Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան

Ինչպե՞ս գումար խնայել զրահատեխնիկայի արտադրության պես ծախսատար արդյունաբերական ճյուղում, ստեղծել ունիվերսալ հրաթակ, որի զանգվածային արտադրությունը կիջեցնի դրա մեկ միավորի, հետևաբար նաև ամբողջ արտադրության արժեքը:

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72․ աշխարհում ամենաշատ արտադրված ու որպես հետևանք՝ ամենաէժան հիմնական մարտական տանկերից մեկը

Հենց այս նպատակով ռուսաստանյան զրահատեխնիկան ապագայում կարտադրվի միայն 3 հարթակների (այսուհետ՝ պլատֆորմ) հիմքի վրա, ինչի մասին դեռևս 2013-ի սեպտեմբերին հայտարարել էր ՌԴ կառավարությանն առընթեր (ներկայում՝ ՌԴ նախագահին առընթեր) ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը։

Թե որքանով սա կհաջողվի Ռուսաստանին, այլ հարց է, բայց սա նախատեսված է ռուսաստանյան սպառազինության պետական ծրագրով, որը կտևի մինչև 2020 թվականը։

Զրահատեխնիկայի արտադրության երեք նոր պլատֆորմները

Զրահատեխնիկայի նախագծման ռուսաստանյան երկարաժամկետ ծրագրի համաձայն՝ ապագայում ռուսաստանյան ամբողջ զրահատեխնիկան կարտադրվի միայն երեք տեսակի թրթուրավոր ու անվավոր պլատֆորմների հիման վրա, որոնք են «Ուրալվագոնզավոդի» (УВЗ, УралВагонЗавод) նախագծած «Արմատան», «Տրակտորային գործարանների» (Тракторные заводы) նախագծած «Կուրգանեցն» ու «Ռազմարդյունաբերական ընկերության» (Военно-промышленная компания) նախագծած «Բումերանգը»։

«Արմատա» տանկի հնարավոր տեսքը

Մինչև իրական տանկի լուսանկարների հրապարակումը այսպիսին էին պատկերացնում «Արմատա» տանկը

«Արմատա» տանկը՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի փորձերի ժամանակ, Մոսկվայում

«Արմատա» տանկը՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի փորձերի ժամանակ, Մոսկվայում

«Արմատա»

Պլատֆորմներից առաջինը՝ ծանր, թրթուրավոր «Արմատան», նախատեսված է տանկերի ու այլ ծանր զրահատեխնիկայի արտադրության համար։

Պլատֆորմի ստեղծման ծրագիրը հաստատելու ժամանակ ռուսաստանյան կողմը նախատեսում էր դրա հիմքի վրա հետագայում պատրաստել ինչպես հիմնական մարտական տանկ, այնպես էլ տանկերի կրակային աջակցման մեքենա ու ինքնագնաց հրետանային համակարգ։ Հենց «Արմատայի» հիմքի վրա էր նախատեսվում պատրաստել նաև 152 մմ  «Կոալիցիա-ՍՎ» ինքնագնաց հրետանային համակարգը, սակայն հետագայում լուսանկարներից պարզ դարձավ, որ այն այնուամենայնիվ պատրաստված է Տ-72 տանկի շասսիների հիման վրա: (Նախապես հայտարարվում էր նաև, որ Կոալիցիա-ՍՎ համակարգն ունենալու է երկու, զույգված թնդանոթ, սակայն հետագայում լուսանկարներից հայտնի դարձավ, որ դա առասպել էր):

Հետագայում հայտնի դարձավ, որ «Արմատայի» հիմքի վրա պատրաստվելու են նաև ծանր հետևակի մարտական մեքենա և այլ մարտական ու օժանդակ զրահատեխնիկա։ Ըստ որում՝ դրանցից նոր հակատանկային հրթիռային համալիրի նախագծումն արդեն սկսել են։

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգը արտադրության փուլում․ նախկինում հայտարարվում էր, որ այն իբր լինելու է երկփող

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգը արտադրության փուլում․ նախկինում հայտարարվում էր, որ այն իբր լինելու է երկփող

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգերը 2015թ. Մոսկվայի զորահանդեսի փորձի ժամանակ

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգերը 2015թ. Մոսկվայի զորահանդեսի փորձի ժամանակ

«Կուրգանեց»

«Տրակտորային գործարանների» նախագիծը՝ «Կուրգանեցը» («Կուրագնեց-25»), միջին թրթուրավոր պլատֆորմ է, նախատեսված է նրա հիմքով պատրաստել ինչպես հետևակի ու դեսանտի մարտական մեքենաներ, այնպես էլ զրահափոխադրիչներ ու հակատանկային ինքնագնաց հրետանային համակարգեր՝ 125 մմ թնդանոթով, և այլ զրահատեխնիկա՝ այդ թվում նաև հրամանատարաշտաբային ու օժանդակ։ Այս տեխնիկայի մի մասը՝ հետևակի մարտական մեքենան և զրահափոխադրիչը, պատրաստ են և մասնակցում են Մոսկվայում 2015թ. մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսի փորձերին։ Պլատֆորմի վրա նախագծվող զրահատեխնիկայի զանգվածը նախատեսում են պահել 25 տոննայի սահմաններում։

«Կուրգանեցի» հիմքի վրա պատրաստված զրահատեխնիկայով նախատեսված է փոխարինել ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ առկա նմանատիպ բոլոր մեքենաները։ Զրահատեխնիկան կունենա (պատրաստի տարբերակներն ունեն) հեռակառավարվող մարտական հանգույց, իսկ անձնակազմն ու դեսանտայինները կտեղավորվեն զրահապատ հատուկ կապսուլների մեջ, որոնք կավելացնեն պաշտպանվածության մակարդակը։

«Կուրգանեց» հետևակի մարտական մեքենան Մոսկվայի զորահանդեսի փորձերի ժամանակ, 2015թ.

«Կուրգանեց» հետևակի մարտական մեքենան Մոսկվայի զորահանդեսի փորձերի ժամանակ, 2015թ.

«Կուրգանեց» զրահափոխադրիչը Մոսկվայի զորահանդեսի փորձերի ժամանակ, 2015թ.

«Կուրգանեց» զրահափոխադրիչը Մոսկվայի զորահանդեսի փորձերի ժամանակ, 2015թ.

«Բումերանգ» զրահափոխադրիչը Մոսկվայի զորահանդեսի փորձերի ժամանակ, 2015թ.

«Բումերանգ» զրահափոխադրիչը Մոսկվայի զորահանդեսի փորձերի ժամանակ, 2015թ.

«Բումերանգ»

«Ռազմարդյունաբերական ընկերությունն» իր հերթին պատրաստել է միջին ծանրության անվավոր «Բումերանգ» պլատֆորմը, որն էլ նախատեսված է զրահափոխադրիչների, ինչպես և անվավոր ՀՄՄ-ների ու այլ զրահատեխնիկայի պատրաստման համար։ Պլատֆորմի զանգվածի մասին տեղեկություններ չկան, սակայն այն, ենթադրաբար, ավելի թեթև կլինի մյուս երկու պլատֆորմներից։

«Բումերանգ» զրահափոխադրիչների ու մյուս մարտական մեքենաների, և մասնավորապես արդեն պատրաստված զրահափոխադրիչի վրա նույնպես տեղադրված է հեռակառավարվող մարտական հանգույց։ «Բումերանգը» լինելու է լողացող, իսկ նրա հիմքով պատրաստված մեքենաների շարժիչատրանսմիսիոն հանգույցը տեղակայվելու է առջևի մասում, ի տարբերություն ԲՏՌ-80/82 զրահափոխադրիչների, որոնցով ներկայում սպառազինված է ռուսաստանյան բանակը։

Պլատֆորմների ստեղծման սպասվող արդյունքներն ու հնարավոր հետեվանքները

Այս երեք պլատֆորմների ստեղծման ծրագրի հիմնական նպատակներից մեկը ռուսաստանյան արտադրության ամբողջ զրահատեխնիկան միօրինակացնելն է։ Այսինքն, ծրագրի իրականացումից հետո միևնույն թրթուրավոր կամ անվավոր պլատֆորմի հիմքի վրա հնարավոր կլինի ստեղծել ինչպես տանկեր, ծանր ու թեթև զրահամեքենաներ, այնպես էլ զրահապատ ինքնագնաց հակաօդային, հրթիռահրետանային համալիրներ, կրակային աջակցման, ինժեներական, նորոգման ու այլ տեսակի զրահատեխնիկա։

Ռուսաստանյան զրահատեխնիկայի և առաջին հերթին` տանկերի, միօրինակացման խնդիրն ի հայտ է եկել դեռ խորհրդային տարիներին, որտեղ պատմական հանգամանքների բերումով միաժամանակ գոյություն ունեին նույնատիպ մի քանի մեքենաներ։ Այսպես, օրինակ, 1970-80-ական թվականների խորհրդային բանակում կային միաժամանակ Տ-64Ա, Տ-72, Տ-80 հիմնական մարտական տանկեր, ընդ որում՝ այդ մեքենաները հիմնականում անհամատեղելի էին։ Այս ամենը էապես ավելացնում էր ինչպես դրանց արտադրության, այնպես էլ շահագործման ու սպասարկման ծախսերը։

Մեկ միասնական պլատֆորմ ստեղծելու ծրագրեր կային նաև ԽՍՀՄ-ում, սակայն այդ ծրագրերին վիճակված չէր իրականություն դառնալ, և Ռուսաստանը խորհրդային կայսրությունից ժառանգություն ստացավ այն, ինչ կար։

«Արմատա» պլատֆորմի վրա պատրաստված Տ-15 ծանր հետևակի մարտական մեքենա

«Արմատա» պլատֆորմի վրա պատրաստված Տ-15 ծանր հետևակի մարտական մեքենա

Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան, որը պատրաստվում է Տ-72 տանկի հիմքի վրա

Ռուսաստանում կարծում են, որ ներկայում ստեղծվող հենց այս երեք պլատֆորմներն են լինելու տանկերի ու զրահատեխնիկայի միասնական պլատֆորմները։ Ենթադրվում է, որ դրանց անցնելուց հետո վերոհիշյալ ծախսերը՝ կապված արտադրության ու շահագործման հետ, կնվազեն։ Այլևս կարիք չի լինի զրահատեխնիկայի ամեն տեսակի համար ստեղծել առանձին ենթակառուցվածք, քանի որ թե՛ արտադրողները, թե՛ տեխնիկան շահագործող անձնակազմերը ծանոթ կլինեն տեխնիկային ու կկարողանան արագ «տեղափոխվել» մի տեսակից մյուսին։

Սակայն, այս ամենը միայն տեսական մասն է։ Գործնականում «Արմատան», ինչպես և նշված մյուս երկու պլատֆորմները, միասնական համակարգ դառնալու փոխարեն կարող է դառնալ հերթական զուգահեռ «էվոլյուցիոն» ճյուղը։ Խնդիրն այն է, որ կա որոշակի հավանականություն, որ Ռուսաստանն ուղղակի ի վիճակի չի լինի կարճ ժամանակահատվածում ունեցած ամբողջ սպառազինությունը փոխարինել նոր պլատֆորմներով, քանի որ մի քանի հազար մեքենայի արտադրությունը չափազանց բարդ և թանկարժեք խնդիր է ու փաստ չէ նաև, որ ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունն այսօր ի վիճակի է կազմակերպել այդպիսի լայնամասշտաբ արտադրություն։

Իսկ համեմատաբար փոքր խմբաքանակներով արտադրության դեպքում միասնականացման խնդիրը չի լուծվի։ Ստացվում է, որ այդ դեպքում ռուսաստանյան նախագծողները «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցին» ու միայն ընդլայնեցին զրահատեխնիկայի՝ գոյություն ունեցած «շիլաշփոթը»։

Բացի այդ, զրահատեխնիկայի՝ փոքր խմբաքանակներով արտադրությունը մեծացնում է դրանց մեկ միավորի գինը, մինչդեռ մեծ խմբաքանակներով արտադրության պատվերը, տրամաբանական է, որ ունենում է ավելի ցածր գին։

Տ-72 (Տ-90), Տ-80 տանկերի ապագան

«Արմատայի» ու մյուս պլատֆորմների ստեղծումը չի նշանակում, որ ՌԴ զինված ուժերի մյուս տանկերը հանելու են սպառազինությունից։ Դա, ինչպես վերևը արդեն նշվեց, մեծ ճոխություն կլիներ Ռուսաստանի համար, եթե հաշվի առնենք, որ ըստ Military Balance 2013 զեկույցի՝ ռուսաստանյան սպառազինության մեջ առկա է ավելի քան 2800 տանկ (ևս մոտ 18 000 տանկ կա պահեստում)։ Բացի այդ, «Արմատան» ներկայումս փորձարկումների փուլում է, ու դեռ պարզ չէ, թե երբ այն կդրվի սերիական արտադրության։

Ռուսաստանյան Տ-72Բ3Մ (Տ-72Բ4)՝ ձախից, ու Տ-90Ա՝ աջից, տանկերը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի ընթացքում Ալաբինո զորավարժարանում բացված ցուցահանդեսի ժամանակ

Ռուսաստանյան Տ-72Բ3Մ (Տ-72Բ4)՝ ձախից, ու Տ-90Ա՝ աջից, տանկերը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի ընթացքում Ալաբինո զորավարժարանում բացված ցուցահանդեսի ժամանակ

«Ուրալվագոնզավոդի»՝ Տ-80 տանկի հիմքի վրա պատրաստված հրշեջ համակարգը RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

«Ուրալվագոնզավոդի»՝ Տ-80 տանկի հիմքի վրա պատրաստված հրշեջ համակարգը RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Մյուս կողմից, ՌԴ զինված ուժերի անձնակազմը չի կարող միանգամից անցնել նոր տանկերի, դրա համար անհրաժեշտ կլինի երկար ժամանակ։ Այս կարծքիը հաստատեց նաև «Ուրալվագոնզավոդ» ընկերության տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Խալիտովը։ Նրա խոսքով տանկային սպառազինության ամբողջական փոխարինումը նոր տանկերով կարող է տևել մոտ 20 տարի։

Իսկ զինված ուժերի սպառազինության մեջ առկա տանկերը կծառայեն այնքան ժամանակ, մինչև ավարտվի նրանց շահագործման ժամկետը։ Դրանից հետո էլ այդ տանկերը կարող են արդիականացնել ու ստանալ տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, մասնավորապես քարշակներ, նորոգման, ինժեներական ու կամրջադիր զրահապատ մեքենաներ՝ այդկերպ երկարացնելով դրանց կյանքի տևողությունը։

Նման պրակտիկա արդեն կիրառվում է Տ-80 տանկերի դեպքում։ Դեռևս 2011-ի հոկտեմբերին ՌԴ այն ժամանակվա պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, որ առավել ծախսատար լինելու պատճառով բանակը հրաժարվելու է Տ-80 տանկերի արդիականացումից ու Տ-90-ների գնումից:

2013-ի սեպտեմբերին անցկացված RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանը ցուցադրեց Տ-80-ի հիմքի վրա նախագծված նոր հրշեջ-փրկարարական մեքենա, ինչը լավ հնարավորություն էր պահեստ ուղարկվող Տ-80-ներին «երկրորդ կյանք» տալու համար։ Իսկ Տ-90-ներից հրաժարվելու պատճառները Ռազմինֆոն արդեն ներկայացրել է առանձին հոդվածում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Տ-72 տանկերի ու մյուս տանկերի պահեստամասերի արտադրությունից, քանի որ ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրներ կիրառում են հենց ռուսական (նաև խորհրդային) արտադրության մինչև իսկ Տ-34 տանկեր։ Իսկ հենց Տ-72 տանկեր ներկայում աշխարհում կիրառում ու արդիականացնում են շուրջ 40 երկրներ։ Ռուսաստանյան արտադրող ընկերությունները դժվար թե հրաժարվեն այսքան մեծ շուկա տանկեր ու դրանց պահեստամասեր արտահանելու հնարավորությունից։

Ու հենց ինքը՝ Ռուսաստանը, դեռ կարիք ունի նոր ու արդիականացված տանկերի, քանի որ, ինչպես նշվեց, տանկային ամբողջ սպառազինության փոխարինումը չափազանց երկար կտևի։

Ամփոփում

«Արմատայի» փորձարկումներն արդեն ընթացքի մեջ են, սակայն չկա երաշխիք, որ դրանք շուտով դրական արդյունք կունենան։ Բացի այդ, կա նաև «Արմատայի» նախորդի` Տ-95 տանկի փորձը։ Այն նախագծվում էր դեռևս խորհրդային տարիներից և ենթադրվում էր, որ տանկը լինելու է «հեղափոխական»։ Ու թեև տեղեկություններ կային, որ արդեն կառուցված երկու միավոր տանկերի փորձարկումները հաջող էին անցել, ու նախատեսվում էր 1-2 տարի անց տանկը դնել սերիական արտադրության, այդուհանդերձ, 2003-ին Տ-95 տանկերի ստեղծման ծրագիրը դադարեցվեց:

Ինչ վերաբերում է Տ-72 տանկերին, ապա ռուսաստանյան բանակում ավելի քան 40 տարի որպես հիմնական մարտական տանկ կիրառվող Տ-72-ից հրաժարվելու ու այն փոխարինելու համար անհրաժեշտ կլինի երկար ժամանակ, մինչև որ նրա տեղը զբաղեցնող «Արմատա» կամ մեկ այլ տանկի կիրառման ու սպասարկման համար ռուսական զինված ուժերում ստեղծվի համապատասխան ենթակառաուցվածք՝ արտադրող (այդ թվում մասերն արտադրող) ընկերություններ, վերանորոգման ու ընթացիկ սպասարկման գործարաններ, մասնագետներ, որոնք կկարողանան ինչպես սպասարկել ու նորոգել տանկերը, այնպես էլ ուսուցանել տանկային անձնակազմերին:

Ընդ որում, Տ-72 տանկն իր քննությունները հանձնել է ոչ միայն փորձարկումների ժամանակ, այլև իրական ռազմական գործողություններում, որտեղ ի հայտ եկած թերությունների վերացման հաշվին ռուսաստանյան մասնագետները կարողացել են ավելի կատարելագործել տանկը՝ ստեղծելով դրա մոտ 20 արդիականացում։ Իսկ «Արմատան» այս առումով լրիվ անփորձ է։

Տ-72 տանկի օպերատորները․ կանաչ ներկվածները ներկա, կարմիր ներկվածները՝ նախկին

Տ-72 տանկի օպերատորները․ կանաչ ներկվածները ներկա, կարմիր ներկվածները՝ նախկին

Բացի այս ամենը, խորհրդային/ռուսաստանյան արտադրության Տ-72 տանկեր օգտագործում են բազմաթիվ երկրներ, որոնք ներկայում էլ տալիս են տանկեր ու դրանց պահեստամասեր գնելու, ունեցած տանկերն արդիականացնելու պատվերներ։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը մոտակա ապագայում կշարունակի արտադրել Տ-72 տանկեր, ինչպես նաև դրանց արդիականացումներ, քանի որ դրանք հսկայական գումարների հասնող եկամուտ կբերեն այդ երկրին։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

2 responses to “Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան

  1. Pingback: ՌԴ զինված ուժերը հարյուրավոր ԲՄՊ-3 մեքենաներ են պատվիրել | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում «Արմատա» տանկի փորձարկումները կավարտվեն 2016-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *