Մայիսի 18-ին Եվրոպական հանձնաժողովը Իրանի նկատմամբ կիրառվելիք ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական ընկերությունները պաշտպանելու համար սկսել է «արգելափակման մասին կանոնակարգի» ակտիվացման գործընթացը: Կանոնակարգը եվրոպական ընկերություններին արգելելու է կատարել ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ կանոնակարգի՝ ԱՄՆ պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկյա դատարանների վճիռները չեն գործելու ԵՄ տարածքում:
«Որպես եվրոպական հանձնաժողով մենք պարտավոր ենք պաշտպանել եվրոպական ընկերությունները: Հիմա մենք պետք է գործենք և դրա համար ենք սկսում 1996թ. արգելափակման կանոնակարգի գործարկումը»,– հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
.@JunckerEU #Sofia #Iran “Need to protect our companies, notably SMEs. @EU_Commission will start work tomorrow on amending the Blocking Statute to include US Iran sanctions. Aim is to get it in place before sanctions kick in on 6 August. We need to do it and we will do it.” pic.twitter.com/ZB3ZPVGc53
— Mina Andreeva (@Mina_Andreeva) May 17, 2018
Եվրամիությունը նպատակ ունի կանոնակարգը գործարկել մինչև օգոստոսի 6-ը, երբ ուժի մեջ կմտնի ԱՄՆ պատժամիջոցների առաջին փաթեթը:
«Արգելափակման կանոնակարգը» առաջին անգամ ԵՀ-ն ընդունել է 1996թ՝ ի պատասխան Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ն կիրառած տնտեսական պատժամիջոցների:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից և վերականգնում Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցները։ Թրամփը խոստացել էր նաև Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել։
Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո Եվրամիությունը հայտարարել էր, որ հավատարիմ է մնալու Միջուկային համաձայնագրին: Իսկ Իրանը համաձայնագրի պահպանման համար հստակ երաշխիքներ էր պահանջել Եվրամիությունից: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար մայիսնի 15-ին առաջին հանդիպումն են անցկացրել Իրանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի արտգործանախարարները և ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպումը գնահատել է «լավ ու կառուցողական»:
Հավելենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնվելու են 90 և 180 օր ժամկետներում։
90 օր անց՝ օգոստոսի 6-ից, վերականգնվելու են Իրանի կառավարության կողմից դոլարի գնման, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտուր անելու, այլումին, պողպատ, ածուխ գնելու կամ վաճառելու, Իրանի մեքենաշինական արդյունաբերությանը առնչվող և այլ պատժամիջոցները։ Արգելվելու է նաև իրանական գորգերի և սննդամթերքի ներկրումը ԱՄՆ։
180 օր հետո՝ նոյեմբերի 4-ին, վերականգնվելու են նավթային, էներգետիկ և բանկային ոլորտներին վերաբերող պատժամիջոցները։