ԱՄՆ-ն բաց հայտարարել է՝ եթե Թուրքիան Ս-400 գնի, պատժամիջոցներ է սահմանելու․ Ստոլտենբերգ

Մայիսի 6-ին Հյուսիսատլանտյան խորհրդի համաժողովին մասնակցելու համար երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա մեկնած ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցի ավարտին հարցազրույց է տվել թուրքական CNN Türk գործակալությանը։

Ստոլտենբերգը մասնավորապես խոսել է Թուրքիայի ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնման և դրա շուրջ ստեղծված կոնֆլիկտի մասին։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ս-400-ների հարցը քննարկել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու չնայած դա Թուրքիայի որոշելիքն է, նա արտահայտել է նաև իր անհանգստությունները։

«Ս-400-ների թեման բարդ խնդիր է։ Անկարայում ու Վաշինգտոնում շատ քննարկումներ ենք ունեցել։ Թուրքիա այցիս ընթացքում նախագահ Էրդողանի հետ էլ ենք քննարկել։ Սա Թուրքիայի ազգային հարցն է, սակայն միաժամանակ Թուրքիայի որոշման շուրջ անհանգստություններս ևս ներկայացրել եմ։ ԱՄՆ-ն բաց հայտարարել է, որ ՀՕՊ համակարգի գնման դեպքում պատժամիջոցներ է սահմանելու։ Ես շատ բարձր եմ գնահատում նաև այս թեմայի շուրջ ԱՄՆ-Թուրքիա երկխոսությունը։ Բնկանաբար, ՆԱՏՕ-ն ևս փորձում է խնդրին լուծում գտնել ․․․»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը հրաժարվել է պատասխանել լրագրող հարցին՝ արդյոք F-35 կործանիչների և Ս-400 համակարգերի միաժամանակ նույն տարածքում լինելիս ռուսական համակարգը կֆիքսի ամերիկյան կործանիչի տեխնիկական որոշ տվյալներ։ Նա նշել է, որ նախ պատասխանը կարող է տեխնիկական տվյալներ պարունակել, բացի այդ դժվար կլինի առանց գործի քաղաքական մասին անդրադառնալու խոսել դրա տեխնիկական մասից։

Իր այցի ընթացքում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Հիշեցնենք նաև, որ 2017թ․ դեկտեմբերին Թուրքիան ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ, որոնք նախատեսում են Թուրքիա մակատարարել այս տարվա հուլիսին։

Գործարքից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ են արտահայտվել դրան, պնդելով, որ ռուսական ՀՕՊ համակարգը չի համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։ Դրա փոխարեն Թուրքիային որպես այլընտրանք է առաջարկվում ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն Թուրքիան հայարարում է, որ առաջարկվող գործարքի պայմաններն իրեն հարմար չեն։ Բացի այդ՝ ԱՄՆ-ն հետաձգում է Թուրքիային մատակարարել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչները։

Ամերիկյան կողմը երբեմն հայտարարում է, որ եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական համակարգերից, նրան կարող են սպառնալ ամերիկյան պատժամիջոցներն ու կվտանգվի ՆԱՏՕ-ին անդամակացությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *