ԱՄՆ-ն դիմել է Թուրքիային՝ Ս-400-ների մատակարարումը հետաձգելու համար

ԱՄՆ-ն շարունակում է դիմադրել Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքին։ Այս անգամ ԱՄՆ-ն դիմել է Թուրքիային՝ ռուսական համակարգերի մատակարարման ժամկետը հետաձգելու համար։

Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ ամերիկյան կողմը ժամանակ է ուզում խնդրով զբաղվող աշխատանքային խումբը ձևավորելու համար։

Այնուամենայնիվ, թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի նշվում, ասել է, որ Թուրքիան «միևնույնն է Ս-400-ները ստանալու է այս տարի հուլիսին և չի փոխելու իր որոշումը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-Թուրքիա կոնֆլիկտն սկսել է 2017թ․ դեկտեմբերին ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գործարքի պատճառով։ Այս համակարգերի Թուրքիա մատակարարումը նախատեսվում է հուլիսին։ Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Ամերիկյան կողմը մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, թե վերջինս ռուսական համակարգերը գնելու համար կարող է դուրս մնալ F-35-երի ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս դաշնակցությունը ՆԱՏՕ-ին և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 6-8-ը Թուրքիայում էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը թուրքական գործակալությանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ս-400-ների հարցը բարդ խնդիր է ու պահանջում է երկկողմ բանակցություններ։

Ստոլտենբերգը հրաժարվել էր պատասխանել լրագրող հարցին՝ արդյոք F-35 կործանիչների և Ս-400 համակարգերի միաժամանակ նույն տարածքում լինելիս ռուսական համակարգը կֆիքսի ամերիկյան կործանիչի տեխնիկական որոշ տվյալներ։ Նա նշել էր, որ նախ պատասխանը կարող է տեխնիկական տվյալներ պարունակել, բացի այդ դժվար կլինի առանց գործի քաղաքական մասին անդրադառնալու խոսել դրա տեխնիկական մասից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *