Ռուսական արտադրության Տ-14 «Արմատա» առաջին տանկերի գործարանային փորձարկումները շուտով կավարտվեն, իսկ 2019-ից սկսեն պետական փորձարկումները։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի բանակին այս տանկերի տրամադրումը արդեն մի քանի անգամ հետաձգվել է: 2014-ին նշվում էր, որ տանկը պատրաստ է լինելու 2015-ի վերջին և զորքերին է մատակարարվելու 2016 թվականին: 2015-ին տանկի մի քանի օրինակ արդեն պատրատվել էին և ներկայացվել են Մոսկվայում զորահանդեսի ժամանակ:
2015-ի օգոստոսին նշվում էր, որ «Արմատա» տանկը գործարանային փորձարկումներից հետո պիտի անցնի պետական փորձարկումներ, ինչից հետո՝ 2016 թվականին, պետք է որոշվի՝ ընդունել այն սպառազինության, թե՝ ոչ:
Արդեն 2016 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և տանկերն արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 100 միավոր Տ-14 «Արմատա» տանկի ձեռքբերման պայմանագիր են կնքել: Առաջին խմբաքանկան արդեն գնված է և հանձնվել է փորձնական-մարտական շահագործման:
2017-ին հայտարարվել էր, որ առաջին տանկերը մատակարարվելու են 2020 թվականից հետո, և դրանց առաջին օրինակները ստանալու է Թամանյան դիվիզիայի 1-ին գվարդիական տանկային գունդը, որը մտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի կազմի մեջ:
«Արմատա» տանկերի մատակարարումների խոչընդոտներից էր նաև դրա բարձր գինը, որի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն բանակցություններ էր վարում տանկերն արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերության հետ:
Ընդհանրապես «Արմատա» տանկը և դրա հիմքի վրա պատրաստված այլ զրահատեխնիկան «գալիս են փոխարինելու» Տ-72 / Տ-90 ընտանիքի տանկերին և համապատասխանաբար դրանց հիմքի վրա պատրաստված այլ զրահապատ մեքենաներին: Սակայն նշենք, որ «Արմատա» տանկերի մասին բարձրացված աղմուկը ամենևին էլ դրանց հաջողության երաշխիք չէ։ Ամեն դեպքում այն հազիվ թե կարողանա փոխարինել վերոնշյալ տանկերին, համենայնդեպս՝ մոտ ապագայում։
ՌԴ զրահատեխնիկայի ապագայի և այդ համատեքստում «Արմատա» տանկերի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան» հոդվածում: