Պահեստազոր սպաները երկու հարց են քննարկելու վարչապետի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության շենքի դիմաց հավաքված զորացրված սպաներից մի խումբ բարձրացավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հանդիպելու և բնակարանային խնդրին վերաբերող 2 հիմնական հարց քննարկելու։ 

Երեկ Հայաստանի կառավարությունը որոշել է 1141 զորացրված սպաներից  յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Պահեստազորի սպաները դժգոհ են այս որոշումից, որովհետև օրենքով պետությունը պարտավոր է բնակարան գնելու համար տրամադրել գումարի ոչ թե մի , այլ բավարար մասը։

Վարչապետի մոտ նախկին զինվորականները բարձրացան երկու հարցով․

1․ Ի՞նչ բնակարան կարելի է գնել միջինը 10 հազար դոլարով, ինչ չափանիշներով են իրենց բաշխելու այդ գումարը։ Ինչու իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել։

2․ Երկրորդ հարցը վերաբերում է ընտանիքի անդամների թվով բնակարանի հաշվարկմանը։ Եթե հերթագրվելու պահին սպայի զավակը անչափահաս է, բնակարանը հաշվարկվում է ընտանիքի անդամների թվով։ Իսկ երբ բնակարանը ստանալու պահին արդեն լրացել է զավակի 18 տարին, նա այլևս սպայի ընտանիքի անդամ չի համարվում, վերահաշվարկ է արվում։ 

Սպաները փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ երեխաները տարիներով ապրում են հանրակացարաններում, վարձով բնակարաններում՝ «նեղվածքի մեջ», իսկ երբ սպաները փոխում են իրենց ծառայության վայրը, երեխաները ստիպված են լինում մի քանի դպրոց փոխել։ Տրամաբանական չէ, որ նրանք 10 տարի սպասում են բնակարանի, իսկ բնակարան ստանալու պահին չեն համարվում ընտանիքի անդամ։ Առաջարկելու են գոնե մի կետով ամրագրել՝ եթե այդ նույն զավակը արդեն չափահաս է, սակայն փաստացի բնակվում է իրենց հետ, ապա նա նույնպես  ընտանիքի անդամ է։

Զորացրված սպաները բարձրացան ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման
Կառավարության շենքի դիմաց հավաքված զորացրված սպաների մի մասը
Կառավարության շենքի դիմաց հավաքված զորացրված սպաների մի մասը


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *