Ս–350 «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգերը առաջինը կստանա Սիբիրում տեղակայված 24–րդ մոբիլ զենիթահրթիռային բրիգադը։ Բացի այս, հայտնի էր նաև, որ առաջին օրինակներից մեկը կտրամադրվի Լենինգրադի շրջանում գործող օդատիեզերական ուժերի ՀՕՊ ուսումնական կենտրոնին։
Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Հիշեցնենք, որ Ս–350 համակարգերի փորձարկումները ավարտվեցին մարտին և արդեն դրվել են սերիական արտադրության, իսկ առաջին մատակարարումը բանակին՝ նախատեսված է իրականացնել 2019 թվականին։
Նշենք, որ փորձարկումների նախատեսված ժամկետը մի քանի անգամ էականորեն խախտվել է։ Համակարգերը նախագծվել են դեռևս 2007 թվականից, իսկ ՊՆ–ի հետ պայմանագիրը կնքվել է 2010 թվականին։ 2011 թվականին փորձարկվել է 2 հրթիռ, սակայն հրթիռի ինքնաուղղորդվող գլխիկի հետ խնդիրներ են եղել։ Այդ ժամանակ նախատեսված էր պետական փորձարկումներն ավարտել 2013 թվականին։
Դրանից հետո 2014-ի սկզբին «Ալմազ-Անտեյի» բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Վիտյազը» սերիական արտադրության կդրվի 2015-ին։ Ավելի ուշ՝ 2015-ին, «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալության աղբյուրը հայտնել է, որ գործարանային փորձարկումներին արձակման կայանի հետ խնդիրներ չեն եղել, շարունակվում են հրթիռների փորձարկումները։
Ս–350 զենիթահրթիռային համակարգերը արտադրում է ռուսաստանյան «Ալմազ-Անտեյ» ընկերությունը և աշխատում է ԲԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա ստեղծված հրամանատարական կետի և տարածության էլեկտրոնային սկանավորմամբ տեղորոշիչ կայանի հետ։ «Վիտյազն» ինքնագնաց արձակման կայան է, որը զինված է 12 միավոր հրթիռներով ու կարող է թիրախը խոցել առավելագույնը 60 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա։