Ռուսաստանը կգնի Մի–28ՆՄ և Մի–26Տ2Բ ուղղաթիռներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու «Вертолеты России» հոլդինգը երկար բանակցություններից հետո վերջապես Մի–28ՆՄ ուղղաթիռի գնի շուրջ եկել են համաձայնության։ Առաջին խմբաքանակը կլինի 6 կամ 18 միավոր։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվորուչկոն։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Մի–28ՆՄ ուղղաթիռի շուրջ բազմաթիվ խոսակցություններ
կային։ Ռուսաստանի ՊՆ-ն բարձր էր համարում ուղղաթիռների գինը, դրա համար մատակարարումը զինված ուժերին հետաձգվում էր։

Գնի շուրջ բանակցություններում զիջել է ուղղաթիռական հոլդինգը, այս մասին տեղեկանում ենք հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկու խոսքերից։ Նրա խոսքով՝ զինվորականների հետ գնի շուրջ երկխոսության արդյունքում զգալի փոխել են ուղղաթիռի թռիչքային բնութագիրը։

Մի–28ՆՄ ուղղաթիռ
Մի–28ՆՄ ուղղաթիռ

Ուղղաթիռի առաջին թռիչքը 2016 թվականին է եղել, նախկինում հայտարարվում էր, որ Մի–28ՆՄ ուղղաթիռները կմատակարարվեն բանակին մինչև 2018 թվականի վերջ։

Մի–28ՆՄ–ը հարվածային ուղղաթիռ է։ Այն հագեցած է 30 մմ տրամաչափի 2А42 թնդանոթով, հակատանկային կառավարվող Շտուրմ հրթիռներով և ունի հնարավորություն կրելու այլ թնդանոթներ կամ գնդացիրներ, ինչպես նաև՝ «օդ–օդ» տեսակի հրթիռներ։

Փոխնախարարը նաև հաստատել է, որ արդեն գնված Մի–26Տ2Բ ուղղաթիռների առաջին խմբաքանակը կլինի 10 միավոր։ Պաշտոնյան հավելել է, որ նաև Կա–52 ուղղաթիռներ ձեռք բերելու պայմանագիր կլինի գործարանի հետ։

Բացի այս, ռուսական օդուժը այս տարի համալրվել է 2 միավոր Մի–35Մ, 2 միավոր ուսումնամարտական Մի–28ՈւԲ և 3 միավոր Մի–28Ն հարվածային ուղղաթիռներով։ Հիշեցնենք, որ ևս 4 միավոր Մի–28ՈւԲ և 2 միավոր Մի–35Մ զինված ուժերին էր փոխանցվել տարեսկզբին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *