ԱՄՆ–ն պատրաստվում է Սիրիայից դուրս բերել զորքը

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել դուրս բերել Սիրիայում տեղակայված ԱՄՆ 2000 զինծառայողից բաղկացած զորքը, քանի որ «ԱՄՆ–ն արդեն հաղթել է ԻՊ–ին»։ 

Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերյան էջում, ինչից հետո տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Դանա Ուայթը։

ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԻՊ դեմ պայքարը սրանով չի ավարտվում, այլ անցնում է նոր փուլ։ Ուայթը նշել է նաև, որ գործողությունների մասին մանրամասն տեղեկություններ չեն կարող հաղորդել՝ զորքերի պաշտպանության և գործողությունների անվտանգության պահպանման նպատակով։

Թրամփի այս որոշմանը դեմ են արտահայտվել ԱՄՆ սենատի ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հանրապետականներ։ Օրինակ՝ հանրապետական Լինդսի Գրեհեմը այս քայլը որակել է, որպես սխալ, նշելով, որ դա «հաղթանակ կբերի ԻՊ–ին, Իրանին, Բաշար ալ Ասադին ու Ռուսաստանին»։

Ուշագրավ է, որ ԱՄՆ–ն իր զորքը Սիրիայից հեռացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «շուտով Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի Եփրատ գետի արևելքում» հայտարարությունից հետո։ Այս հայտարարությունից հետո կարծիքներ կային, որ Թուրքիան և ԱՄՆ–ն համաձայնության չեն եկել քրդական հարցում, և Էրդողանը որոշել է դիմել ռազմական գործողությունների։ 

Այստեղ հետաքրքիր է նաև ԱՄՆ– Թուրքիա պայմանավորվածությունը սիրիական Մանբիջ քաղաքի շուրջ։ Այդ տարածքում երկու երկրների զինված ուժերը իրականացնում էին առանձին ու համատեղ պարեկային գործողություններ։ 

Reuters լրատվական գործակալության աղբյուրը հայտնել է, որ նախ 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի Պետդեպարտամենտի անձնակազմը, ապա 60-100 օրերի ընթացքում զորքը: Աղբյուրը փոխանցել է, որ այս որոշումը կայացվել է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից հետո:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ զորքերի դուրսբերման մասին լուրը շոկային է եղել ԱՄՆ դաշնակից քրդական ուժերի հրամանատարության շրջանում, ովքեր փաստացի անօգնական վիճակում կհայտնվեն թուրքական վտանգի առաջ:

Բացի այդ կան տեղեկություններ, որ Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբիզ լրացուցիչ զորքեր են ուղարկում երկրի Դեր Զորի ուղղությամբ, որի արևելյան մասը հենց քրդերի վերահսկողության տակ է: Ըստ սիրիական հակամարտության ուսումնասիրմամբ զբաղվող ռուսաստանյան Conflict Intelligence Team-ի՝ բաց աղբյուրներից ֆիքսվել է որ սիրիական բանակի 5-րդ կորպուսի զինծառայողները Իդլիբից տեղափոխվում են Դեր Զոր: 

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ԻՊ դեմ իր գործողությունները Սիրիայում սկսել է 2014թ.։ 2015թ. ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի հրամանով Սիրիա են ուղարկվել առաջին 50 զինծառայողները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *