Թուրք զինծառայողները մոտեցել են սիրիական Մանբիջին

Հունիսի 18-ին Վաշինգտոնի հետ ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիայի զինված ուժերը մոտեցել են սիրիական Մանբիջ քաղաքին: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքի կայքը:  

Ըստ կայքի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Սամսոն քաղաքում ընթացող ցույցի ժամանակ իր ելույթում հրամայել է Մանբիջում պարեկություն սկսել:

Քիչ ուշ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել է, որ «ավելի վաղ Մանբիջի ճանապարհային քարտեզի և անվտանգության սկզբունքների համաձայնությունների շրջանակներում 2018թ հունիսի 18-ին «Եփրատի վահան» գործողության տարածքի և Մանբիջի միջև եղած սահմանին Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից սկսվել են անկախ պարեկային գործողություններ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ ստորագրել են 90-օրյա պայմանավորվածություն սիրիական Մանբիջ քաղաքից քրդական PYD և YPG ստորաբաժանումների դուրս բերման մասին: Վերջինիս խոսքերով «եթե PYD-ն և YPG-ն դուրս չգան քաղաքից, ապա քաղաքում կսկսվեն ռազմական գործողություններ, ինչպես Աֆրինում էր»: Իսկ հունիսի 4-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել էին սիրիական Մանբիջի ճանապարհային քարտեզը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *