Թուրքական «Օթոքար» ընկերությունը ապրիլի 24–ին պաշտոնապես ցուցադրել է նոր էլեկտրոնային Akrep II թեթև զրահամեքենան։ Զրահամեքենան ցուցադրվելու է նաև ապրիլի 30–ին Ստամբուլում մեկնարկող IDEF-2019 ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսի ժամանակ։
Այս մասին հայտնում է արտադրող ընկերության պաշտոնական կայքը։
Akrep II զրահամեքենայի մարտավարատեխնիկական բնութագրից հայտնի է, որ մեքենան լիցքավորված ժամանակ կարող է տեղաշարժվել առավելագույնը 250 կմ, իսկ մարտկոցը 100 % կարող է վերալիցքավորվել 100 րոպեում։ Մեքենան նախատեսված է 3 հոգանոց անձնակազմի համար։
Հայտարարվում է, որ Akrep II–ը ապագայում փոխարինելու է թուրքական ուժային կառույցների սպառազինությունում առկա, նույն արտադրող ընկերության արտադրանք Akrep և Cobra I զրահամեքենաներին։ Ինչպես նաև հայտարարվել է էլեկտրոնային տարբերակին զուգահեռ, հիբրիդային շարժիչով տարբերակ ստեղծելու մասին։

Ցուցադրված օրինակը զինված է Otokar BOZOK մոդուլով, որը հագեցած է 7.62 մմ գնդացիրով և 25 մմ ավտոմատ հրանոթով։

Ցուցադրության ժամանակ «Օթոքար» ընկերության գլխավոր տնօրեն Սերդար Գյորգյուչը հայտնել է նաև, որ 2018 թվականի ընթացքում ընկերությունը այլ զրահամեքենաների վաճառքից ստացել է 211 միլիոն դոլարի եկամուտ։