Սիրիայի կառավարական ուժերը Մանբիջում են. SANA

Դեկտեմբերի 28-ին Սիրիայի զինված ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ մտել են Մանբիջ քաղաք ու բարձրացրել իրենց դրոշը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական «Սանա» գործակալությունը։ 

Նշվում է, որ Սիրիա մտնելու պատճառը Մանբիջը Թուրքիայի հնարավոր հարձակումներից պաշտպանելն է։ 

Ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) պաշտոնական ներկայացուցիչ Ջիհան Ահմադը ասել է, որ «իրենք կողմ են Մանբիջում սիրիական բանակի ներկայությանը, որպեսզի պաշտպանեն Սիրիան։ Որովհետև, եթե Թուրքիան մտնում է ինչ–որ տարածք, ապա այնտեղ էլ մնում է»։ 

«Մենք ձգտում ենք արգելափակել թուրքական ուժերի դեպի Մանբիջ տանող հնարավոր ճանապարհները։ Հետո կլուծենք մեր ներքին հարցերը»,– նշել է Ահմադը։

Այն, որ կառավարական ուժերը փորձում են արգելափակել թուրքերի ճանապարհը դեպի Մանբիջ, կանխատեսել էինք մի քանի օր առաջ, գեոլոկացնելով համացանցում հայտնված նկարը, որտեղ երևում էր՝ կառավարական ուժերի զինտեխնիկան սիրիական Առիմա բնակավայրում էր, որը փաստացի ընկնում է Ալ Բաբի ու Մանբիջի միջև։ Իսկ Ալ Բաբից Մանբիջ էին շարժվում թուրքերը։

Արձագանքելով այս հայտարարություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է. «Սա Սիրիայի կողմից հոգեբանական գործողություն է։ Մեր միակ նպատակն է այդտեղ ահաբեկիչների դեմ պայքարը»։

Էրդողանը նաև հայտարարել է, որ վաղը Մոսկվա կմեկնի թուրքական պատվիրակություն, որի կազմում կլինեն արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հետախուզության պետ Հաքան Ֆիդանը և Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։ 

Էրդողանը չի բացառել նաև, որ հնարավոր հեռախոսազրույց ունենա Պուտինի հետ, ինչպես նաև առաջիկայում հանդիպում Սոչիում` Սիրիայի հարցը քննարկելու համար։

Հարկ է նշել, որ մի քանի աղբյուրներ հերքում են սիրիական կառավարական ուժերի մուտքը Մանբիջ, և նշում՝ «դրանք դեռևս Առիմայում են և առաջ չեն շարժվել։ Լուրերը պարզապես քարոզչություն են»։

Թվիթերում օգտատերերից մեկը հրապարակել է տեսaնյութ և նշել, որ Մանբիջում պարեկություն են անում նաև ամերիկյան ուղղաթիռները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր Եփրատի արևելքում ռազմական գործողություններ սկսելու մասին։ 

Այս հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայի ամբողջ տարածքից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման մասին։ ԱՄՆ զորքերի դուրս բերումը քրդերի շրջանում անհանգստությունների ալիք էր բարձրացրել։ Նշվում էր, որ ԱՄՆ–ն միայնակ թողեց քրդերին թուրքերի առաջ։

Հավելենք, որ այս տարվա հունիսից սկսած Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերը անկախ և պարեկային գործողություններ էին կատարում Մանբիջ քաղաքի շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *