Սիրիայի կառավարական ուժերը կտրում են թուրքերի ճանապարհը դեպի Մանբիջ (գեոլոկացիա)

Դեկտեմբերի 25-ին Սիրիայի կառավարական ուժերը, քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ համաձայնությամբ, մտել են Մանբիջի արևմտյան շրջանում գտնվող Առիմա թաղամասը, որը Ալ Բաբից Մանբիջ տանող ճանապարհի վրա է։

Այս մասին տեղեկանում ենք թվիթերյան մի քանի գրառումից և թուրքական պետական «Անադոլու» գործակալությունից։ 

Ըստ թուրքական աղբյուրի՝ դեպի Մանբիջ են շարժվում կառավարական ուժերի 40 Պիկապ մեքենա, 2 տանկ, բեռնատարներ և զրահափոխադրիչներ։ Նշվում է, որ կառավարական ուժերի և YPG–ի միջև համաձայնություն է եղել Առիմա շրջանից մտնելու համար։ 

Թվիթերյան թուրք օգտատեր Լևենթ Քեմալը հրապարակել է լուսանկար կառավարական ուժերի բեռնատարներից և մակագրել. «Ասադական ուժերը Առիմա մտնելիս».

Մենք ստուգել ենք նկարի հավաստիությունը, ըստ որի՝ նկարը իրոք արվել է Ամիռա բնակավայում: Դատելով երութուղուց՝ շարասյունը շարժվել է հարավից:

Սիրիայի կառավարական ուժերի շարասյունը Առիմա բնակավայրում

Ինչպես երևում է քարտեզից, այս թաղամասը Ալ Բաբից դեպի Մանբիջ տանող ճանապարհի մեջտեղում է, ինչից կարող ենք ենթադրել, որ ասադական (Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի անունից) ուժերը փորձում են կտրել թուրքական ուժերի ճանապարհը, քանի որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, թուրքական ուժերը Ալ Բաբից շարժվում էին դեպի Մանբիջ։ 

Այժմ թե՛ թուրքական, թե՛ Սիրիայի կառավարական ուժերը շարժվում են դեպի Մանբիջ։ Թվիթերյան օգտատերերը նշում են, որ կառավարական ուժերը հավանաբար Մանբիջ կմտնեն վաղը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր Եփրատի արևելքում ռազմական գործողություններ սկսելու մասին։ 

Այս հայտարարությունից հետո՝ դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայի ամբողջ տարածքից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման մասին։ 

Թրամփի որոշմանն ուղղված արձագանքներում մեծ տեղ ուներ նաև սիրիական Մանբիջի խնդիրը. թուրքական և ամերիկյան զինված ուժերը Մանբիջի «Ճանապարհային քարտեզի և անվտանգության սկզբունքների համաձայնությունների» շրջանակներում իրականացնում էին անկախ և համատեղ պարեկային գործողություններ։

Հայկ Խաչիկյան, Միլենա Այվազյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *