնագույն հոսք» և Անդրբալկանյան գազատարերով:
Թուրքական կողմի տվյալներով՝ Ռուսաստանը Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկիրն է (Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպության զեկույց)։
1986 թ. ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրել են 1987-2011 թթ. Թուրքիայի տարեկան 6 մլրդ մ³ գազի մատակարարման պայմանագիր: Առաջին անգամ ԽՍՀՄ բնական գազը Թուրքիային մատակարարվել է 1987 թ. Անդրբալկանյան գազատարով, որն անցնում է Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքներով: 2003-ից գործարկվել է նաև «Երկնագույն հոսք» գազատարը, որը անցնում է Սև ծովի հատակով, մինչև Թուրքիայի Սամսուն նավանահանգիստ: Տարեկան թողունակությունը 16 մլրդ մ³ է:
Մինչև 2014 թ. Ռուսաստանը ցանկանում էր Եվրոպային գազի մատակարարման ծավալները մեծացնելու համար գազատար կառուցել Բուլղարիայի տարածքով («Հարավային հոսք»): Սակայն Բուլղարիան Եվրամիության ճնշման տակ չի թույլատրում գազատարի շինարարությունը, ինչից հետո Ռուսաստանը նոր գազատարի շուրջ պայմանավորվում է թուրքական կողմի հետ: Ռուսաստանը նշում է, որ Եվրամիության որոշումը կապված էր ուկրաինական ճգնաժամի և 2014 թ. մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմի միացման հետ:
Թուրքիայի գազի մատակարարման ծավալների մեծացման, Եվրոպա արտահանման գործընթացում Ուկրաինայից կախվածությունը փոքրացնելու համար 2014 թ. դեկտեմբերի 1-ին «Գազպրոմը» թուրքական «Բոթաշ» ընկերության հետ ստորագրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման փոխգործակցության հուշագիր:
Նոր գազատարի շինարարության աշխատանքները նախատեսվում էր սկսել 2015 թ. վերջին, սակայն 2015 թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ կործանիչի խոցումից հետո գազատարի շինարարության բանակցությունները դադարեցվել էին:
Ներկա փուլ
Բանակցությունները վերսկսվեցին միայն 2016 թ. հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին ուղարկած նամակից հետո սկսված թուրք-ռուսական երկխոսության համատեքստում: Հոկտեմբերի 10-ին Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակներում կողմերը ստորագրեցին «Թուրքական հոսքի» երկու խողովակաշարի կառուցման միջկառավարական համաձայնագիր:
«Թուրքական հոսքի» կառուցման ռուս-թուրքական համաձայնագիրը դեկտեմբերի 2-ին հաստատել է Թուրքիայի խորհրդարանը, իսկ դեկտեմբերի 5-ին վավերացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դեկտեմբերի 8-ին ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության նիդեռլանդական դուստր ընկերությունը եվրոպական Allseas Group ընկերության հետ ստորագրել է «Թուրքական հոսք» գազատարի առաջին խողովակաշարի կառուցման պայմանագիրը: Օպցիոնով նախատեսված է նաև երկրորդ խողովակաշարի կառուցումը:
Պայմանագրով Allseas ընկերությունը Սև ծովի հատակով պետք է անցկացնի շուրջ 900 կմ երկարությամբ խողովակաշար: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. երկրորդ կեսից: Սակայն ռուսաստանյան կողմը դեռևս չի վավերացրել գազատարի շինարարության մասին ռուս-թուրքական համաձայնագիրը: Երկու խողովակաշարերի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019 թ. վերջին:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք սիրիական ճգնաժամը կարող է մեկ անգամ ևս ազդել «Թուրքական հոսքի» կառուցման վրա՝ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը Razm.info-ի հետ զույցում նշեց.
«Երկու երկրների ղեկավարները առանձնանում են պոռթկուն քայլերով, դա հատկապես վերաբերում է Թուրքիայի ղեկավար Էրդողանին: Այդ իսկ պատճառով ոչ մի բան չի կարելի բացառել: Սակայն, ելնելով սիրիական հատվածում վերջին զարգացումներից, չնայած որ կողմերը պահպանում են Սիրիայի ապագայի հարցով տարբեր դիրքորոշումներ, սակայն տակտիկական հարցերում որոշակի համաձայնություն կա: Դրա արդյունքներից են Հալեպում ռուսաստանյան օդուժի աջակցությամբ Սիրիայի բանակի հաջողությունները:
Սակայն Ռուսաստանի համար այստեղ ամենակարևորը Ուկրաինայով գազի տարանցիկ արտահանումը կա՛մ նվազագույն չափերի հասցնելն է, կա՛մ լրիվ բացառելը: Ուկրաինական հարցը, ամեն դեպքում, մնում է ամենակարևոր խնդիրը ռուսաստանյան կողմի համար»:
Խոսելով Թուրքիայի շահերից՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նշեց, որ երբ Եվրամիության անդամ Բուլղարիան ԵՄ-ի ազդեցությամբ 2014թ. սառեցրեց «Հարավային հոսքը», Թուրքիան անմիջապես իր տարածքը, իր ծառայություններն առաջարկեց Ռուսաստանին՝ դրանով ցանկանալով նաև ԵՄ-ին ի ցույց դնել, թե նրա համար ինչ խնդիրներ կարող է առաջացնել այն, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ չէ։ Թուրքիան ցուցադրաբար չմիացավ նաև Ռուսաստանի ու Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին։
«Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքի» վրա սիրիական զարգացումների հնարավոր բացասական ազդեցությանը, ապա չեմ կարծում, թե այլևս կրկնվի նման իրավիճակ։ Նախևառաջ Թուրքիան այլևս պատրանքներ չի տածում, թե իրեն ինչ է սպասվում Ռուսաստանի դեմ նման քայլերի (հատկապես ինքնաթիռ խոցելու) հարցում։ Դա վկայեց նաև ինքնաթիռային միջադեպից ուղիղ մեկ տարի անց՝ 2016թ. նոյեմբերի 24-ին, Սիրիայում թուրք զինծառայողներին հասցված ավիահարվածը, ինչից հետո Էրդողանը հարկադրված եղավ երկու անգամ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ և ոչ ավելի։
Բացի այդ, ներկա դրությամբ երկու կողմերն էլ որոշակի գոհ կարող են լինել Սիրիայում իրավիճակի զարգացումից. Ռուսաստանը մոտ է Հալեպից ահաբեկիչների դուրս մղմանը, Թուրքիան էլ առաջընթաց է գրանցել Սիրիայի քրդերի միավորումը կանխելու, Սիրիայի հյուսիսում ռազմական ներկայություն հաստատելու և անվտանգության գոտի ստեղծելու պլաններում»,– ասաց Գաբրիելյանը:
Թուրքագետը ևս կարծում է, որ ամեն դեպքում, Էրդողանի «պոռթկուն» բնավորությունը հաշվի առնելով, ոչ մի բան չի կարելի է բացառել:
Գազատարի տեխնիկական հնարավորությունները
«Թուրքական հոսքով» յուրաքանչյուր խողովակաշարի տարեկան թողունակությունը նախատեսվում է 15,75 միլիարդ մ³: Առաջին խողովակաշարի գազն ուղղվելու է թուրքական շուկային, իսկ երկրորդինը՝ եվրոպական: Խողովակաշարի ծովային հատվածը (~910կմ) ամբողջությամբ պատկանելու է «Գազպրոմին»: Թուրքիայում կառուցվելիք ցամաքային հատվածի բաժնետոմսերը հավասարապես կիսվելու են թուրքական և ռուսաստանյան ընկերությունների միջև:
Ընդհանուր ծրագիրը 2014 թ․ տվյալներով նախատեսում էր 4 նման խողովակաշարերի կառուցում: Այդ դեպքում գազատարի ընդհանուր թողունակությունը մեկ տարում կլիներ 63 միլիարդ մ³ի չափով:
Անդրադառնալով մյուս խողովակաշարերի հնարավոր կառուցման հետ կապված խնդիրներին՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նշեց.
«… Մյուս երկու ճյուղերի հարցը թողնվել է հետագային, քանի որ Ռուսաստանը նախ պետք է կարողանա «մարսել» դեպի Եվրոպա առաջին ճյուղի կառուցումը և հետո նոր մտածի դեպի Եվրոպա երկրորդ ու երրորդ ճյուղերի կառուցման մասին։ Ամեն դեպքում եթե Ռուսաստանի ծրագրերում չլիներ «Թուրքական հոսքով» Եվրոպային գազ մատակարարելու հարցը և լիներ միայն Թուրքիային գազով ապահովելու հարցը, ապա Ռուսաստանն այդ դեպքում կկառուցեր «Երկնագույն հոսք 2»[1] գազատարը, քանի որ վերջինիս երթուղին շատ ավելի կարճ է (ծախսերն ավելի փոքր են)՝ համեմատած «Թուրքական հոսքի» հետ, և Ռուսաստանը Թուրքիային գազի հավելյալ մատակարարումներ կիրականացներ հենց այդ կարճ երթուղով։ Թուրքիան էլ բնականաբար խստապես ցանկանում է «Թուրքական հոսքի» կառուցումը, որպեսզի ռուսական գազի համար նույնպես դառնա տարանցիկ երկիր, ինչը կապահովի հավելյալ եկամուտներ և կմեծացնի նրա պահանջարկը Ռուսաստանի (նաև ԵՄ-ի) համար, նրան տարանցիկ կախվածության մեջ կդնի Թուրքիայից»։
«Թուրքական հոսքին» հնարավոր մրցակից ծրագրեր
Խոսելով Բուլղարիայի տարածքով «Հարավային հոսք» ծրագրի հնարավոր վերսկսմանը՝ Խալաթյանը նշեց, որ այստեղ մեկ կարևոր զարգացում կա վերջին շրջանում: Բուլղարիայում նախագահ է ընտրվել առավել ռուսամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող անձ, ի տարբերություն նախորդ նախագահի, որը ամբողջովին պաշտպանում էր ԵՄ քաղաքականությունը և ամեն բան արեց, որ այդ ծրագիրը չիրականացվի: Խալաթյանը նկատեց, որ Բուլղարիայի նոր իշխանությունները կարող են ձեռնտու լինել Ռուսաստանի քաղաքականության տեսանկյունից, սակայն պարզ չէ, թե դրանից ինչքանով կօգտվի Ռուսաստանը: Սրա հետ կապված թուրքագետ Գաբրելյանը նշեց, որ թեև Բուլղարիան ևս կցանկանա վերակենդանացնել ծրագիրը, սակայն ավելացրեց․
«Այստեղ միայն Բուլղարիայի ցանկությունը շատ քիչ է։ Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների համատեքստում դժվար է պատկերացնել, որ կիրագործվի «Հարավային հոսքի» նախագիծը։ Ամեն դեպքում Ռուսաստանը հետագայում կարող է անդրադառնալ նաև տվյալ նախագծի իրագործմանը և միգուցե կփորձի «Թուրքական հոսքի» 3-րդ և 4-րդ ճյուղերը Թուրքիայի փոխարեն ուղղել դեպի Բուլղարիա (ԵՄ-ի կողմից հակազդեցության բացակայության դեպքում), ինչը Ռուսաստանի համար կապահովի տարանցման դիվերսիֆիկացում»։
Մրցակցություն Թուրքիային գազ մատակարարելու համար
Թուրքիան բնական գազ ներկրում է հիմնականում 3 երկրներից՝ Ռուսաստան, Իրան, Ադրբեջան: Ադրբեջանական գազը ներկայում ներկրվում է «Բաքու–Թբիլիսի–Էրզրում» գազատարով («Հարավկովկասյան գազատար»): Այն նախատեսվում է ընդգրկել միացնել Անդրանատոլիական գազատարին (Trans-Anatolian Natural Gas Pipeline Project (TANAP)), իսկ հետագայում նաև Տրանսադրիատիկ գազատարին (Trans Adriatic Pipeline (TAP)), որը թույլ կտա Հունաստանի և Ալբանիայի տարածքներով և Ադրիատիկ ծովով գազը հասցնել Իտալիա և գազատարը կցել եվրոպական ցանցին։ Նոր գազատարով նախատեսվում է արտահանել տարեկան 16 մլրդ մ³ գազ, որից 6 միլիարդը նախատեսված է Թուրքիայի, իսկ 10 միլիարդը՝ Եվրոպայի համար:
Թուրքիայի գազի ներկրման ծավալները 2015 թ. (Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպության զեկույց, մլրդ մ³)
Ռուսաստան | Իրան | Ադրբեջան | Ալժիր* | Նիգերիա* | Այլ* | Ընդհանուր |
26,783 | 7,826 | 6,169 | 3,916 | 1,240 | 2,493 | 48,427 |
* Հեղուկ գազ (LNG)
«Գազպրոմի» տվյալներով՝ 2015 թ․ ևս Թուրքիան Գերմանիայից հետո ռուսաստանյան գազ ներկրող երկրորդ երկիրն է եղել։
Անդրադառնալով Թուրքիայով Եվրոպային գազ մատակարարելու երկու ծրագրերին՝ Գաբրիելյանը նշեց.
««Թուրքական հոսքը» և TANAP-ը իսկապես մրցակից ծրագրեր են, սակայն շատ բան էլ կախված է Թուրքիայում ու Եվրոպայում գազի պահանջարկից, կողմերի դիվերսիֆիկացման ծրագրերից։ Թվում է, թե «Թուրքական հոսքի» միայն 1 ճյուղի կառուցմամբ (որը նախատեսված կլինի Թուրքիային գազով ապահովելու համար) Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարումների տարեկան ծավալը կհասնի մոտ 43 մլրդ (27+16 մլրդ) խորանարդ մետրի, ինչը գրեթե լիովին կբավարարի Թուրքիայի գազային պահանջարկը։
Սակայն այստեղ կա մի հարց. Ռուսաստանը «Թուրքական հոսքի» կառուցմամբ ձգտում է ձերբազատվել Եվրոպային գազ մատակարարելու հարցում Ուկրաինայից ունեցած տարանցիկ կախվածությունից։ Սա նշանակում է, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման դեպքում ըստ ամենայնի կդադարեցվեն «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով (Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիայի եվրոպական հատված) ռուսական գազի մատակարարումները Թուրքիային։
Ներկայումս թուրքական վեց մասնավոր ընկերություններ տվյալ խողովակաշարով ներկրում են տարեկան 10 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ (թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը «Անդրբալկանյան» գազատարով ռուսական գազ գնելուց հրաժարվել է դեռևս 2011թ. աշնանը՝ համապատասխան պայմանագրի 25-ամյակի ավարտին՝ կապված նրա հետ, որ ռուսական կողմը հրաժարվեց էական զեղչ տրամադրել)։
Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը Թուրքիային հետագայում («Թուրքական հոսքի» առաջին ճյուղի կառուցումից հետո) կմատակարարի տարեկան մոտ 33 մլրդ խորանարդ մետր գազ։ Դա նշանակում է, որ Թուրքիան կշարունակի կարիք ունենալ գազ ներկրելու նաև այլ երկրներից: Ավելին, Թուրքիան գազի մատակարարման հարցում վտանգավոր կախվածության մեջ է Ռուսաստանից, ինչը նույնպես մղում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման։
Ինչ վերաբերում է TANAP գազատարով առաջին փուլում Թուրքիային տարեկան 6 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարմանը (Եվրոպան այդ գազատարով առաջին փուլում կստանա տարեկան 10 մլրդ խորանարդ մետր), ապա Ադրբեջանն այդ դեպքում կդառնա Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարար երկիրը՝ գերազանցելով Իրանին, որը Թուրքիային ներկայումս մատակարարում է տարեկան մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ։
Բացի այդ, Թուրքիան գազն ամենաէժան գնով գնում է հենց Ադրբեջանից, իսկ ամենաթանկ գնով՝ Իրանից (ռուսական գազի գինը միջին դիրքում է)։ Ամեն դեպքում հարկ է հաշվի առնել նաև PKK-ի գործոնը, որը ցայժմ բազմիցս պայթեցրել է Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները (երբեմն գրեթե միաժամանակ երկուսն էլ), ինչը ծանր դրության մեջ է դնում Թուրքիային և հատկապես ձմռանը, երբ երկրում աճում է գազի պահանջարկը (Թուրքիան ունի ընդամենը մեկ ստորգետնյա գազապաստարան՝ Սիլիվրիում), և Թուրքիան գազատարի պայթեցման դեպքում ստիպված է լինում դիմել իր հիմնական երեք մատակարարներից մյուսին՝ խնդրելով ավելացնել գազի մատակարարումը։
Մինչդեռ Ռուսաստանից Թուրքիա եկող գազատարները չեն ենթարկվում PKK-ի հարձակումներին, այդ թվում նաև աշխարհագրական գործոնի պատճառով. դրանք գտնվում են PKK-ի ակտիվ գործունեության տարածքից դուրս։ Թուրքիային ռուսական գազի մատակարարումները կարևոր են նաև այս պլանում։
TANAP գազատարի կառուցումը չափազանց մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար, քանի որ բացի երկրի ներսում գազի պահանջարկը բավարարելու համար դիվերսիֆիկացումից, այն Թուրքիային հնարավորություն կընձեռի հետագայում դառնալ աշխարհի թերևս խոշորագույն գազային հանգույցը։ Տարիներ կամ տասնամյակներ անց կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիայի տարածքում TANAP գազատարին տեսականորեն կարող են միանալ և այդ կերպ Եվրոպա արտահանվել Իրանի, Թուրքմենստանի (միգուցե նաև Ուզբեկստանի), Իրաքի, Կատարի, Եգիպտոսի, Կիպրոսի, Իսրայելի գազը։
Այսինքն, տեսականորեն հնարավոր է Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանել մոտ 10 երկրի գազ՝ ներառյալ ռուսական ու ադրբեջանական գազը։ Սակայն դրան հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի տարածաշրջանային իր ագրեսիվ քաղաքականությունից և անցում կատարի կառուցողական քաղաքականության։ Եվ անգամ այդ դեպքում շատ բան էլ կախված կլինի միջազգային իրավիճակի զարգացումից»:
Հավելենք, որ Ուկրաինան շրջանցելու և ռուսաստանյան գազը Եվրոպային մատակարարելու համար Բալթիկ ծովի հատակով գործում է «Հյուսիսային հոսք» գազատարը: 2015 թ. Ռուսաստանը մեկնարկել է նաև «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականցումը, ինչը նույնպես նախատեսվում է ավարտել 2019 թ. վերջին:
Ի տարբերություն «Թուրքական հոսքի», որի երկու խողովակաշարը 2019-ին ավարտելու դեպքում Եվրոպա հնարավոր կլինի արտահանել տարեկան առավելագույնը 15,75 մլրդ մ³ գազ՝ «Հյուսիսային հոսքի» երկու խողովակաշարերի թողունակությունը կկազմի շուրջ 110 մլրդ մ³:
Եզրակացություն
Այսպիսով, ամփոփելով առկա տվյալները, կողմերի շահերը և հակասությունները՝ կարող ենք նշել․
- ներկայում Ռուսաստանը և Թուրքիան հակված են «Թուրքական հոսք» գազատարի 2 խողովակաշարերի կառուցմանը, որոնցից մեկն ուղղվում է թուրքական ներքին, իսկ մյուսը՝ եվրոպական շուկային։ Մյուս 2 խողովակաշարերի կառուցումը դեռևս հարցականի տակ է։
Գազատարի կառուցման հարցում կողմերի շահերը․
Ռուսաստանը՝
- Մասնակիորեն լուծում է Ուկրաինայով գազի տարանցիկ արտահանման հետ կապված խնդիրները,
- Առանց Ուկրաինայի տարածքով Թուրքիա գնացող գազատարն օգտագործելու, ոչ միայն հնարավորություն է ստանում պահպանելու Թուրքիային մատակարավող գազի ծավալները, այլև ավելացնում է այն,
- Խորացնում է տնտեսական կապերը Թուրքիայի հետ, ինչը, ըստ ռուսաստանյան կողմի, թույլ կտա ազդել նաև քաղաքական խնդիրների լուծման վրա։
Թուրքիան՝
- Կարող է դառնալ Եվրոպային գազ մատակարարող երկու տարբեր ծրագրերի համար տարանցիկ երկիր։ Դա իր հերթին թույլ է տալիս ամրապնդել Եվրամիության հետ բանակցային դիրքերը,
- Բացի քաղաքական նշանակությունից ապահովում է բյուջետային մուտքեր գազի տարանցիկ արտահանումից։
Կողմերի հակասությունները, որոնք կարող են խանգարել ընդհանուր ծրագրերի իրականացմանը՝
- Թուրքիան և Ռուսաստանը, չնայած որոշակի համաձայնությանը, պահպանում են հիմնական հակասությունները սիրիական հակամարտության կարգավորման հարցում։ Կողմերը հակասություններ ունեն նաև Ղրիմի հարցում[2]։
- Թուրքիան ավելացնում է գազային կախվածությունը Ռուսաստանից։ Սակայն դրան զուգահեռ Ռուսաստանը որոշակի կախվածություն կունենա Թուրքիայից՝ Եվրոպային գազի մատակարարման համատեքստում։
Ամփոփելով նշենք, որ չնայած ներկայում կողմերը հակված են գազատարի շինարարությանը, սակայն ապագայում, հաշվի առնելով առկա հակասությունները և անցյալի նմանատիպ փորձը, չի բացառվում, որ գազատարի շինարարությունը կարող է երկարաձգվել կամ կրկին սառեցվել անորոշ ժամանակով։
Ծանոթագրություններ
[1] «Երկնագույն հոսք-2» ծրագիրը քննարկվել է 2009-10 թթ., երբ նախատեսվում էր Սև ծովով մինչև Թուրքիայի Սամսուն նավահանգիստ անցկացնել ևս մեկ խողովակաշար, որով պետք է գազ մատակարարվեր Թուրքիային և Իսրայելին: Այստեղ ծովի հատակով խողովակաշարի երկարությունն անհամեմատ ավելի կարճ է: Սակայն ծրագիրը հետագա ընթացք չի ստացել, քանի որ Իսրայելի գազի տարեկան պահանջարկը արդեն բավարարում է Եգիպտոսը: Թուրքիայի դեպքում առավել ձեռնտու կլիներ կարճ ճանապարհով կառուցելը, սակայն այդ պարագայում կդժվարանար Եվրոպային մատակարարելու խնդիրը: «Թուրքական հոսքով» խողովակաշարը դուրս է գալիս Թուրքիայի եվրոպական մաս:
[2] Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Օր․ տես՝ Türkiye ile Ukrayna Arasında Anlaşmalar İmzalandı, Բացի այդ, Թուրքիան հովանավորում է նաև ղրիմի թաթարների կազմակերպությունները, որոնք ևս հանդես են գալիս Ղրիմում Ռուսաստանի իշխանության դեմ։ Տես․ “Türkiye Kırım’ın Gayrimeşru İlhakını Tanımamıştır, Tanımayacaktır” — Թուրքիայի նախագահի աշխատակազմի կայք, 09․03․2016 թ․։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info