Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ և Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության տարածքի և Մանբիջի միջև եղած սահմանին իրականացրել են համատեղ պարեկային գործողություններ։
Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber կայքը։
Նշվում է, որ գործողություններն իրականացվել են 2018թ․ հունիսի 4-ին ԱՄՆ–ի հետ Մանբիջի ճանապարհային քարտեզի և անվտանգության սկզբունքների համաձայնությունների շրջանակներում։
Նշենք, որ երկու երկրների զինված ուժերը Մանբիջի շուրջ անկախ պարեկային գործողություններ էին սկսել հունիսի 18-ից։ Մինչ այս իրականացվել է մոտ 67 պարեկային գործողություն։
Հիշեցնենք, որ Մանբիջը վերահսկում են ԱՄՆ աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), որոնց մեջ մեծամասնությունը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են (YPG):
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK–ի («Քրդստանի աշխատավորական կուսակցության») սիրիական ճյուղ և պահանջում է ԱՄՆ–ից դուրս բերել այդ ուժերին և այլևս չաջակցել, քանի որ «դրանք վտանգավոր են Թուրքիայի համար»։