Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը IDEF-2019-ում

Ապրիլի 30-ից մայիսի 3–ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կանցկացվի ռազմարդյունաբերական IDEF-2019 14-րդ ցուցահանդեսը, որին ներկա կլինեն 48 երկրների ռազմարդյունաբերական ոլորտի ընկերություններ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից և այլ երկրներից։ 

Թուրքիա

Կազմակերպիչ երկրից՝ Թուրքիայից, ցուցահանդեսին մասնակցելու է 485 ռազմարդյունաբերական ընկերություն, այդ թվում՝ «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI ), «Օթոքար» (“Otokar”), «Թյուբիթաք», «Ռոքեթսան», «Ասելսան», «ՖՆՍՍ պաշտպանական համակարգեր», «ԱՍԻՍ էլեկտրոնիկա» և այլ ընկերություններ։ Ներկայացնենք այս ընկերություններից մի քանիսի նոր միջոցները, որոնք կցուցադրվեն IDEF–2019-ին։ 

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI)

TAI ընկերությունն այս տարի ներկայացնելու է «ԱՆՔԱ 2» կամ «Աքսունգուր» (“Aksungur”) կոչվող նոր հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որի նախատիպի առաջին փորձարկումը եղավ մարտի 20–ին, երկրորդը՝ ապրիլի 3–ին։ Ընկերությունն այս ԱԹՍ–ն նախատեսում է սերիական արտադրության դնել 2020թ.։ ԱԹՍ–ն արտադրվելու է TAI–ի շարժիչաշինական ընկերության (TEI) արտադրանք PD 170 շարժիչով։ Ի համեմատ «ԱՆՔԱ»–ի 200 կգ բեռնատարողության, այս ԱԹՍ–ի օգտակար բեռնատարողությունը 700 կգ է լինելու: 

Թուրքական «ԱՆՔԱ-2 Աքսունգուր» ԱԹՍ–ն
Թուրքական «ԱՆՔԱ-2 Աքսունգուր» ԱԹՍ–ն

Թուրքական այս ընկերությունը ներկայացնելու է նաև նոր բազմանպատակային T625 «Գյոքբեյ» ուղղաթիռը, որի առաջին թռիչքն իրականացվել է 2018թ. սեպտեմբերին, իսկ արդեն դեկտեմբերին՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ընդլայնված նիստի ժամանակ, այն ներկայացվեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Այս ուղղաթիռը նախատեսված է 12 ուղևոր տեղափոխելու համար, անձնակազմը՝ 2 օդաչու: Արտադրելու համար TAI ընկերության և ՊԱԳՎ միջև պայմանագիրը կնքվել է 2013թ.։ «Գյոքբեյ»–ը ևս նախատեսվում է սերիական արտադրության դնել 2020թ.։

Թուրքական արտադրության T625 «Գյոքբեյ» բազմանպատակային ուղղաթիռը
Թուրքական արտադրության T625 «Գյոքբեյ» բազմանպատակային ուղղաթիռը

TAI ընկերությունը կներկայացնի նաև «Հյուրջեթ» (HÜRJET) կործանիչը, որը նույն ընկերության արտադրանք «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակն է: Կործանիչի արտադրության աշխատանքները սկսել էին դեռ 2017թ. օգոստոսից։ 2018թ. հուլիսին TAI ընկերության և Թուրքիայի ՊԱԳՎ ու ՌՕՈՒ հրամանատարության միջև կնքվել է «Հյուրջեթ»-ի արտադրման պայմանագիր։ 

Թուրքական TAI ավիաշինական ընկերության արտադրած Hürjet կործանիչ ինքնաթիռը։

«Օթոքար» (Otokar)

«Օթոքար»–ն այս տարի կներկայացնի իր նոր էլեկտրոնային Akrep II թեթև զրահամեքենան, որի պաշտոնական առաջին ցուցադրությունը եղավ երկու օր առաջ՝ ապրիլի 24–ին։ Հայտնի է, որ մեքենան լիցքավորված ժամանակ կարող է տեղաշարժվել առավելագույնը 250 կմ, իսկ մարտկոցը 100 % կարող է վերալիցքավորվել 100 րոպեում։ Մեքենան նախատեսված է 3 հոգանոց անձնակազմի համար։ Ներկայացման ժամանակ հայտարարվել է մեքենայի էլեկտրոնային տարբերակին զուգահեռ, հիբրիդային շարժիչով տարբերակ ստեղծելու մասին։

Թուրքական Akrep II զրահամեքենան
Թուրքական Akrep II զրահամեքենան

«ԱՍԻՍ էլեկտրոնիկա»

«ԱՍԻՍ էլեկտրոնիկա» ընկերությունն IDEF-2019 ցուցահանդեսին ներկայացնելու է ինքնաձիգ կրող տեղական արտադրության առաջին ԱԹՍ–ն՝ «ՍՈՆԳԱՐ»–ը։ 

Ադրբեջան

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ IDEF–2019-ին մասնակցելու է Ռազմարդյունաբերության նախարարությունը, որի հիմքի վրա այս տարվա հունվարին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվել է «Ազերսիլահ» բաց բաժնետիրական ընկերությունը։ Ընկերության պատվիրակությունը ղեկավարելու է նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը։ Ադրբեջանից մեկնող պատվիրակության կազմում են լինելու՝ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևը և Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը։ 

Հարկ է նշել, որ հայտնի չէ, թե ադրբեջանական պատվիրակությունն ինչ նոր միջոցներով է ներկայանալու ցուցահանդեսին։ Ըստ ադրբեջանական «Ազերդիֆենս» մասնագիտացված կայքի՝ ներկայացվելու է 250–ից ավելի անուն ռազմական արտադրանք։ 

Ռուսաստան

Ռուսաստանից այս տարի թուրքական ցուցահանդեսին ներկա է լինելու 9 ընկերություն, այդ թվում՝ պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ու «Ալմազ–Անտեյ» ընկերությունները։ 

«Ալմազ–Անտեյ» ընկերությունը ներկայացնելու է Ս–400 զենիթահրթիռային «Տրիումֆ» համակարգերը, որից Թուրքիան արդեն գնել է և նախատեսում է ստանալ այս ամռանը։ Բացի այդ՝ ընկերությունը ներկայացնելու է «Բուկ–Մ2Է», «Վիկինգ», «ՏՕՌ–Մ2Է», «ՏՈՌ–Մ2Կ» և «ՏՈՌ–Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերն ու «Տունգուսկա–Մ1» զենիթային թնդանոթա–հրթիռային համալիրը։

Ինչ վերաբերում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ ապա դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ նորագույն միջոցներ է ներկայացնելու այս կառույցը: 

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր
Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր

Նշենք, որ IDEF ցուցահանդեսը Թուրքիայում անցկացվում է 1993թ–ից, երկու տարին մեկ անգամ։ Նախորդ ցուցահանդեսին՝ IDEF-2017-ին մասնակցել է 49 երկրի ներկայացուցիչ:

Հավելենք նաև, որ մենք կփորձենք հետևել ցուցահանդեսի ընթացքին՝ ներկայացնելով ռազմարդյունաբերական արտադրանքի նոր նմուշները: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *