Սաուդյան Արաբիան պատրաստ է սկսել միջուկային զենքի մշակում և արտադրություն, եթե Իրանը վերսկսի իր միջուկային զենքի ստեղծման ծրագիրը: Այս մասին մայիսի լույս 9-ի գիշերը CNN-ին հայտնել է սաուդական թագավորության արտաքին գործերի նախարարը: Փոխանցում է CNN-ի կայքը:
Ադել ալ-Ջուբեյրը նաև ողջունել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշում է, որ իրենք հավատում էին, թե Իրանի հետ գործարքը ձախողված էր:
Ալ-Ջուբեյրը հավելել է, թե միջուկային գործարքը չէր վերաբերում Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծմանը, «ահաբեկչությանը սատարելուն»:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։
Դրանից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ եթե գործարքը փրկել չստացվի, ապա իրենք կարող են վերսկսել առանց սահմանափակումների արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումը:
ԱՄՆ-ի որոշմանը դեմ են միջուկային գործարքի անդամ մյուս երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: