«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը նոր «ԱՆՔԱ-2» կամ «Աքսունգուր» հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) նախատեսում է սերիական արտադրության դնել 2020թ. առաջին քառորդում։
Այս մասին գրում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը՝ հղում անելով թուրքական ընկերության իր աղբյուրներին։ Աղբյուրը նշում է, որ ըստ իր տեղեկությունների՝ ԱԹՍ–ի նախատիպի երկրորդ փորձարկումը եղել է ապրիլի 3–ին Անկարայի մոտ և թռիչքը տևել է երեք ժամ։
Հիշեցնենք, որ ԱԹՍ–ի նախատիպի առաջին թռիչքն իրականացվել էր այս տարվա մարտի 20-ին։ Թռիչքը տևել էր մոտ 4 ժամ 20 րոպե։
«Աքսունգուր» ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.
Օգտակար բեռնատարողությունը՝ 700 կգ;
Թռիչքի բարձրությունը` ~6-7 կմ;
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժամ;
Թևերի բացվածքը՝ 24 մ;
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 3300 կգ;
Շարժիչի հզորությունը՝ 2×170 ձիաուժ;
ԱԹՍ–ն կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Ինչպես «ԱՆՔԱ», այնպես էլ «ԱՆՔԱ-2 Աքսունգուր» ԱԹՍ–ն արտադրվելու է TAI–ի շարժիչաշինական ընկերության (TEI) արտադրանք PD 170 շարժիչով։
Ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝ նոր ԱԹՍ–ն յուրաքանչյուր թևին կարող է կրել 500 կգ, 300 կգ և 150 կգ զանգվածով երեք միավոր զենք։ Դրա վրա կարող են տեղադրվել թուրքական արտադրության TEBER-81 և TEBER-82 լազերային ուղղորդման, ինչպես նաև LUMTAS, MAM-L, Cirit, MAM-C, HGK-3, KGK (82) հրթիռներ։