Ռուսաստանի ՌՕՈւ կստանա մեկական Սու–57 բազմաֆունկցիոնալ կործանիչ 2019 և 2020 թվականներին։ Նախկինում ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ երկու կործանիչներն էլ սպառազինությունը կհամալրեն 2020 թվականին։
Այս մասին հայտնել է «Սուխոյ» ավիաշինական ընկերության մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Պեկարշը․ փոխանցում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։
Սու–57–երի մատակարարման պայմանագիրը կնքվել էր «Армия 2018» միջազգային ֆորումի շրջանակներում՝ 2018 թվականի օգոստոսի 22–ին։ Ավելի վաղ հայտարարվել էր 2020 թվականին երկրորդ նման պայմանագիր կնքելու հնարավորության մասին։
Հավելենք, որ 2018 թվականի օգոստոսի 20-ին էլ սառեցվել էր Հնդկաստան–Ռուսաստան Սու–57-երի արտադրման համատեղ 10 մլրդ դոլարի ծրագիրը։ Ներկայումս ռուսական կողմը ջանում է վերականգնել սառեցված ծրագիրը։
Սու-57-ը ռուսաստանյան արտադրության նոր սերնդի կործանիչ է: Կործանիչի առաջին թռիչքը իրականացվել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ, այդ թվում 3 միավորը ստեղծվել է 2017 թվականին:
Կործանիչները փորձարկվել են նաև Սիրիայում: 2018-ի փետրվարին 2 միավոր ուղարկվել էր «Հմեյմիմ» ավիաբազա, իսկ նույն տարվա մայիսին ներգրավվել էին մարտական գործողություններին:
Սու–57 կործանիչի հայտարարվող հիմնական մարտավարատեխնիկական բնութագիր.
- Անձնակազմ – 1 հոգի
- Առավելագույն արագություն – 2600 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն երկարություն – 5500 կմ
- Թռիչքի առավելագույն տևողություն – 5.8 ժամ
- Արագամբարձություն – 330 մետր/վրկ
- Գործնական բարձրահասություն – 20 կմ
- Առավելագույն թռիչքային քաշ – 35480 կգ
- Առավելագույն մարտական բեռնվածք – 10000 կգ