Իրանի հոգևոր առաջնորդը Միջուկային գործարքի պահպանման համար երաշխիքներ է ցանկանում Եվրոպայից

Մայիսի 9-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի վստահում Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային և Միջուկային համաձայնագրի պահապանման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ 3  երկրներից իրական երաշխիքներ ստանան։ Այս մասին փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

«Եվրոպական 3 երկրների հետ բանակցությունների հետ կապված ասում եմ՝ նրանց ևս մի վստահեք, և ցանկացած պայմանագրի համար պետք է իրական և իրագործելի երաշխիքներ ստանաք, հակառակ դեպքում չի լինի այս կերպ շարունակել շարժվել»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել է նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։

Արձագանքելով Թրամփի որոշմանը՝ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ քանի դեռ Իրանը կատարում է իր պարտավորությունները, Եվրամիությունը հավատարիմ է մնալու համաձայնագրին:

Թրամփի հայտարարությունից հետո իրանական  հեռուստատեսությամբ ելույթ էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով Թրամփի քայլը որակել է որպես Իրանի նկատմամբ հոգեբանական պատերազմ:

Հասան Ռոհանին հայտարարել էր, որ հրահանգել է Իրանի արտգործնախարարին կարճ ժամանակում բանակցություններ սկսել համաձայնագիրը կնքած մյուս երկրների հետ, և «եթե Իրանի ազգային շահերը ապահովվեն, համաձայանգիրը չի լուծարվի»: Միաժամանակ Ռոհանին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հրահանգել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում առանց սահմանափակումների վերսկսել արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումը:

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու կապակցությամբ Իրանի ժողովրդին շնորհավորել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը և հայտարարել, որ ԱՄՆ կողմից գործարքը լքելը ցույց է տալիս, որ «Իրանի ուրանի հարստացման հարցը պարզապես պատրվակ էր և ԱՄՆ  հիմնական խնդիրը տարածաշրջանում Իրանի ունեցած ազդեցությունն ու հրթիռային կարողությունն են»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *