ՌԴ զինված ուժերին «Արմատա» տանկի տրամադրումը հետաձգվել է մինչև 2016 թվականը

Ռուսաստանյան նորագույն «Արմատա» պլատֆորմի հիմքի վրա պատրաստվող նույնանուն տանկի վրա կատարվող աշխատանքները նախատեսված է ավարտել 2015 թվականի վերջին: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, հայտնել է ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը:

«Արմատա» տանկի հնարավոր արտաքին տեսքը. մանրակերտը ցուցադրվել է Ռուսաստանում անցկացված RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ

«Արմատա» տանկի հնարավոր արտաքին տեսքը. մանրակերտը ցուցադրվել է Ռուսաստանում անցկացված RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ

Զորատեսակի հրամանատարը հայտնել է, որ «Արմատայի» հետ նախատեսված է նույն ժամկետում ավարտել նաև ռուսաստանյան զրահատեխնիկայի մյուս երկու նորագույն պլատֆորմների վրա կատարվող աշխատանքները, ու տանկի հետ 2015-ի վերջին պատրաստ կլինեն նաև «Արմատա» պլատֆորմով ծանր հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ), «Կուրգանեց» ու «Բումերանգ» զրահապատ պլատֆորմների հիմքով կառուցվող զրահատեխնիկայի մի քանի այլ օրինակներ:

Դրանց պատրաստ լինելուց հետո արտադրողները ՌԴ զինված ուժերին կտրամադրեն զրահատեխնիկայի ամեն տեսակից մեկական գումարտակի համապատասխան քանակով մեքենաներ, որպեսզի զորքերում դրանք վերջնական՝ զորային փորձարկումների ենթարկեն, հստակեցնեն դրանց իրական հնարավորություններն ու ըստ այդմ՝ որոշեն, թե որ տեսակից որքան է անհրաժեշտ ռուսաստանյան զինված ուժերին:

Միայն այդքանից հետո՝ 2016 թվականին, զրահատեխնիկայի նշված տարբերակները կմտնեն սերիական արտադրության ու զանգվածաբար կմատակարարվեն զորքերին, թեև մինչ այս հաճախ հայտարարվում էր, որ սերիական արտադրությունն ու մատակարարումը պիտի սկսվեին արդեն 2015-ին:

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը, ով նաև ՌԴ նախագահին կից ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարն է, բազմիցս հայտնել է, որ «Արմատաները» վերջնականապես պատրաստ են լինելու 2015 թվականին ու ներկայացվելու են այդ տարի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմաշքերթի ժամանակ:

«Արմատա» տանկի մասին տեղեկությունները գաղտնի են պահվում: Հասանելի բաց տեղեկատվության համաձայն՝ տանկը ունի 125 մմ թնդանոթ ու երկու գնդացիր՝ մեկը՝ թնդանոթին կցված, մյուսը՝ հեռակառավարվող ու զենիթային: Տանկի գլխավոր նորամուծություններից է «չբնակեցված» աշտարակը: Բանն այն է, որ տանկի երեք հոգանոց անձնակազմը տեղավորվելու է մեքենայի իրանի առջևի մասում առանձնացված զրահապատ խցիկում ու այնտեղից հեռակառավարելու է տանկի սպառազինությունն ու մյուս հանգույցների աշխատանքը:

Ներկայում, ինչպես հայտնի է, «Արմատաների» որոշակի քանակություն այնուամենայնիվ փորձարկվում է զորքերում: Փորձարկումների նպատակը տանկերի այն թերությունների հայտնաբերումն է, որոնք սովորաբար աննկատ են մնում գործարանային պայմաններում ու ի հայտ են գալիս հենց զորային փորձարկումների ժամանակ: Զորքերում երկարաժամկետ ու ավելի խիստ փորձարկումների արդյունքում տանկից «քամում են» բոլոր հնարավորությունները, ու այդտեղ են հայտնաբերվում մասնավորապես շարժիչների ու ընթացամասերի թերությունները, որոնք կարող են չդիմանալ ծանր փորձարկումներին:

Փորձարկումներից հետո զրահատեխնիկան նորից ուղարկում են արտադրող ընկերություններին, որոնք էլ շտկում են զորային փորձարկումների ժամանակ հայտնաբերված թերությունները:

Ավելացնենք, որ Ռուսաստանում զրահատեխնիկայի երեք նորագույն պլատֆորմների ստեղծման նպատակը երկրում արտադրվող նմանատիպ տեխնիկայի բոլոր տեսակների՝ մի քանի խմբերում «միավորումն է»: Սա նշանակում է, որ հետագայում զրահատեխնիկայի բոլոր տարատեսակներն արտադրվելու են այս երեք պլատֆորմների հիմքով, մասնավորապես` «Արմատա» պլատֆորմի հիմքով պատրաստվելու են ինչպես համանուն տանկ, այնպես էլ հետևակի մարտական մեքենա, զրահապատ նորոգման-տարհանման մեքենա, ծանր հրանետ ու այլ զրահատեխնիկա:

Նման քայլը թույլ կտա միավորել զրահապատ մեքենաների մի շարք մեքենաների համար դետալների ու սարքավորումների արտադրությունը, ինչը ոչ միայն կնվազեցնի դրանց արտադրության ծախսերը, այլև կհեշտացնի դրանց նորոգումը մասնավորապես դաշտային պայմաններում, որովհետև վնասված տեխնիկայից հնարավոր կլինի պետքական մասերը տեղափոխել նույն պլատֆորմով պատրաստված մեկ այլ մեքենայի վրա: Բացի այդ, նման միավորումը թույլ կտա հեշտացնել զինծառայողների վերապատրաստումը, քանի որ պլատֆորմին ծանոթ լինելը հնարավորություն կտա զինծառայողներին նույն պլատֆորմի վրա պատրատված մի մեքենայից տեղափոխվել մյուսը ու անմիջապես հարմարվել:

Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ նպատակները միայն թղթի վրա են, ու փաստ չէ, որ Ռուսաստանին կհաջողվի հասնել դրանց: Խնդիրն այն է, որ նման միտք կար նաև ԽՍՀՄ-ում 1970-ական թվականներին: Սակայն, ինչպես ռուսներն են ասում՝ «Хотели как лучше, получилось как всегда» (Ուզում էինք՝ լավ լիներ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ): Խորհրդային Միությունում այդ շրջանում միանգամից երեք, իրար հետ անհամատեղելի տանկեր ստեղծվեցին՝ իրենց հիմքով պատրաստված զրահապատ մեքենաների շարքով:

Նույն վտանգը կա նաև այժմ, քանի որ նորաստեղծ «Արմատաների», «Կուրգանեցների» ու «Բումերանգների» կողքին դեռ արտադրվում են Տ-72/90 շարքի տանկեր, ԲՄՊ շարքի հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ շարքի զրահափոխադրիչներ, ու դրանց հիմքով պատրաստվող մեքենաների տեսականին դեռ ընդլայնվում է: Ռուսաստանն էլ չի կարող հրաժարվել դրանց արտադրությունից, քանի որ դրանց կարիքն ունեն ոչ միայն ռուսաստանյան զինված ուժերը, այլև այլ երկրներ: Իսկ Ռուսաստանն իրեն թույլ չի տա նման շուկա կորցնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *