Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Tübitak SAGE գիտա–հետազոտական կենտրոնում տեղական տեխնոլոգիաների զարգացման ենթակառուցվածքների բացման միջոցառմանը հայտարարել է, որ Թուրքիայում արդեն սկսել են տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման աշխատանքները։
Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ՀՕՊ համակարգը կոչվելու է «Սիփեր» ( «Siper»–«Վահան»), որի ստեղծման աշխատանքները սկսել են թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները և Tübitak SAGE գիտա–հետազոտական կենտրոնը։
Հեռահար ՀՕՊ–ի առաջին մատակարարումը, ըստ Էրդողանի, նախատեսվում է 2021թ․ վերջին։ Այլ մանրամասներ ՀՕՊ համակարգի մասին չի նշվում։
Նշենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին գնել է նաև ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը, որոնց մատակարարումը նախատեսվում է 2019թ․։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջերս հայտարարեց, որ Ս–400-ները Թուրքիայում կտեղակայվեն արդեն 2019թ․ հոկտեմբերին, չնայած նրան, որ ԱՄՆ—ն և ՆԱՏՕ–ն դեմ են դրան։
Ս-400 («Տրիումֆ») զենիթահրթիռային համակարգը նախատեսված է մինչև 400 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա ցանկացած տեսակի օդային թիրախներ ոչնչացնելու համար: Սակայն միայն Ս-400 ՀՕՊ համակարգը բավարար չէ Թուրքիայի օդային տարածքների պաշտպանության համար։
Բացի այդ Թուրքիան ունի նաև տեղական արտադրության փոքր և միջին հեռահարության «Հիսար» ՀՕՊ համակարգը։
ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»: «ՀԻՍԱՐ-Օ» հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը մինչև 25 կմ է:
Հավելենք, որ զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ «ՀԻՍԱՐ-Ա»-ի հրթիռների առավելագույն հեռահարությունը 10-15 կմ է։