Ռուսական «Արմատաները» վերջապես սերիական արտադրության են դրվել

Տ–14 «Արմատա» տանկերը փորձարկումներից և մշակումներից հետո դրվել են սերիական արտադրության։ Դրանք կցուցադրվեն Մոսկվայում՝ մայիսի 9–ի զորահանդեսին։ Այնուհետև արդեն պատրաստ 12 միավոր տանկը տարբեր զորամասերում մարտական պայմաններին մոտ փորձարկումներ կանցնի։

Իսկ մինչ տարեվերջ այդ 12  տանկերը ու 4 միավոր ԶՎԷՄ Տ–16–երը (ռուս․՝ БРЭМ, Զրահապատ վերանորոգման-էվակուացիոն մեքենա) կհամալրեն ռուսական բանակը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթի օնլայն տարբերակը՝ հղում անելով երկրի ՊՆ–ում իր աղբյուրներին։

Հայտնի է, որ Տ-14 տանկերն ունեն 1500 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչներ ու համալրված են 125 մմ 2Ա82 թնդանոթով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական արտադրության Տ-14 «Արմատա» առաջին տանկերի գործարանային փորձարկումները շուտով կավարտվեն, իսկ 2019-ից սկսեն պետական փորձարկումները։

Ռուսաստանի  բանակին այս տանկերի տրամադրումը արդեն մի քանի անգամ հետաձգվել է: 2014-ին նշվում էր, որ տանկը պատրաստ է լինելու 2015-ի վերջին և զորքերին է մատակարարվելու 2016 թվականին: 2015-ին տանկի մի քանի օրինակ արդեն պատրատվել էին և ներկայացվել են Մոսկվայում զորահանդեսի ժամանակ:

Խոչընդոտներից էր նաև տանկերի բարձր գինը, որի շուրջ նախարարությունը բանակցում էր արտադրող  ընկերության հետ: 2015 թվականին Տ–14 տանկը գնահատվում էր 400-500 միլիոն ռուբլի (այն ժամանակի փոխարժեքով 6-7 միլիոն դոլար), իսկ 2016 թվականին՝ շուրջ 2 անգամ քիչ։ 2018 թվականին երկար բանակցություններից հետո տանկերի գինը՝ ըստ «gazeta.ru»-ի իջավ մինչև 320–350 միլիոն ռուբլի (4.2–4.6 միլիոն դոլար)։

Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ
Տ-14 «Արմատա» տանկը 2015-ի մայիսի 9-ի ՌԴ ԶՈւ զորահանդեսի ժամանակ

Ընդհանրապես «Արմատա» պլատֆորմի վրա պատրաստված համանուն տանկը և դրա հիմքի վրա պատրաստված այլ զրահատեխնիկան «գալիս են փոխարինելու» Տ-72 / Տ-90 ընտանիքի տանկերին և դրանց հիմքի վրա պատրաստված այլ զրահապատ մեքենաներին: Սակայն նշենք, որ այս տանկերի մասին բարձրացված աղմուկը դեռևս դրանց հաջողության երաշխիքը չէ։ Ամեն դեպքում այն հազիվ թե կարողանա փոխարինել
 Տ-72 / Տ-90 ընտանիքին, համենայնդեպս՝ մոտ ապագայում։

«Արմատա» պլատֆորմի վրա պատրաստած տանկի ու այլ զրահապատ մեքենաների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *