Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Անկարայում անցկացրել է առաջին ընդլայնված նիստը։ Նիստի ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի օրից ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) խմբավորման դեմ։
«Հերթը հասել է Եփրատի շրջանում ահաբեկչական խմբավորումների վնասազերծմանը ․․․ Արդեն ասել ենք՝ չենք նստելու ու դիտենք մեր սահմանների մոտ իրականացվող խաղը [գործողությունները – խմբ․ Ռազմինֆո]։ Ահա այս ընկալմամբ էլ Եփրատի արևելքը ահաբեկիչներից պաշտպանելու համար մի քանի օրից կսկսենք մեր ռազմական գործողությունները»,– հայտարարել է Էրդողանը։
Ըստ թյուրքագետ Սոնա Սուքիասյանի՝ գործողության ժամկետը հատուկ է ընտրված 2019թ․ ՏԻՄ ընտրություններում հատկապես ազգայնական զանգվածների ձայները ստանալու համար․ « ․․․ Այդպես է եղել «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների ընթացքում։ Այս առումով պատահական չէ նրանց դաշինքը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP ” Milli Hareket partisi) հետ, որը ևս ամբողջությամբ աջակցում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ Սիրիայում քրդերի դեմ գործողությունների համար»,– նշեց թյուրքագետը։
Սոնա Սուքիասյանը հավելեց՝ միևնույն ժամանակ այստեղ կարևոր է ԱՄՆ–ի դերակատարությունը․ « ․․․ Քանի որ կային կարծիքներ, որ իրականում Թուրքիան և ԱՄՆ–ն չեն կարողացել ևս մեկ անգամ համաձայնության գալ քրդական հարցում, և Էրդողանը որոշել է դիմել ռազմական գործողությունների։ ․․․ Նաև չի բացառվում, որ սա ուղղակի էրդողանի հերթական հայտարարություններից մեկն է, որովհետև Էրդողանը և իր թիմը շատ հաճախ անում են նմանատիպ հայտարարություններ ․․․ »։
Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ–ն համաձայնության են եկել, օրինակ, սիրիական Մանբիջի հարցում, որտեղ երկու երկրների զինված ուժերը քաղաքի շուրջ 2018թ հունիսի 18-ից սկսել էին անկախ, իսկ հոկտեմբերից՝ համատեղ պարեկային գործողություններ։