Թուրքիան նոր ուղղաթիռ է արտադրում, իսկ «Աթաք» ուղղաթիռները վաճառում է օտարերկրյա 2-րդ գնորդին

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) ընդլայնված նիստի ժամանակ երկրի նախագահ Էրդողանը հայտարարել է թուրքական արտադրության նոր բազմանպատակային T625 ուղղաթիռի անունը։

Այն կոչվում է «Գյոքբեյ» (GÖKBEY)։ Նիստի ընթացքում ուղղաթիռի նախատիպը ցուցադրվել է բեմահարթակում։

Այս ուղղաթիռը նախատեսված է 12 ուղևոր տեղափոխելու համար, անձնակազմը՝ 2 օդաչու: Այն արտադրելու համար Թուրքիայի ավիաշինական ընկերության (TAI) և ՊԱԳՎ միջև պայմանագիրը կնքվել է 2013թ․։

Ուղղաթիռը նախատեսված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար։ Նախատիպը իր առաջին թռիչքը կատարել է այս տարվա սեպտեմբերի 6-ին, իսկ սերիական արտադրության նախատեսվում է դնել 2021թ․։

Բացի «Գյոքբեյ» ուղղաթռից, ՊԱԳՎ նիստի ընթացքում անդրադարձել են նաև թուրքական T129 «Աթաք» (“Atak”) հարվածային ուղղաթիռներին։ ՊԱԳՎ պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ հարվածային ուղղաթիռը, բացի Պակիստանից, կվաճառվի մեկ այլ երկրի․

« ․․․ «Աթաք»–ի արտահանմանն ուղղված վերջին  աշխատանքները կատարելու նպատակով ծրագրում ենք եկող երկուշաբթի այցելել հեռավորարևելյան մի երկիր» , – հայտարարել է Իսմայիլ Դեմիրը։

Այժմ Թուրքիան Պակիստանի հետ ունի 30 «Աթաք» ուղղաթիռ վաճառելու պայմանագիր:

Դեկտեմբերի 10–ին Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենցանան հայտարարել էր, որ իրենք նախատեսում են Թուրքիայից գնել 8-10 միավոր «Աթաք» ուղղաթիռներ։ Նախարարը նշել էր, որ ի սկզբանե նախատեսվում էր գնել 24 միավոր, սակայն փողի պակասի պատճառով առայժմ ավելի քիչ քանակով ուղղաթիռ կգնեն։

Չի բացառվում, որ Իսմայիլ Դեմիրի նշած հեռավորարևելյան երկիրը հենց Ֆիլիպիններն է, որը Պակիստանից հետո կստանա այս ուղղաթիռները։

«Աթաք» հարվածային ուղղաթիռները արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Թուրքիայի զինված ուժերին առաջին «Աթաք» ուղղաթիռը մատակարարվել էր 2015թ․։ Վերջին խմբաքանակը՝ երեք միավոր ուղղաթիռ, զինված ուժերին մատակարարվել է այս տարվա հոկտեմբերին։

T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *